Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում այս անգամ ոչ միայն այսօր մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգը հաստատվեց, այլ նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի կազմերը: Ըստ այդմ, Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը կղեկավարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի եւ Բելոռուսի խորհրդարանների միջեւ` ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, Կիպրոսի ԱԺ-ի հետ հանձնաժողովի ղեկավարումը վստահվել է «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, սպորտի, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ կդառնա «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Կազմերը հաստատելու հետ կապված առանձնապես ինտրիգներ չեն եղել, քանի որ քաղաքական որոշում, որպես այդպիսին, վաղուց կայացված էր, եւ երեկվա նիստում ընդամենը հաստատել են դրանք: Մինչ այդ խմբակցություններին տրված են եղել քվոտաներ` խմբակցություններին համապատասխան, եւ վերջիններս, քննարկումներ ունենալով, ներկայացրել են իրենց նախընտրությունները, եւ առարկություններ չեն եղել: Եվ կազմերն ուսումնասիրելով էլ նկատեցինք, որ փորձ է արվել կազմերում համամասնորեն բաշխել ընդդիմության ներկայացուցիչներին:
Կազմերը հաստատելուց զատ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է այսօր մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգը: Եւ այստեղ է պատգամավորներին անակնկալ սպասվել: Բանն այն է, որ այսօր մեկնարկող քառօրյայի օրակարգում այդպես էլ չընդգրկվեց երկար սպասված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, սակայն, կառավարության նիստում արդեն իսկ հաստատվել է: Սակայն, ըստ էության, խորհրդարան դեռեւս չի հասել եւ հետեւաբար չի էլ անցել հանձնաժողովներով, որպեսզի ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում: Հետաքրքիր է, որ խորհրդարան դեռեւս չի բերվել նաեւ կառավարության հինգշաբթի օրվա նիստում հավանության արժանացած մեկ այլ նախագիծ` «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հայտարարելու մասին` ի նշան նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների:
Այս ապրիլի համար այդ օրն ապրիլի 27-ն է, եւ այդ ամիս քառօրյա նիստերը պետք է տեղի ունենան ապրիլի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում: Այսինքն` բացի այսօր մեկնարկող քառօրյայից, մեկ էլ հենց այդ օրերին կարող է քննարկել նախագիծը, որպեսզի ապրիլի 27-ը կարողանան հայտարարել Քաղաքացու օր, կամ էլ կառավարությունը ստիպված կլինի արտահերթ նիստ գումարել, որպեսզի խորհրդարանը կարողանա քննարկել այդ հարցը: Ըստ օրենքի նախագծի` այն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Իհարկե, չի բացառվում, որ նախագիծն ընդունվի ավելի ուշ, եւ Քաղաքացու օրը նշվի արդեն հաջորդ տարվանից: Ամեն դեպքում, այս հարցում դեռ հստակություն չկա: Բայց նկատենք, որ, անկախ օրինագծից, ակնհայտ է` հասարակության մի ստվար հատված ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, այնուամենայնիվ, պատրաստվում է նշել:
Իսկ, ահա, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվել է շատ ավելի վաղ՝ մարտի 7-ի կառավարության նիստի օրը: Հետաքրքիր է, որ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի, բայց, փաստորեն, ինքն է հետաձգում ԱԺ ներկայացնելը: Ուսումնասիրելով ԱԺ կայքում տեղադրված նախագծերի բաժինը` տեղեկացանք, որ այն 105 նախագծերի հետ մեկտեղ ընդգրկված է օրակարգում չընդգրկված նախագծեր բաժնում եւ թվագրված է 99 համարով, այսինքն` միայն վերջերս է այն մուտք արվել, սակայն որեւէ քննարկման չի ենթարկվել որեւէ հանձնաժողովում: Սակայն հետաքրքիր է, որ երբ նախագծերն անհետաձգելի էին համարվում, խորհրդարանի կողմից հաճախ դրանք քննարկվում էին նույնիսկ 24-ժամյա ռեժիմով` անգամ արտահերթ նիստ գումարելով կամ ընգրկելով ամենամոտ լիագումար նիստի օրակարգ: Սակայն այս դեպքում այդպես չեղավ, եւ տրամաբանական բացատրություն, ըստ էության, երկու կողմերն էլ չունեն: Սակայն «ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ այս օրենքի հետ կապված վերապահումներ ունեն անգամ իշխող խմբակցության եւ նույնիսկ կառավարության ներկայացուցիչները, եւ երկար ժամանակ այս օրենքը չէր պատրաստվում, իսկ հիմա էլ չի քննարկվում:
Նախագծերն ԱԺ չներկայացնելու վերաբերյալ մեկնաբանությունների համար փորձեցինք դիմել վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԻ ԳՆԱ
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Փարիզ պետք է գործուղվեր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ Նաիրա Զոհրաբյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ն.Զոհրաբյանը հրաժարվել է մեկնել Փարիզ. խնդիրը տեխնիկական է եղել: Բանն այն է, որ թռիչքը գիշերային էր, եւ պատգամավորը որոշել է այսուհետ հրաժարվել բոլոր գիշերային թռիչքներից, քանի որ դա վատ է անդրադառնում իր առողջական վիճակի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նաիրա Զոհրաբյանի փոխարեն Փարիզ կմեկնի փոխարինող անդամ «Իմ քայլը» խմբակցությունից Տաթեւիկ Հայրապետյանը: Սակայն մենք տեղեկացանք նաեւ, որ սա միակ դեպքը չի լինելու, եւ այսուհետ Զոհրաբյանը հրաժարվելու է բոլոր գիշերային թռիչքներից: Մեկնաբանությունների համար դիմեցինք Զոհրաբյանին, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ՀԵՌԱՑԱԾՆԵՐԸ
Երեկ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրվա կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հետաքրքիր է, որ երեկ պանթեոն էին այցելել նաեւ ոչ կուսակցականներ եւ նույնիսկ այնպիսի գործիչներ, որոնք թավշյա հեղափոխությունից հետո հեռացել էին ՀՀԿ-ից: Նրանց թվում էին նախկին պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Աշոտ Արսենյանը: Նրանք կուսակցությունից հեռացել էին հենց հեղափոխությունից հետո` սատարելով Փաշինյանի իշխանությանը: Վերջիններս հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին` ինչու են կրկին ՀՀԿ-ականների հետ միացել: Ոչ կուսակցականներից ներկա էր նաեւ նախկին պատգամավոր Հարություն Կարապողոսյանը:
«ՀԷՑ»-Ը ԶԱՅՐԱՑՐԵԼ Է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր գործելաոճը խիստ զայրացրել է քաղաքացիների մեծ մասին: Պարզվում է` ընկերությունը սպառած էլեկտրաէներգիայի վճարման օրը բաժանորդների մի մասի համար փոխել է: Եթե նախկինում նրանք սպառած էլէներգիայի վարձը վճարում էին յուրաքանչյուր ամսվա մինչեւ 24-25-ը, հիմա ստիպված են մուծել 20-ին կամ 21-ին, հակառակ դեպքում կզրկվեն հոսանքից: Օրեր առաջ Երեւանի Սարի թաղի բնակիչներն են հայտնվել նման անելանելի դրության մեջ. բնակիչների մեծ մասի էլեկտրաէներգիան անակնկալ անջատվել է: Նրանց նախապես որեւէ ձեւով չեն զգուշացրել, որ հոսանքը անջատվելու է: Այդ անջատումից հետո բնակիչները պարզել են, որ սպառած էլէներգիայի վարձը պետք է վճարեն յուրաքանչյուր ամսվա 20-ին, որի մասին իրենց չեն տեղեկացրել:
ԾՈՒՌ ՍԱԴՐԱՆՔ
«Ազատ հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Սասնա ծռեր» համահայկական շարժում ինքնահռչակված խմբավորմանը, որն այսօր կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, «համագործակցելով կրիմինալի հետ», խոչընդոտել է Մարտունի քաղաքում այդ խմբավորման անդամների հանդիպումը բնակչության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ հայրենիք» կուսակցությունը։ «Այդ կառույցի կողմից առանց որեւէ փաստի ու ապացույցի մամուլի միջոցով նման լուրջ մեղադրանքներ հնչեցնելը մեր կուսակցությունը որակում է որպես սադրանք, որն ուղղված է հայրենիքի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում հանրային կարծիքի ապակողմնորոշման եւ ինքնահաստատման անհաջող փորձ կատարելուն»,- ասված է հայտարարության մեջ։
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը զինված ուժերի բարձրաստիճան սպաներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները եւ այն կարեւորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում: Նախարարը եւս մեկ անգամ փաստել է, որ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի:
ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ։ Նախագահը նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ եւ ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Լիլիթ Մակունցը ներկայացրել է խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները: Հանրապետության նախագահը եւ պատգամավորներն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատանքներին, միջազգային հարթակներում նրա գործունեությանը, միջխորհրդարանական կապերին, ինչպես նաեւ գիտությանն ու կրթությանը վերաբերող հարցերին: Կարեւորվել է օրենսդիր մարմնի եւ իշխանության մյուս թեւերի ներդաշնակ փոխգործակցությունը:
ԱՌԱՆՁԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ: Երեւանը եւ Բաքուն, սակայն, առայժմ չեն հստակեցնում` արդյոք հենց Վիեննայում են կայանալու երկկողմ բանակցությունները, թե ոչ:
«ՆԻՍՅԱՅՈՎ» ՊԱՀԱՆՋԱՏԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2018 թ. Կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ գյուղական վայրերում ՀԴՄ կտրոն չտրամադրելու խնդրին: Ըստ նրա՝քանի որ գյուղական վայրերում բոլորն իրար ճանաչում են, ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: «Այստեղ մշակույթի ձեւավորման խնդիր է, իհարկե, կարելի է կատակներ անել սրա առումով, որ թող խռովեն իրարից, բայց պահանջեն, բայց տեսեք, այստեղ ուղղակի պետք է մշակույթ ձեւավորվի»,-ասաց նա: Ըստ Անանյանի՝ այստեղ նաեւ «նիսյայի» գաղափարը կա: «Գալիս են «նիսյայով» պարտք են առնում, հետո էլ ասում են՝ ՀԴՄ կտրոնս էլ տուր, այսինքն՝ ինքը պահանջատեր է դարձել, բայց գումար չունի վճարելու համար»,-ասաց նա: ՊԵԿ նախագահը նշեց, որ այստեղ, հնարավոր է, ՀԴՄ-ի կտրոնների շահագործման առումով մի նորամուծություն անեն: «Որ ՀԴՄ-ն տրամադրվի նաեւ «նիսյա» առեւտրի ժամանակ, ստացական տրամադրվի, եւ ստացականը, երբ հետ բերի վճարելու, այդ ժամանակ նոր ՀԴՄ կտրոն տա: Դա գաղափար է, որը մեր մոտ քննարկել ենք, բայց թե ինչքանով կլինի, չգիտեմ»,-ասաց նա: