ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԴԺԳՈՀ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում առաջնային խնդիրների շարքում է տրանսպորտի բացակայությունը: Միջհամայնքային, միջմարզային ու ներմարզային մի շարք երթուղիներ տարիներ շարունակ թափուր են: Օրինակ` Արփի խոշորացված համայնքում միջհամայնքային երթուղին երբեք չի սպասարկվել: Բնակիչները Գյումրի հասնելու համար հաճախ են խնդիրների առաջ կանգնում: «Արդեն 20 տարի Արփի համայնք որեւէ ավտոբուս չի մտել: Մենք ստիպված ենք կիլոմետրեր քայլել, մինչեւ դուրս գանք գլխավոր ճանապարհահատված, որ մի բան կանգնեցնենք, հասնենք քաղաք: Ի՞նչ է մտածում մեր կառավարությունը: Ընտրություններից ընտրություն կհիշվին էս գյուղերը, օր գան, ձայներ փախցնեն: Մե պատգամավորմ ու ղեկավարմ չեղավ, որ գային, էս հարցին լուծում տային, ըդոր համար էլ գյուղերը լռիվ կդատարկվին»,-ասաց Արփի համայնքի բնակիչը:

Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի վստահեցմամբ` Արփի համայնքում երթուղիների չգործելու պատճառը ոչ շահութաբերությունն է: «Ներկայումս մեր մարզում միայն Արփի համայնքն է, որ ընդհանրապես չունի տրասնպորտ: Շատ ենք փորձել ապահովել ժամանակավոր տրանսպորտով, ուղեւորավարձը կազմում էր 800-1000 դրամ, 60 կմ ամենավերջին կետի հեռավորությունն էր: Չապահովվեց անգամ վառելիքի ծախսը, դրա համար այդ երթուղին չի շահագործվում»,- ասաց Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Արփի, Աշոցք, Սարապատ, Ամասիա համայնքները առաջիններից էին, որ խոշորացման ծրագրի ընթացքում միավորվեցին: Բնակչությունը երբ բոյկոտում էր, պատասխանատուները վստահեցնում էին, որ խոշորացման արդյունքում ավելի գլոբալ խնդիրներ հնարավոր կլինի լուծել: Տարիներն անցան, սակայն Շիրակի հյուսիսում գտնվող համայնքներում գլոբալ բարեփոխումներ այդպես էլ չկատարվեցին: Հատկապես Արփի խոշորացված համայնքում թիվ մեկ խնդիրը այդպես էլ մնաց չլուծված: Տրանսպորտի բացակայությունն էլ համայնքներում հանգեցրեց ներքին միգրացիայի աճին: Հատկապես երիտասարդ ընտանիքները հեռանում են գյուղերից՝ հաստատվելով քաղաքային բնակավայրերում: «Ուսանողները թողնին կերտան ու էլ չեն գա: Ուրիշ ելք չկա: Ի՞նչ անեն. հնարավոր չէ այս գյուղերից ամեն օր գնալ Գյումրի ու հետ գալ»,-ասաց Արփի համայնքի բնակիչը:
Նույն խնդիրն առկա է նաեւ Շիրակի մարզի Լեռնուտ համայնքում: Լեռնուտում երթուղին շահագործվում է շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ անգամ: Երբեմն ամբողջ շաբաթ ավտոբուսը գյուղ չի մտնում: Լեռնուտի վարչական ղեկավար Սեդրակ Պողոսյանին են հաճախ իրենց բողոքները հայտնում բնակիչները, սակայն վերջինս ելք չունի: «Ինչո՞վ են լեռնուտցիները պակաս կրաշենցիներից, սարիարցիներից, ջաջուռցիներից: Ընդամենը 150 մարդ է ապրում այս գյուղում: Գյուղը գնալով դատարկվում է, ի՞նչ է մտածում կառավարությունը: Ընդամենը 5 կմ ճանապարհահատված է, բայց չեն ասֆալտապատում: Վարորդներն էլ ասում են` ձեր գյուղը քարուքանդ է, չենք պատրաստվում մեքենաները կոտրել: Ի վերջո, մարդ են, կսպասեն, մինչեւ մեկը Գյումրի գնա, որ հետները նստեն, հասնեն քաղաք»,-ասաց Լեռնուտի վարչական ղեկավար Սեդրակ Պողոսյանը:
«Ցանկացած երթուղի շահագործելուց գոնե պետք է շահութաբերությունն ապահովվի: Լեռնուտում չկա ուղեւորահոսք, դա է պատճառը, որ միայն մեկ օր է չվերթ իրականացվում: Մարզում ունենք 195 կմ երկարությամբ վատ վիճակի ճանապարհահատված. եթե 54 երթուղիները շահագործվում են, ապա այս մեկն էլ կարող էր շահագործվել»,-ավելացրեց Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
2017 թվականին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, համաձայն որի` միջպետական, միջհամայնքային եւ ներհամայնքային երթուղիների մրցույթների անցկացման գործառույթները տրվել են Կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարությանը: Նախկինում մրցույթները կազմակերպվել են մարզպետարանների կողմից: Նպատակն էր ստեղծել հանրապետության մեջ ընդհանուր երթուղային ցանց, սակայն այդ ուղղությամբ դեռ ուսումնասիրություններ են կատարվում: Մի շարք երթուղիներ շահագործման ժամկետները ավարտվել են, դրանք մեխանիկորեն երկարացվել են, մինչ հայտնի դառնա այդ հարցում կառավարության դիրքորոշումը: ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի եւ Կառավարության որոշման համաձայն` գործառույթները փոփոխվել են: Եթե նախկինում մրցույթներն իրականացնում էին մարզպետարանները, ապա հիմա գործառույթներն անցել են Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը: Մենք ստացել ենք շրջաբերականներ, որ շահագործող կազմակերպությունների ժամկետները պետք է երկարացվեն»,-ասաց Խաչատուր Խնձրցյանը:
Այժմ անորոշ վիճակ է: Հայտնի չէ, թե միասնական երթուղային ցանց Հայաստանի Հանրապետությունը երբ կունենա: Եթե ծրագիրն իրականացվի, Շիրակի մարզում 35 ավտոբուսային երթուղի կձեւավորվի: Մնում է հուսալ, որ թավշյա հեղափոխության արդյունքում հաստատված իշխանությունը կլուծի նաեւ Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանի բնակիչների խնդիրները, որովհետեւ Հայաստանը միայն Երեւանն ու շրջակա մարզերը չեն:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ՝ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԲՋԻՋՆԵՐԻ ԴԵՄ

Թավշյա հեղափոխությունից հետո անդադար քննարկվում է բուհերը ՀՀԿ կուսակցական որջ դարձրած եւ նախկին ռեժիմին սպասարկած ռեկտորներին գահից գցելու հարցը: Այս առումով հիմնականում շեշտվում է ԵՊՀ ռեկտոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Սիմոնյանի անունը: Նշենք, որ ռեկտորն իրեն համարում է քաղաքական հայացքների համար հալածվող:

Երեկ կառավարության արտահերթ նիստում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ռեկտորների հարցին, ասաց. «Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչեւ դպրոցական համակարգ: Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, եւ մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները, բազկաթոռները ճանկռեն, մեկ է, նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան, իրենց համար այլ աշխատանք գտնեն, այլ անելիք, այլ առաքելություն»:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարը չի կարող շարունակել աշխատել: «Հեղափոխությունը սկսվել է այդ պահանջով եւ ավարտվելու է այդ պահանջով: Սա քաղաքական որոշում է եւ պետք է իրագործվի: Որեւէ մեկը հույս չունենա, որ կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել»,-ասաց նա:
Շատերի կարծիքով` այս հայտարարությունն ուղղված էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Ինքը՝ Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նշեց, որ ԵՊՀ-ն դռներ չի փակում ուսանողների առաջ, եւ որ վարչապետը փակագծեր չի բացել, այդ հայտարարություններն իրեն չեն վերաբերում:
Նշենք, որ ռեկտորի այս հայտարարությունը դուր չի եկել ուսանողների մի մասին, եւ երեկվանից նրանք սոցիալական ցանցերում տարածում էին տեսանյութեր թավշյա հեղափոխության օրերից` ցույց տալու, թե հեղափոխության օրերին ինչպես են իրենց դեմ դռներ փակվել:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանից հետաքրքրվեց՝ ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը: Իսրայելյանն ասաց, թե, իր կարծիքով, հայտարարությունն ընդհանուր է արվել, եւ վարչապետը կոնկրետ մեկին նկատի չի ունեցել: Հետաքրքրվեցինք՝ հնարավոր է, որ այս հայտարարությունից հետո հոգաբարձուների խորհուրդը էլի նիստ հրավիրի` ռեկտորին պաշտոնանկ անելու օրակարգով: «Նիստ լինելու է, բայց այլ օրակարգով: Նման օրակարգ մենք չունենք»,-ասաց Իսրայելյանը
Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին կուսակցականացված էր նաեւ Տնտեսագիտական համալսարանը` իր հայտնի ՀՀԿ-ական սաքուլիկներով: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո` արդեն դեկտեմբերին, այս բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել: ՀՀԿ-ականացված էր նաեւ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսխորհուրդը:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԶԻՆԿՈՄԻ ՈՐԴԻՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Դիլիջանի բնակիչ, 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանը մեղադրվել է այն բանի համար, որ 2016թ. փետրվարի 9-ին Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանել է Սերգեյ Միքայելյանի հետ: Այդ վիճաբանության ընթացքում Դ. Հակոբյանը ապտակել է Միքայելյանին: Վերջինս փորձել է հանդիպել Դ. Հակոբյանին իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով: 2016թ. փետրվարի 11-ին Ս. Միքայելյանը եւ Դ. Հակոբյանը պայմանավորվել են հանդիպել, հանդիպման տեղի եւ ժամի մասին Դ. Հակոբյանը պետք է տեղեկացներ: Նույն օրը` ժամը 18:30-ի սահմաններում, Ս. Միքայելյանը եւ նրա քրոջ ամուսին Յուրի Սահակյանը Ս. Միքայելյանին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով, որը վարել է Յուրի Սահակյանը, շրջել են Դիլիջանում` սպասելով Դ. Հակոբյանի զանգին: Յու. Սահակյանը եւ Ս. Միքայելյանն այդ ընթացքում մի քանի անգամ գնացել են Դ. Հակոբյանի բնակության վայր` Դիլիջանի Շամախյան թաղամաս: Ժամը 22:00-ի սահմաններում հերթական անգամ Շամախյան թաղամասից վերադառնալիս Դ. Հակոբյանը Ս. Միքայելյանին սպանելու դիտավորությամբ իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ` հետեւի աջ դռան, եւ երկու անգամ` պաշտպանիչ վահանակի ուղղությամբ: Յու. Սահակյանը կտրուկ ավելացրել է մեքենայի արագությունը եւ հեռացել դեպքի վայրից: Ս. Միքայելյանը կրակոցներից հետո ավտոմեքենայի նստատեղից հանել է այնտեղ պահված ինքնաձիգը եւ ավտոմեքենայի պատուհանից 3-4 անգամ օդ կրակել, որպեսզի այլեւս իրենց ուղղությամբ չկրակեն: Նա կրակելուց հետո ինքնաձիգն աղբամանն է նետել: Կրակոցների հետեւանքով Ս. Միքայելյանին պատճառել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք: 2017թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է ճանաչել եւ հռչակել Դավիթ Հակոբյանի անմեղությունը` կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Դ. Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել էր, ու նրան անհապաղ ազատ արձակեցին դատական նիստերի դահլիճից: Քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը բողոքարկել է դատավճիռը, խնդրել Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել կանխամտածված սպանության եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, կայացնել մեղադրական դատավճիռ: 2018թ. օգոստոսի 28-ին Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Կ. Մարդանյան) որոշել է Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017թ. նոյեմբերի 28-ի դատավճիռը բեկանել եւ փոփոխել, Դավիթ Հակոբյանի նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում 9 տարի ժամկետով, Դ. Հակոբյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանն այդ դատավճռի դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացրել: Մարտի 1-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է Դ. Հակոբյանի պաշտպան Գ. Հարությունյանի` Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս