«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». «Իմ քայլ»-ի նիստը թեժ է եղել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած «Իմ քայլը» ֆրակցիայի 3 ժամանոց նիստում քննարկվել է անցումային արդարադատության ուրբաթ օրվա լսումներին իրենց պահվածքը, ասելիքը, հերթագրել են ելույթ ունեցողներին` Վլադիմիր Վարդանյան, Քրիստինե Պողոսյան, Արփի Դավոյան, Համազասպ Դանիելյան:

Հաձնարարվել է, որ ելույթ ունեցողներն ընդգծեն, որ հատ-հատ պատասխանատվության են կանչվելու բոլոր դատավորները, ու նրանց հարցով պետք է զբաղվի նաեւ ԱԺ-ն: Թեժ է եղել Քոչարյանի կալանքի հարցի քննարկումը, ընդհուպ նրան ոչնչացնելու կոչերով։ Լեյտմոտիվը եղել է` Քոչարյանը չարիք է, եւ պետք է այդ չարիքից ազատվել: Ելույթները եղել են հիմնականում զգայական եւ ոչ իրավական։ Էդգար Առաքելյանն ասել է, որ Քոչարյանին ընդհանրապես չպետք է նկատել եւ բոյկոտով «ոչնչացնել», Արման Եղոյանը «գտել» է` «պետք է տրորել-անցնել», Միքայել Զոլյանը` «որ այդքան ասում են կվերադառնա, ո՞ւր պտի վերադառնա, կասե՞ք»։ Բոլորը եղել են նյարդային վիճակում եւ արձանագրել են, որ «իրավիճակը լարված է»։

Պակաս թեժ չի եղել ՍԴ-ի ու ԲԴԽ-ի հետ կապված խոսակցությունը․ Հերիքնազ Տիգրանյանը, Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը պնդել են, որ «մենք էս խնդիրը չէինք ունենա, եթե արդարադատության նախարարը մեր ներկայացրած փաթեթն ընդուներ»: Տիգրանյանն ասել է․ «Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին», եւ կարդացել է Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք են տալիս, որ ԱԺ-ն ցրի այդ մարմինները: Զեյնալյանի թեման սրանով չի ավարտվել, հարց է հնչել, թե ինչով է զբաղված նախարարը, ինչու օրենքներ չի բերում ԱԺ՝ «ինչո՞ւ մենք պետք է էդ օրենքները գրենք, մենք քաղաքական գործիչներ ենք»:

Անգամ խոսել են նախարարի փոփոխության, գործադիր իշխանության «անգործության» մասին: Միայն ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանն է առարկել. «Ես կարող եմ 10 անգամ ավել թերություններ ասեմ, թե ինչ չի արել կառավարությունը, բայց հիմա դրա ժամանակը չէ»: Վարազդատ Կարապետյանը նկատել է. «Գործադիրի անգործությունից եք խոսում, բայց մենք նույնպես չենք արդարացնում հասարակության հույսերը եւ շատ դանդաղ ենք աշխատում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս