ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՑՆԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է, իսկ տեսչական մարմինը ղեկավարող Ալեքսանդր Շագաֆյանի մոտ չի ստացվում մեղմել ստեղծված վիճակը:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ այս տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նկատողություն է հայտարարել Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանին: Ըստ որոշ տեղեկությունների` պատճառն այն է եղել, որ Համբարձումյանը ՀՀ քոլեջներից մեկում ստուգումներ է իրականացրել, թերություններ է նկատել, սակայն դրանց մասին չի բարձրաձայնել, թաքցրել է: Դրա հետեւանքով նա արժանացել է նկատողության, որից հետո Համբարձումյանը գնացել է արձակուրդի եւ չպետք է վերադառնա աշխատանքի:
Նշենք, որ այս վարչությունը մի շարք քոլեջներում յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացնում է ստուգումներ, որոնք նախանշվում են իրենց աշխատանքային ծրագրով: Իսկ եթե դիմում-բողոքներ է ստանում վարչությունը, ապա իրականացվում է լրացուցիչ ստուգում: Մեզ հայտնի դարձավ, որ 2018 թվականին իրականացվել են ստուգումներ ՀՀ-ում գործող նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում: Ավելին, 8 ուսումնական հաստատությունում իրականացվել է աշխատանքային ծրագրով նախատեսված ստուգում, իսկ մեկ-երկու ուսումնական հաստատություն ստուգվել են` դիմում-բողոքների հիման վրա:
Այս տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը եղավ Կրթության տեսչական մարմնում: Պարզվեց` Սասուն Համբարձումյանը արձակուրդից վերադարձել է աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվեց` ինչու է նկատողություն ստացել: «Կարգապահական տույժ է եղել, նկատողություն չի եղել, այլ նախազգուշացում: Այսինքն` նախազգուշացումը կարգապահական տույժ է եղել, որը որ կարգապահական տույժերից ամենամեղմն է: Ընդ որում, այն եղել է ոչ միայն Նախնական կամ միջին մասնագիտական կրթության վարչության կոնկրետ պետի նկատմամբ, այլեւ վարչության երեք աշխատակիցների: Աշխատանքային գործունեության ստուգումների ընթացքում այս վարչության աշխատակիցների կողմից եղել է գործունեություն, որը որպես պրոֆեսիոնալ չի ընկալվել: Միայն իմ նկատմամբ չի կիրառվել նախազգուշացում, այլ վարչության երեք աշխատակցի նկատմամբ»,- ասաց նա:
Վարչության պետը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչու է արժանացել կարգապահական տույժի: «Ուսումնական հաստատությունում երկու աշխատող իրականացրել են բաժնի վարիչի գործառույթ: Յուրաքանչյուր աշխատող ուսումնական հաստատությունում ունի պաշտոնի անձնագիր, եւ դրան համապատասխան պետք է մշակված լինի տարեկան աշխատանքային պլան` այդ մարդը ինչ պետք է իրականացնի X տարվա ընթացքում: Հիմա պայմանական երկու հոգի 2018 թվականին պետք է իրականացնեին բաժնի վարիչի պաշտոնի անձնագրերով նախանշված իրենց գործողությունները. նրանցից մեկը 2018 թվականի ապրիլից աշխատանքից ազատվում է, մյուսի պաշտոնը նկարագրող նախանշված աշխատանքների պարտականությունները դրվում է երկրորդի վրա: Այսինքն` եթե նրանք նախկինում 0.5 դրույքաչափով էին այդ աշխատանքն անում, ապա նրանցից մեկի աշխատանքից ազատվելուց հետո մյուսի համար դրույքաչափը 0.5-ից դառնում է 1: Բնականաբար, այս դեպքում լիազորությունները եւս դրվում են նրա վրա, պաշտոնի անձնագիրն էլ»,- նկարագրեց Սասուն Համբարձումյանը: Ըստ Համբարձումյանի` Տեսչական մարմնի ծառայողները պետք է արձանագրած լինեին այն` եթե Պողոսյանի պարտականությունները դրվել են Պետրոսյանի վրա, ուրեմն պետք է Պետրոսյանը պաշտոնի անձնագրով ընդունի իրեն նախանշված աշխատանքը, դրա համար ինքը պետք է ստորագրի, հանձնում-ընդունում անի:
Մեր զրուցակիցը պնդեց նաեւ, որ քոլեջում իրականացված ստուգումների արդյունքները չեն թաքցվել, այլ լիարժեքորեն արտացոլվել են ստուգման ակտում: «Մենք չենք իրականացրել գնահատման համակարգի 10 նիշին համապատասխան աշխատանք, կոնկրետ աշխատանքային խմբի անդամները, որոնք երեքն են, չեն իրականացրել, եւ ես` որպես իրենց պատասխանատու պաշտոնատար անձ, իրենց վերադաս, իմ վերադասի կողմից արժանացել եմ կարգապահական տույժի` նախազգուշացում»,- անկեղծացավ մասնագետը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ վերջին շրջանում բավականին լարվել են իր եւ իր տեղակալ Մարինե Գրիգորյանի աշխատանքային հարաբերությունները, Համբարձումյանն արձագանքեց` նշելով. «Մարինե Գրիգորյանը այս պահին գտնվում է գործուղման մեջ: Մենք գրեթե միաժամանակ ենք եկել այստեղ աշխատանքի, ունենք աշխատանքային բարիդրացիական հարաբերություններ, նաեւ աշխատանքային անհամաձայնություններ. սա պրոֆեսիոնալ աշխատանք է, հասկանո՞ւմ եք: Կան իրավական ակտեր, որոնցից պետք է հղումներ իրականացնենք մեր աշխատանքը կատարելիս, եւ դա անելուց կարող է մեկը մի իրավական ակտը այլ ձեւ պատկերացնի, մյուսը` այլ: Կարող են լինել աշխատանքային տարբեր քննարկումներ: Ինչ վերաբերվում է բանակների վերածվելուն, այդպիսի բաներ Տեսչական մարմնում գոյություն չունեն: Եկեք աշխատասենյակներով պտտվենք, տեսեք` ինչ աշխատանքային պրոցես է: Ամեն բան կարգին է մեզ մոտ, իսկ Տեսչական մարմնում աշխատողները բանակների չեն բաժանվել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

7200 ԵՎՐՈՅԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ` ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հայաստանի կառավարությունը Արդարադատության նախարարությանը կհատկացնի 7200 եվրոյին համարժեք դրամ` ՄԻԵԴ-ի վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտում: Բանն այն է, որ, դեռեւս 1990 թվականից սկսած, «Շոլց ԱԳ» գերմանական ընկերությունը Հայաստանում գրանցված «Ա. Սաֆարյան եւ Associates LLC» ընկերությունից մետաղաջարդոն է գնել: 2002 թվականին գերմանական ընկերությունը LLC-ին 100 հազար եվրո վարկ է տրամադրել, որը պետք է վճարվեր մինչեւ 2003թ.-ի հունվարի 31-ը, բայց դա չի արվել: Վարկի նպատակն էր, որ LLC-ն վճարեր բանկում ունեցած իր վարկը: Ավելին, հայկական ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները ու գումարի դիմաց տվել է սահմանվածից քիչ մետաղաջարդոն: Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ հայկական ընկերությունը դիմումատուին ունի ավելի քան 1.2 մլն դոլարի պարտք: Կողմերը պայմանավորվել են, որ գումարը կվճարվի մաս-մաս, ինչը եւս չի արվել:
Ի դեպ, «Շոլց ԱԳ»-ն ՀՀ-ից պահանջել էր 1.2 մլն դոլար եւ 116 հազար եվրո` որպես նյութական, եւ 100 հազար եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում, բայց ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 3600 եվրո` մերժելով փոխհատուցման պահանջը: Բացի այս, ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է եւս 3600 եվրոյին համարժեք դրամ փոխհատուցել «Ղուլյանն ընդեմ Հայաստանի» գործով:
Իսկ, ահա, «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործը աշխատանքից ազատման մասին է, որը դիմումատուն համարել է անօրինական ու դիմել ՄԻԵԴ: Նշենք, որ դիմումատու Ոսկեհատ Ղուլյանին երեխայի խնամքի ժամանակ Հայաստանում գործող Բրիտանական խորհուրդն ազատել է աշխատանքից` մի քանի անգամ 6 ամսով նրա ֆիզարձակուրդը երկարացնելուց հետո: Այդ ժամանակ նա գտնվել է ԱՄՆ-ում: Բրիտանական խորհուրդը աշխատանից ազատելը բացատրել է նաեւ կադրերի կրճատմամբ: ՀՀ-ում դատարանը գտել է, որ Բրիտանական խորհուրդը չի խախտել օրենքը` նրան աշխատանքից ազատելով: Վերաքննիչ դատարանը վճիռը նույնն է թողել, իսկ Վճռաբեկը չի ընդունել հայցը: Հայցվորը ՄԻԵԴ-ում, որպես նյութական վնասի փոխհատուցում, պահանջել է 62 հազար 700 եվրո, եւս 19 հազար եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Սակայն այս դեպքում եւս ՄԻԵԴ-ը մերժել է վնասի փոխհատուցման պահանջներն ու Հայաստանին պարտավորեցրել վճարել 3600 եվրո:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՏԱՎՈՒՇՈՒՄ` ԴԱՏԱՐԿ ԵԹԵՐ
Օրերս Տավուշի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված քննարկման ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, կարեւորելով գյուղատնտեսության զարգացումը, դրա վերաբերյալ բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, հայտարարեց, որ Տավուշի մարզային հեռուստաընկերությամբ գյուղատնտեսական հաղորդում է պատրաստվելու եւ հեռարձակվելու, այն բնակիչների կողմից սպասված հաղորդում է լինելու: Քննարկման ընդմիջմանը «Ժողովուրդ» օրաթերթը մարզպետին հիշեցրեց` Տավուշի մարզային հեռուստաընկերությունը շուրջ մեկ տարի եթեր դուրս չի գալիս, այն մասնավոր սեփականություն է, ունի շուրջ 7 միլիոն դրամ պարտավորություններ հարկային տեսչությանը եւ Հայաստանի հեռուստատեսային ցանցերին: Մարզպետ Չոբանյանը վստահեցրեց, որ հեռուստաընկերության վերագործարկման հարցը կլուծվի: Ներկայումս Տավուշի մարզի բնակիչները թվային հեռարձակմամբ կարող են դիտել 9 հեռուստաալիք: Տավուշի մարզային «Տավուշի ՏՎ»-ն 2018թ. մարտից դադարեցրել է հեռարձակումը: Այդ հեռուստաընկերությունը նախկինում Տավուշի մարզի իրադարձությունների վերաբերյալ նորություններ եւ այլ հաղորդումներ չէր թողարկում, վերահեռարձակում էր ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հունվարի 10-ի վճռով` «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Ներկայումս չեն գործում նաեւ մարզում անալոգային հեռարձակում իրականացրած Նոյեմբերյանի «Քամուտ» եւ Իջեւանի «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունները: 2019թ. մարտի 15-ին Տավուշի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության հիմնադիր, սեփականատեր Վարդան Անանյանը մարզպետ Չոբանյանին հայտնեց, որ ինքը նախօրեին` մարտի 14-ին, հանձնել է այդ հեռուստաընկերության` հեռարձակումներ կատարելու համար ստացած պետական արտոնագիրը: «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական հայցով դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2018թ. փետրվարի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ: Այդ գործով դատական հերթական նիստը նշանակված է 2019թ. օգոստոսի 13-ին: «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն 2003 թվականից Իջեւան քաղաքում եւ հարակից տարածքում անալոգային ձեւաչափով հեռուստահաղորդումներ էր հեռարձակում, այդ պատճառով այն վերջին տարիներին հեռուստատեսային փոքր լսարան ուներ: Տավուշի մարզում գործող տեղական որեւէ ռադիոընկերություն չկա: Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզում բնակչությանը կարեւոր տեղեկատվություն հրատապ իրազեկելու համար տեղական հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը անհրաժեշտություն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս