«ՀԱԿՎԱԾ ՉԵՄ ՈՐԵՎԷ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՎԱՏԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է արձակագիր եւ դրամատուրգ Էդգար Կոստանդյանը: Նա անդրադարձել է ներքաղաքական, հասարակական խնդիրների, պատասխանել է գրականությանը, թատրոնին առնչվող հարցերի:

-Էդգա՛ր, այսօր մենք ունենք վարչապետ, որը գրի մարդ է. ստեղծագործում է ե՛ւ արձակ, ե՛ւ չափածո ժանրերում: Այս հանգամանքը կարո՞ղ է հանրության շրջանում հետաքրքրություն առաջացնել գրի, գրականության նկատմամբ:
-Չգիտեմ. եթե ընթերցողները գնան գրախանութ միայն այն բանի համար, որ երկրի ղեկավարը գրում է, կարդում է, լավ կլինի, բայց դրան ես լուրջ չեմ վերաբերվում: Ամեն դեպքում, կարդացել եմ «Երկրի հակառակ կողմը». հետաքրքիր էր, լեզուն, ոճը դուրս եկան:
-Փաշինյանը նաեւ ասմունքում է, տարբեր առիթներով մեջբերում է հայ մեծ գրողների տողերը:
-Իհարկե, խրախուսելի է:
-ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: Արժե՞ ունենալ նման տոն:
-Տոները որքան շատ լինեն, այնքան լավ, բայց քաղաքացու տոն ունենալու համար նախ քաղաքացի է պետք ունենալ: Եկեք այդ հարցով զբաղվենք, հետո կարող ենք միամսյակ էլ նշել: Իսկ քաղաքացի ունենալու համար պետք է կիրթ հասարակություն ունենալ. մարդիկ որքան քիչ ժամանակ անցկացնեն «ֆեյսբուքներում», քիչ նայեն Ազգային Ժողովի նիստերը, այնքան շուտ քաղաքացու ինստիտուտը կկայանա:
-Ո՞ր դեպքում կարող ենք արձանագրել, որ քաղաքացին հաղթել է անօրինությանն ու կոռուպցիային:
-Հուսամ՝ մի օր կհաղթի: Անընդհատ ասում ենք «քաղաքացի»՝ մոռանալով, որ խոսքը մարդու մասին է: Պետք է մարդ լինել, նոր` քաղաքացի: Ես ճանաչում եմ քաղաքացիների, որոնց տակը մարդ չկա: Դա էլ բանի պետք չէ:
-Ի վերջո, մեր երկրում հեղափոխությո՞ւն է եղել, թե՞ իշխանափոխություն:
-Լավ էր, որ իշխանափոխություն եղավ, ոչ ոք բան չի ասում, հուսամ՝ հեղափոխություն էլ կլինի: Դա էլ էր հեղափոխություն, որ քսան տարվա ռեժիմին հաղթեցինք, բայց մեզ մոտ մարդը չի հեղափոխվել, էլի «ֆեյսբուքներում» հիմար բաներ գրող նույն ժողովուրդն է: Մեր երկրում ինտելեկտուալ հեղափոխություն դեռ չի եղել, հույս էլ չկա, որ կլինի:
-Շատ է խոսվում ներկայիս իշխանության կադրային քաղաքականությունից, ասում են՝ անփորձ երիտասարդներին են տեղ տալիս…
-Լավ են արել՝ երիտասարդներին են տեղ տվել: Հա, նրանց մեջ լակոտներ էլ կան, բայց կադրը պետք է երիտասարդ լինի, ուրիշ բան, թե իրեն ինչպես կդրսեւորի: Բայց այդ մասին չեմ ուզում խոսել. կյանքը կարճ է:
-Վերջին մեկ տարվա իրադարձություններից հետո մեր ժողովուրդն ի՞նչ շահեց եւ ի՞նչ կորցրեց:
-Գոնե ընթացան չկեղծված ընտրություններ, օրինակ՝ այդ հարցում շահեց, իսկ կորցնելու բան այլեւս չուներ, տեղ չկար… Ամեն դեպքում, ենթադրություններ անելու համար քիչ ժամանակ է անցել, խմորումներ են պետք: Այնքան եմ հոգնել այս ամենից… Ամեն օր զարթնում ես, նույն խոսակցություններն են… Ուզում եմ հնարավորինս կտրված լինել այդ ամենից: Իհարկե, ուզում եմ հավատալ, որ ինչ-որ բան դեպի լավն է գնում, բայց չեմ ասում, թե հավատում եմ: Նորմալ, գիտակից մարդը չի կարող անմնացորդ հավատալ իր երկրի ղեկավարին. դա ոչխարի հոտին է հատուկ: Հակված չեմ որեւէ ղեկավարի հավատալ: Կտեսնեմ լավ գործ, կծափահարեմ:
-Այսօր իշխանությանն ուղղված առողջ քննադատություններն անգամ որոշակի զանգվածի կողմից սվիններով են ընդունվում…
-Դա էլ է տգիտության արդյունք: 60 տարեկան կնիկը «Ֆեյսբուք»-ում մարդկանց է հայհոյում այն բանի համար, որ նախարարներից մեկին վատ բան են ասել… Քաղաքացի ունեցող երկրում չի կարող այդքան քֆուր տվող կնիկ լինել: Սրճարանում նստած են երկու սիրուն աղջիկ ու ընտրություններից են խոսում, այնինչ նորմալ պետություններում մարդիկ նույնիսկ չգիտեն՝ իրենց երկրի ղեկավարներն ովքեր են, իսկ նախարարների անուններն իմանալն, առհասարակ, մեղք բան է:
-Մեր երկրում մշակութային հեղափոխության համար հող կա՞ նախապատրաստված:
-Վերջին անգամ թատրոն եմ այցելել տասն օր առաջ, դուրս գալուց հասկացա՝ դեռ 200 տարի մեր երկրում մշակութային հեղափոխություն չի լինի: Թատրոններին նայե՛ք, նրանց աշխատանքին նայե՛ք, մեր գրականությանը, երգարվեստին նայե՛ք: Ոչ մի հող էլ չկա…
-Մեզ Մշակույթի նախարարություն պե՞տք է:
-Ոչ: Ի՞նչ է արել Մշակույթի նախարարությունը երեսուն տարի՝ բացի տգետների ներկայացումները, համերգները ֆինանսավորելուց:
-Մի փոքր էլ գրողական համայնքից խոսենք…
-Ես այդ համայնքի, «սեկտաների» մաս չեմ կազմում:
-Կարո՞ղ ենք թեկուզ Ձեր փորձից ասել, որ գրողը կարող է ֆինանսապես անկախ եւ ինքնաբավ լինել:
-Միանշանակ: Չկա ավելի զզվելի բան, քան այն, որ պետությունը փող է տալիս արվեստով զբաղվելու համար: Այդ դեպքում հնարավոր չէ՝ չսահմանափակվես: Ամբողջ աշխարհում է այդպես: Դա զզվելի ու կողտոտ բան է: Տեսել ենք, թե պետության տված փողերով ինչեր են գրվում, բեմադրվում. մի լավ բան չկա մեջները:
-Եվ վերջում` պատմեք, թե հիմա ինչ նոր գործի վրա եք աշխատում:
-Նոր վեպ եմ գրում, թերեւս սեպտեմբերին այն լույս կտեսնի: Ես էլ չեմ հասկանում, թե ինչ է դառնալու վերջում, ուստի այլ մանրամասներ չեմ հայտնի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՏՂԱՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ՀՈՒՄՈՐԻ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՆԱ»

Կանանց միամսյակի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթը զուտ կանացի թեմաներով զրուցել է Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի հետ: Նա անդրադարձել է սիրային, ընտանեկան թեմաների:

-Կանանց միամսյակը՝ պարտավորությո՞ւն, թե՞ հաճույք: Արդյոք կանանց պե՞տք է միամսյակ:
-Կարծում եմ՝ մի օրն էլ հերիք էր, միամսյակ պետք չէր: Ավելի հետաքրքիր է, երբ տոները քիչ են, քան երբ ձգվում են մեկ ամիս:
-Ամենատպավորիչ նվերը, որ երբեւէ ստացել եք սիրելիից:
-Իմ եւ ամուսնուս առաջին հանդիպումից կարճ ժամանակ անց նա ինձ փոքրիկ հուշանվեր էր տվել՝ կոնֆետներով լի մանկասայլակ: Դա ակնարկն էր այն բանի, որ մեր հարաբերությունները լուրջ են եւ տանում են դեպի ամուսնություն: Մինչեւ հիմա պահել եմ այդ նվերը:
-Շարունակե՛ք միտքը. «Կինը երջանիկ է, երբ…»
-Ես այսօր երջանիկ եմ իմ ընտանիքով, աշխատանքով, որովհետեւ ես չեմ հորինել ինչ-որ բաներ, որ հետո փորձեմ հասնել դրանց ու երջանկանալ:
-Կնոջ սիրտը գրավելու համար անհրաժեշտ է…
-Այսօրվա չափանիշները, կարծես թե, փոխվել են… Կոնկրետ ինձ համար կարեւոր է, որ տղամարդն անկեղծ լինի եւ հումորի զգացում ունենա:
-Եթե կինը 20 տարեկանում ուզում է մեծ սեր, ապա…
-30-ում ուզում է ընտանիք, 30-40-ում՝ երեխաներ, իսկ 50-ում ուզում է իր ունեցածի պտուղները քաղել:
-Համաձա՞յն եք, որ հայ կանայք այսօր, համեմատած, ասենք, տասը տարի առաջվա հետ, փոխվել են թե՛ արտաքնապես, թե՛ հոգեպես. դարձել են ավելի խնամված, կայացած եւ ինքնուրույն:
-Այո, ավելի ինքնավստահ են դարձել, կարծես թե հասկացել են իրենց արժեքը: Մաղթում եմ, որ նրանք գիտակցեն՝ կինը կարող է ամեն ինչ, եւ չմոռանան, որ, բոլոր դեպքերում, նա պետք է իր կողքին ունենա իրեն արժանի տղամարդ:

Զրուցեց Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը մեկնաբանել է Հայաստանի հավաքական չհրավիրվելու փաստը. «Չեմ հասկանում, թե ինչու չեմ հրավիրվել հավաքական: Ես չեմ ավարտել կարիերաս հավաքականում, ուղղակի մարզիչը որոշել է չկանչել ինձ եւ վերջ»:

 

 

ԱՎԱՐՏԵՑ ԿԱՐԻԵՐԱՆ
Իռլանդացի մարզիկ, UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը հայտարարել է MMA-ում կարիերան ավարտելու մասին: «Որոշել եմ ավարտել կարիերաս MMA կոչվող սպորտաձեւում: Իմ բոլոր նախկին գործընկերներին հաջողություն եմ մաղթում»,- գրել է Մաքգրեգորը Թվիթերյան իր էջում: Հիշեցնենք, որ Մաքգրեգորն անցած տարի Հաբիբ Նուրմագոմեդովին պարտվելուց հետո օկտագոն դուրս չի եկել:

 

 

ՄԻԱՅՆ ՄԻ ԱՐՔԱ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը մեկնաբանել է Կոնոր Մաքգրեգորի` կարիերան ավարտելու մասին հայտարարությունը: Իռլանդացին այսօր հայտարարել էր, որ ավարտում է կարիերան MMA-ում: «Ջունգլիներում պետք է լինի միայն մեկ թագավոր, միայն մեկ»,- գրել է մարզիկը Twitter-ում:

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել «ԵՎՐՈ 2020»-ի ընտրական փուլի Սերբիայի դեմ խաղի ժամանակ(1:1): Պորտուգալացին ձգել է մկանը եւ փոխարինվել 30-րդ րոպեին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ռոնալդուն բաց կթողնի մեկ ամիս, սակայն պորտուգալացին խոստացել է, որ կվերադառնա 15 օրից ոչ ուշ:

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է
Ուկրաինայի հավաքականի նկատմամբ կարող են լուրջ պատժամիջոցներ կիրառվել ՖԻՖԱ-ի կանոնակարգը խախտելու համար: Ինչպես հայտնում է Maisfutebol-ը, ուկրաինական ֆուտբոլի ֆեդերացիան խախտել է օրենքը բրազիլացի հարձակվող Ժունիոր Մորայեսի նատուրալիզացման ժամանակ: Մորայեսը մինչեւ 2017 թվականին Չինաստան տեղափոխվելը Ուկրաինայում ապրել է 4 տարի 8 ամիս, սակայն նա պետք է երկրում գտնվեր նվազագույնը 5 տարի: Այս առիթով ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել, եւ հնարավոր է` Ուկրաինայի հավաքականը տեխնիկական պարտություններ գրանցի Պորտուգալիայի եւ Լյուքսենբուրգի դեմ խաղերում:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս