Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար որպես թեկնածու առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Նա էլ արդեն հասցրել է հանդիպել ԱԺ երեք խմբակցություններից երկուսին՝ «Իմ քայլ»-ին եւ «Լուսավոր Հայաստան»-ին։
Նախ` նշենք, որ Արթուր Վաղարշյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Եվ հետաքրքիր է, որ վերջերս ԱԺ-ում դատավորի մեկ այլ թեկնածու Հայկ Հովհաննիսյանին մերժելուց հետո ակտիվ խոսակցություններ եւ քննարկումներ էին ընթանում, թե անկասկած Արմեն Սարգսյանն առաջադրելու է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, քանի որ նա է իշխող «Իմ քայլը» խմբակցության համար նախընտրելի թեկնածու:
Սակայն նման բան չեղավ. առաջադրվել են 9 թեկնածուներ, որոնցից երեքը ցանկացել էին գաղտնի մնալ, իսկ մյուսներն էին Վահե Գրիգորյանը (առաջադրվել էր արդեն 3-րդ անգամ), Մարտին Մանուկյանը, Գեւորգ Մուրադյանը, Կարեն Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ հենց ինքը՝ Արթուր Վաղարշյանը։
Ինչպես արդեն նշեցինք, ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանն արդեն հասցրել է հանդիպել երեք խմբակցություններից երկուսին։ Սակայն երկու խմբակցությունների ներկայացուցիչներն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեցին, թե վերջնական որոշում չունեն հանդիպումից հետո եւ սպասում են նաեւ լիագումար նիստում հարցի քննարկմանը։
Օրինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, որ եւս ներկա է եղել թեկնածուի հետ հանդիպմանը, նշեց, որ հանդիպումից դրական տպավորություն է ստացել, բայց դեռ թե՛ ինքը, թե՛ ամբողջ խմբակցությունը որեւէ որոշում չունի այդ առումով։
Ուշագրավ էր, սակայն, ՍԴ դատավորի թեկնածուի հանդիպումն իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ: Երեկ 88 անդամ ունեցող խմբակցությունից հաշված մարդիկէին ներկա թեկնածուի հետ հանդիպմանը:Անգամ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը ներկա չէին հանդիպմանը, իսկ այն էլ վարել է պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Նիկոլայ Բաղդասարյանը, Արփի Դավոյանը, Կորյուն Սիմոնյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը եւ այլք, ընդհանուր՝ մոտ 13 հոգի։ Սա, թերեւս, պատահական չէ, եթե հաշվի առնենք փաստը, որ իշխանությունները, հանձին «Իմ քայլը» խմբակցության, ցանկանում են ՍԴ դատավոր տեսնել Վահե Գրիգորյանին, բայց նախագահ Սարգսյանը դեռ նրան չի առաջադրում:
Տեղեկացանք, որ հանդիպման ընթացքում թեկնածուն հիմնականում խոսել է իր կենսագրության եւ աշխատանքային փորձի մասին։ Բանն այն է, որ նա հիմնականում զբաղվել է դասախոսական գործունեությամբ եւ հանրային հարցերում այդքան ակտիվ չի եղել, կարծիքներ չի արտահայտել։ Եվ երեկվա հանդիպման ընթացքում հենց այդպիսի հարցեր են շատ հնչել. անդրադարձել է այդ պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականին, ապա պատասխանել նաեւ պատգամավորների բազմաթիվ հարցերին։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Մարիա Կարապետյանը եւս նշեց, թե հանդիպման հիմնական նպատակը եղել է հենց թեկնածուի անցած ուղուն եւ կենսագրությանը ծանոթանալը, քանի որ վերջինս հանրային անձ չի եղել։ Վերջինս նաեւ նշեց, թե, ամեն դեպքում, հանդիպումն իր համար բավարար չի եղել վերջնական որոշման համար, եւ նոր հարցեր է պատրաստվում տալ եւ դրանից հետո միայն որոշում կայացնել։ «Անձամբ ես անհրաժեշտություն ունեմ թեկնածուի հետ մի փոքր ավելի լավ ծանոթանալու։
Հանդիպումից հետո առաջացան նոր հարցեր. պետք է մտածեմ, ձեւակերպեմ դրանք եւ ուղղեմ արդեն լիագումար նիստում։ Դա առաջին շփումն էր, եւ քանի որ նա անծանոթ էր մեզ, կարիք կար իր հայացքներին ծանոթանալու, եւ առաջին շփումը դրական էր», – նշեց նա։
Մեր դիտարկմանը՝ ինչու 88 հոգանոց խմբակցությունից հաշված թվով պատգամավորներ էին միայն ներկա հանդիպմանը, Մարիա Կարապետյանը պայմանավորեց զուգահեռ այլ նիստեր լինելու եւ լարված աշխատանքի հանգամանքով։ սակայն նկատենք, որ, ամեն դեպքում, զուգահեռ ընթացող նիստերն այլ ժամերի են նաեւ եղել։ Իսկ Մարիայի խոսքով` հանդիպմանը եկել են այն պատգամավորները, որոնք ձեւակերպված հարց են ունեցել թեկնածուին։
Եվ չնայած, իմքայլական պատգամավորի խոսքով, խմբակցությունում դեռեւս վերջնական որոշում չկա, սակայն չի բացառվում, որ այս անգամ էլ խմբակցությունը կրկին բացասական որոշում կայացնի եւ մերժի` ըստ էության հերթական անգամ հասկացնելով, որ իր թեկածուն Վահե Գրիգորյանն է, ու նույնկերպ իրենք կմերժեն ցանկացած թեկնածուի, մինչեւ նախագահն ԱԺ չներկայացնի Գրիգորյանին:
Հավելենք, որ ՍԴ դատավորի ընտրությունն արդեն չորրորդ անգամ է անցկացվում, քանի որ տարբեր պատճառներով չէին ընտրվում առաջադրված թեկնածուները։ Ապրիլի 16-ին էլ տեղի ունեցած ընտրության ժամանակ խորհրդարանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրեց նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին։
Նաիրա Հովհաննիսյան