Գյումրու դպրոցներում հերթով կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվում: Հերթական դեպքի մասին հայտարարվեց երեկ` կապված Գյումրու թիվ 27 դպրոցի հետ: Ավելին` ձերբակալվել են դպրոցի տնօրենն ու գործավարուհին: Պատճառը կաշառք տալու միջնորդության կասկածանքն է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելու փորձ անելը», եւ 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված («Պաշտոնեական դրությունն օգտագործելով` կաշառքի միջնորդությունը») հանցավոր արարք կատարելու համար: Ըստ նախնական տեղեկության` գործավարուհին քաղաքացուց գումար է պահանջել նրան աշխատանքի ընդունելու համար։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նույն գործի շրջանակներում ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների արագ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ ձեռք բերված արդյունքների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 309 հոդվածի առաջին մասի հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը դպրոցի տնօրենի անվան հետ կապված սկանդալի մասին համացանցից է տեղեկացել: Որեւէ մանրամասներ հայտնել վերջինս հրաժարվեց, պարզապես ասաց, որ շոկի մեջ է. «Ես տնօրենի ձերբակալության մասին իմացել եմ լրատվամիջոցներից: Ո՛չ դատախազությունից, ո՛չ քննչական որեւէ տեղեկություն չունեմ: Մոտ 7 տարի էր տիկին Լալազարյանը դպրոցը ղեկավարում: Առաջին անգամ է նրա անվան հետ նման սկանդալ կապվում: Շատ վատ եմ զգում այդ իրողությունից: Հույս ունեմ, որ բազմակողմանի քննություն կիրականացվի, ու ճշմարտությունը կպարզվի: Որեւէ խնդիր` կապված այդ դպրոցի հետ, մինչ այժմ չի եղել»,-ասաց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպրոտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:
Թիվ 27 դպրոցում սկանդալային իրավիճակ էր Ապրիլյան պատերազմից հետո: Ինչպես հայտնի է, դպրոցում սովորել է Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Մելքոնյանը: Նրա անվամբ դպրոցում դասարան էր բացվել, սակայն ամիսներ անց դպրոցի զինղեկ Գարեգին Ջամբազյանը պատերից հեռացրել էր հերոսի նկարներն ու իր նկարներով պատել ռազմական սենյակը: Դրանից հետո թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը պայքարեց զինղեկի դեմ, մինչ հերոսի սենյակը վերականգնվեց: Դեպքերի զարգացումից հետո զինղեկն ազատվեց աշխատանքից:
Դպրոցում էլ այժմ լարված իրավիճակ է: Տնօրենի ձերբակալության մասին լուրերը ծնողական ու ուսուցչական հանրույթը զարմանքով են ընդունել ու պահանջում են դեպքի բազմակողմանի քննություն:
Նշենք, որ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը որեւէ կուսակցության չի անդամակցել, բայց նախկին իշխանությունների օրոք լավ հարաբերություններ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Ակտիվ քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, նա աչքի է ընկել ավելի համեստ գործունեությամբ: Կարինե Լալազարյանը դպրոցը ղեկավարում էր 2011 թվականից: Նրա դպրոցն առաջիններից էր, որտեղ ներդրվել է ներառական կրթական համակարգը:
Հիշեցնենք, որ դպրոցի տնօրենի կողմից չարաշահումների կասկածանքով սա հերթական դեպքն է. ընդամենը օրեր առաջ հարուցված քրեական գործի հիմքով աշխատանքից ազատվել էր Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը: Քրեական գործ էր հարուցվել նաեւ Գյումրու թիվ 37 դպրոցում՝ չարաշահումների հերթական դեպքի փաստերով: Դպրոցը ղեկավարում էր ՀՀԿ-ի օգտին ընտրություններին մշտապես «աշխատած» Աստղիկ Ավետիսյանը, որի անունը հայտնի է որպես ընտրակեղծարար. հիշո՞ւմ եք «Իրազեկ քաղաքացիների միավորման»` 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ բացահայտած սկանդալը, երբ տնօրենները խոստովանել էին ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելը: Լարված իրավիճակ է նաեւ Գյումրու թիվ 38 դպրոցում, որտեղ բողոքարկվել էր նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշումը: Կարճված ու վերսկսված քրգործերից մեկն էլ առնչվում է թիվ 30 դպրոցին: Այստեղ խնդիրը վերաբերում է ներառական դասարանների 31 աշակերտի սննդի մատակարարմանը. օրապահիկների չափաբաժինները պակաս են տրվել: Քրեական գործ է հարուցվել նաեւ Արթիկի թիվ 3 դպրոցում:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՎԻՃԱԿԸ ԱՆՄԽԻԹԱՐ Է»
Հայաստանում աթլետիկա մարզաձեւով զբաղվելու համար, մեղմ ասած, պայմաններ չկան. չկա նույնիսկ ամենահասարակ 400մ վազքուղի կոչվածը, որը ամենամինիմալ պայմաններից է: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանի հետ:
Տիկին Շահբազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աթլետիկան Հայաստանում գտնվում է զարգացվածության բարձր մակարդակի վրա, իսկ ինչ վերաբերում է պայմաններին, ապա դրանք ահավոր են. «Աշխարհում եթե կա մի երկիր, որը չունի վազքուղի, ապա դա Հայաստանն է: Մենք չունենք միջազգային մակարդակին համապատասխան մարզադաշտեր: Արդեն 2010 թվականից պարոն Էմմիյանը զբաղվում է վազքուղու հարցերով, եւ երբ մենք պայմանագիր էինք կնքել, «Հրազդան» մարզադաշտը սնանկ հայտարարվեց: Հիմա մենք ցանկանում ենք որպես վազքուղի օգտագործել Հանրապետական մարզադաշտը, սակայն մեզ տեղեկացրել են, որ այդ մարզադաշտը լինելու է միայն ֆուտբոլային: Մենք զրուցել ենք նաեւ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ կզրուցի ՈՒԵՖԱ-ի հետ եւ նրանց կբացատրի եղելությունը, իսկ մեզ պատասխան կտա երկու շաբաթվա ընթացքում: Մենք արդեն դիմել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ սպասում ենք նրա պատասխանին»:
Նարինե Շահբազյանը խոսեց նաեւ մարզումների անցկացման վայրի մասին եւ ասաց, որ մարզումները հիմնականում իրականացվում են «Սպարտակ» մարզադաշտում, իսկ լավագույն մարզիկների համար անցկացվում են ուսումնամարզական հավաքներ: Շահբազյանը անդրադարձավ ֆինանսավորմանը եւ նշեց, որ այն ստաբիլ բնույթ չի կրում եւ կապ ունի մարզիկների գրանցած արդյունքների հետ: Այս տարվա ֆինանսավորումը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքերով, կազմել է 33 մլն. դրամ: Գլխավոր քարտուղարը նաեւ ասաց, որ, կառավարության որոշմամբ, սահմանված են պարգեւատրումներ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, սակայն խոշոր մրցաշարերում քանի որ չունենք մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներ, այդ պատճառով պարգեւատրումներ այս պահին չկան:
Թավշյա հեղափոխությունից հետո տիկին Շահբազյանը դեռեւս փոփոխություններ չի տեսնում, սակայն չի կորցնում հույսը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խոստացել է կատարել մի շարք փոփոխություններ եւ բարելավել աթլետիկայի ներկայիս դրությունը: «Մենք չունենք մարզաբազա, չունենք հասարակ պայմաններ ո՛չ Երեւանում, ո՛չ էլ մարզերում: Միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզիկները հիմնականում մարզերից են, սակայն մարզերում էլ պարապելու գոնե միջին մակարդակի պայմաններ չկան: Հեղափոխությունից հետո էլ դեռեւս փոփոխություններ չկան, իսկ հիմա սպասում ենք պարոն Փաշինյանի արձագանքին. հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ