ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԾԱՌԱՅԵԼԸ՝ ՊԱՏԻ՞Ժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրիի զորամասերից մեկում օրերս տեղի ունեցած միջադեպը շարունակում է ակտիվորեն քննարկվել հասարակական-քաղաքական-զինվորական շրջանակներում: Հիշեցնենք` ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել են` այդպիսով հայտնելով իրենց բողոքը, այնուհետեւ երթ արել՝ իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին: Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է, որի որդին ծառայում է այդ զորամասում:
Բայց այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. զինծառայողներին պատժել են՝ ուղարկելով առաջնագիծ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատժիչ այս քաղաքականությունը, սակայն, մեր երկրում առկա քարոզչական, նպատակային գործելաոճին, մեղմ ասած, հակասում է: Մենք, մի կողմից, ասում ենք, որ առաջնագծում ծառայողները հերոսներ են կամ, ինչպես հենց նախարարն է ասում, «աչայիննի տղաներ», մյուս կողմից` հանցանք թույլ տվածներին, զորամասն ինքնակամ լքածներին ուղարկում է առաջնագիծ՝ այդպիսով պատիժ հայտարարելով: Եւ ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է այն թեզը, որ առաջնագծում ծառայելը պատիժ է: Էլ չենք ասում այն մասին, որ ապրիլյան թավշյա հեղափոխության օրերին Երեւանում տեղակայված Խաղաղապահ բրիգադի զինծառայողները լքեցին զորամասը` համարելով, որ, օրինակ, իրենց հրամանատարները վատն են, սխալ են աշխատում, հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն ՀՀ գլխավոր դատախազը, իրավաբանությունը թողած, քաղաքական որոշմամբ քրեական գործ չհարուցեց, չպատժեց զինվորականներին: Մեղրիի զորամասի զինծառայողների նկատմամբ, սակայն, որոնք նույն արարքն են գործել (կրկին ընդդիմանալով իրենց հրամանատարներին` լքել են զորամասը), ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:

 

 

 

Երեկ առավոտյան ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել քննարկելու Կառավարության հեղինակած ԱԺ կանոնակարգ եւ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Այս նախագծով առաջարկվում էր սահմանել, որ եթե նախագահի կողմից առաջադրված դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա տասն օր անց կարող է առաջադրել թեկնածու, այլ ոչ թե նոր թեկնածու, ինչպես նշված է այժմ: Եվ լայն շրջանակներ եզրակացնում էին, թե այսպես է արվում, որպեսզի հնարավորություն լինի կրկին առաջադրել Վահե Գրիգորյանին: Սակայն երեկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում պատգամավոր Էդմոն Մարուքյանը շատ բուռն արձագանքեց այդ փոփոխությանը, որ օրենքում ամրագրվի «նոր թեկնածու» արտահայտությունը: Չնայած սրան` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավաբաններից շատերը պնդում են՝ ապրիլի մեկից, միեւնույնն է, այդ դրույթն ինքնին հակասահմանադրական է, եւ Վահե Գրիգորյանը կարող է առաջադրվել:

 

 

 

Տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նկատողություն է հայտարարել Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանին: Պատճառն այն է եղել, որ Համբարձումյանը ՀՀ քոլեջներից մեկում ստուգումներ է իրականացրել, թերություններ է նկատել, սակայն դրանց մասին չի բարձրաձայնել, թաքցրել է: Ինքը՝ Համբարձումյանը, մեզ հետ զրույցում նշեց, թե եղել է ոչ թե նկատողություն, այլ կարգապահական տույժ՝ նախազգուշացում: Ավելին` նման տույժ տրվել է վարչության երեք աշխատակցի: Նաեւ լուրեր կան, որ վերջին շրջանում բավականին լարվել են Համբարձումյանի եւ իր տեղակալ Մարինե Գրիգորյանի աշխատանքային հարաբերությունները: Վարչության պետը, սակայն, հերքեց՝ ասելով, թե Գրիգորյանը այս պահին գտնվում է գործուղման մեջ: «Մենք գրեթե միաժամանակ ենք եկել այստեղ աշխատանքի, ունենք աշխատանքային բարիդրացիական հարաբերություններ»:

 

 

 

Հայաստանի հավաքականը տապալեց «ԵՎՐՈ 2020»-ի նախընտրական փուլի առաջին երկու հանդիպումները: Նախ՝ պարտվեցինք Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականին, հետո՝ Ֆինլանդիայի հավաքականին: ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե առաջիկայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կադրային փոփոխությունների կարիք ունի: Սակայն, ըստ նրա, այդ ամենը կտեւի 4-5 տարի: «Պետք է զինվենք համբերությամբ»,- ասել է Մկրտչյանը՝ հավելելով,- «Հայաստանի հավաքականին հարկավոր են նոր ֆուտբոլիստներ, սակայն հիմքը պետք է դրվի` ոչ թե արտերկրից հայ ֆուտբոլիստներ հրավիրելով, այլ փոփոխություններ իրականացնելով փոքր տարիքային խմբերում, ինչով էլ հիմա զբաղված է Ֆուտբոլի ֆեդերացիան»: Նա ասել է, որ հիմա արվում է հնարավորը:

 

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ
Հայաստանի տնտեսության մասին խոսելիս հատկապես ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները տարիներ շարունակ շեշտել են՝ այդ բնագավառը վերջին քսան տարում շարժվել է ոչ թե տնտեսագիտության կանոններով, այլ ղեկավարվել իշխանությունների քաղաքական որոշումներով: Հետեւաբար, տնտեսության բոլոր խնդիրները քաղաքական են, եւ քաղաքական են լինելու այս ոլորտում լուծումները:
ԱԺ երեկվա ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հաստատեց այդ պնդումների ճշմարտացիությունը` շեշտելով, որ թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է Հայաստանի տնտեսական մոդելն, ու նախկին բարքերն այլեւս չեն գործում: «Մեր պայքարը եւ հեղափոխությունը ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ եղել է տնտեսական մոդելի դեմ»,- երեկ հայտարարել է Փաշինյանը՝ մանրամասնելով,- «Ո՞րն է այդ հին մոդելի էությունը. հին մոդելի էությունն այն է, որ Կառավարությունը յուրաքանչյուր բիզնեսի մեջ, կներեք էս բառիս համար, օրթաղ է… Եկեք խոստովանենք, ըստ էության, սա Հայաստանում տեղի ունեցած ներդրումների 90 տոկոսի նկարագրությունն է: Որեւէ ներդրման մեջ Հայաստանում՝ հաջողված, անհաջող, էական չի, դուք կտեսնեք այս մոդելը, հենց այս մոդելով են Հայաստանում արվել տնտեսական ներդրումներ։ Մենք ի սկզբանե ոչ թե հրաժարվել ենք այս մոդելից, մենք հայտարարել ենք, որ նման մոդելով մենք չենք կարող աշխատել, որովհետեւ դա, իհարկե, հակասում է հենց մեր իսկ քաղաքական ծագումնաբանությանը, որ մեր պայքարը եւ հեղափոխությունը, եկեք չմոռանանք, ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ եղել է տնտեսական մոդելի դեմ»:
Նման ձեւակերպումները կարեւոր են մեկ պարզ պատճառով: Նման խնդիրները պետք է ախտորոշվեն նախ եւ առաջ պետության ղեկավարի մակարդակով: Ու այդ խնդիրներն ախտորոշելուց հետո միայն կարելի է համարժեք լուծումների ակնկալիք ունենալ, այլապես, ինքներդ եք հասկանում, առանց դրա ցանկացած լուծում պարզապես կարող է կիսատ լինել: Բացի այդ, եթե Փաշինյանը մատնանշում է նախկին իշխանությունների սխալները, կա որոշակի երաշխիք, որ իր իշխանությունը նույնը չի կրկնի:
Այս առումով, թերեւս, նկատենք` Սերժ Սարգսյանի իշխանությունն այդպես էլ չփորձեց գնահատական տալ նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք հաստատված բարքերին, ավելին՝ ինքն էլ շարունակեց խաղի նույն կանոններով` ժամանակի ընթացքում դրանք հարմարեցնելով նոր իրողություններին: Ու դրա հետեւանքով եղավ այն, որ երկրի տնտեսությունը հիմնահատակ այլասերվեց:




Լրահոս