ԴԱՏԱՎՈՐԸ ՍԵՂԱՆ ՉՈՒՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ դատական համակարգում ամոթալի իրավիճակ է ստեղծվել. անգամ գրենական պիտույք չկա, որ դատավորները աշխատեն: Թեեւ դատական դեպարտամենտից հերքել էին այս լուրերը, բայց դատավորների աշխատանքային վատ պայմանների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր փաստեր են հայտնի դարձել:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավորներից Աննա Արզումանյանին վերջերս Չարենցավանի նստավայրից տեղափոխել են Աբովյան քաղաքի նստավայր: Աբովյանում, սակայն, Արզումանյանը հայտնվել է խնդրի առաջ. այստեղ պարզապես չկան իր աշխատասենյակի համար անհրաժեշտ իրեր՝ համակարգիչ, տպիչ, սեղան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ դատավոր Արզումանյանից, սակայն վերջինս չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե վստահ չէ, որ խոսում է լրագրողի հետ: Մինչ այդ նկատենք, որ իշխանությունները խոսում են անկախ դատական համակարգի կայացման մասին: Վերջերս ՀՀ էին այցելել Հայաստանի մոնիթորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան եւ Անդրեյ Շիրցելը: Եւ իրենց տարածած հայտարարության մեջ նրանք նշել են. «Մենք ողջունում ենք պատրաստվող խոշոր բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը եւ հատուկ կոռուպցիայի եւ խտրականության դեմ պայքարի համար նախատեսված ինստիտուտների ստեղծմանը, եւ նույնքան ողջունում ենք այդ ուղղությամբ քաղաքականությունը զարգացնելու հայտարարված մտադրությունը»: Բայց, փաստորեն, դատավորներից շատերը չունեն անգամ աշխատանքային տարրական պայմաններ:

 

 

 

Երեկ ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն՝ ներկա գտնվելու նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված արարողությանը: Այնտեղ էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ հրաժարականից հետո հեռացել էր ՀՀ-ից: Սերժ Սարգսյանը երեկ կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս դեռեւս երկար ժամանակ որոշել է լռել, քանի որ սպասում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ հանրային դժգոհությունն ավելանա, որպեսզի իր խոսքն ավելի ազդեցիկ լինի, եւ հետեւողներ ավելի շատ լինեն: Սակայն այս ընթացքում ՀՀԿ-ն չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել. ըստ մեր տեղեկությունների` նրանք փորձելու են մարզային կառույցները վերակենդանացնել, թեեւ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին՝ դա անչափ դժվար է, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությունից զանգվածային արտահոսք է սկսվել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործից: ՀՔԾ-ն օրերս հարցաքննության է հրավիրել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանին։ Նրան հարցաքննելու անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ իրավապահները քննության ընթացքում բացահայտել են, որ այդ գործով փաստաթղթերից մեկի վրա Արթուր Ստեփանյանի ստորագրությունն է: Ստեփանյանն էլ հարցաքննությունից հետո մերձավոր շրջապատում դժգոհել է. «Ինձ ասել են` այստեղ ստորագրի՛, ես էլ առանց նայելու ստորագրել եմ, ի՞նչ կապ ունեմ ես այդ քրեական գործի հետ։ Ընկել եմ ՀՔԾ-ի դռները, իսկ Պողոսյանը գտնվում է Մոսկվայում»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ստեփանյանը հաստատեց, որ իրեն ՀՔԾ-ում հարցաքննել են, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնելուց` ասելով, որ նախաքննական գաղտնիք է, ինչը հրապարկելու իրավունք ինքը չունի:

 

 

 

ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական բացահայտումներն է արել, այս անգամ՝ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում: Վանաձորի, Սեւանի եւ Արտաշատի ԲԿ-ների արդիականացման համար 2017-2018թթ. ընթացքում մատակարարվել են 262 անվանում 2 մլրդ 418 հազար դրամի բժշկական սարքավորումներ, կահույք եւ պարագաներ: Սակայն ՀՊ-ն ուսումնասիրության ընթացքում պարզել է՝ այդ ապրանքների ձեռքբերման եւ մատակարարման գների տարբերությունը կազմել է 847 մլն 169 հազար դրամ: Այսինքն՝ այդ պարագաները բժշկական կենտրոններին մատակարարվել են ավելի քան 847 մլն դրամ բարձր գնով: Օրինակ` հեմոդիալեզի սարքը եւ պարագաները` 15 հատ, «Ֆրեզեն» ընկերության կողմից Հայաստան են ներմուծվել 62 մլն 322 հազար դրամով, բայց դրանք Վանաձորի ԲԿ-ին են մատակարարվել 171 մլն դրամով:

 

 

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Այսպիսով, մարտի 29-ին տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այդ հանդիպումը նախատեսված է անցկացնել Վիեննայում, որտեղ երկու երկրների ղեկավարները մինչ այդ առանձին հանդիպումներ կունենան Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Դեռ պաշտոնապես չի հայտարարվել՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը լինելու է որպես երկկողմ բանակցություն, թե ոչ: Բայց, անկախ հանդիպման անվանումից, կարեւորն ինքնին գործընթացն է եւ երկու երկրների ղեկավարների հանդիպումները: Համենայն դեպս, ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները` օրինակ, հրադադարի ռեժիմի պահպանման մասին, շատ ավելի լավ են պահպանվում. արդեն տեւական ժամանակ ու այսօր սահմանին վիճակն անհամեմատ հանգիստ է: Այնպես որ, մեծ հաշվով կարեւոր չէ, թե ինչ անվանում, ինչ բնույթ են կրում հանդիպումները, կարեւորը այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց հետամուտ լինելն է:
Ինչ վերաբերում է դիվանագիտական ճակատին, ապա այդ առումով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում վաղուց արդեն բավական լուրջ ակտիվություն է նկատվում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լրջորեն շարունակում են իրենց գործառույթների իրականացումը` անկախ նրանից՝ կողմերը որքանով են պատրաստ այսօր հակամարտության լուծմանը: Հետեւողականորեն փորձ է արվում մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Դրա վկայությունն է նաեւ Վիեննայում կայանալիք հանդիպումը:
Իսկ մինչ այդ այս ողջ իրադարձությունների համատեքստում պատահական չէ Հայաստանում անցկացվող ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը, որին, ի դեպ, մասնակցում են նաեւ Արցախի ՊԲ ղեկավարությունից եւս: Երեկ այնտեղ ԼՂ հակամարտության կարգավորման մասին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` շեշտելով, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Ավելի ուշ Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը ասվում է, որ պատասխանելով հավաքի մասնակիցների հարցերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին, տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին եւ զարգացումներին, հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Բայց պարզ է, որ գերակշռող թեման հենց հակամարտության կարգավորման խնդիրն է եղել:




Լրահոս