Լուսանկարն արվել է Բաղրամյան փողոցում
Բաղրամյան փողոցում գտնվող գետնանցումում արված խզբզանքները փնթի տեսք են հաղորդում մայրաքաղաքի կենտրոնական հատվածին։
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որքան է սահմանված աշխատաժամանակի նորմալ տեւողությունը, եւ որքան է սահմանվում արտաժամյա աշխատաժամանակի տեւողությունը:
Մարինե Կիրակոսյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենoրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից` բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, oրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդված): Միաժամանակ հայտնում ենք, որ, գործատուի պահանջով, արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու oրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իuկ տարվա ընթացքում` 180 ժամը: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի oրերի նախoրյակին աշխատանքային oրվա տեւողությունը կրճատվում է մեկ ժամով. սա չի վերաբերում կրճատ եւ ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատողներին:
ՀԱՐՑ. Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատավարձը արտարժույթով վճարելու դեպքում ի՞նչ պատասխանատվություն է կրում վճարողը:
Եփրեմ Մարտիրոսյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասի համաձայն` արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը (մասնավորապես` աշխատավարձի վճարում Հայաստանի Հանրապետության դրամով) առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 100,0 հազ. դրամը):
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում: Միաժամանակ հայտնում ենք, որ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ կրկին չկատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափը, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում: