ԵԿՄ-ի շնորհավորանքը Վերջին զանգի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկրապահ» կամավորականների միության վարչությունը շնորհավորում է շրջանավարտներին Վերջին զանգի առթիվ.

«Շնորհավորում ենք Ձեզ դպրոցական ուսումնառության ավարտի եւ Վերջին զանգի տոնի առթիվ:
Մեծ խանդավառությամբ, հավատով լի կյանք թեւակոխելով՝ դուք վաղը ձեր մասնակցությունը կբերեք երկրի զարգացման գործընթացին: Ձեր ուրախությանը միախառնվում է նաեւ հրաժեշտի թախիծը, քանի որ հրաժեշտ տալով աշակերտական տարիներին եւ Ձեր ուսուցիչներին՝ դուք չեք կարող մոռանալ դպրոցական ուսումնառության տասը տարիները:
Ավարտվում է կյանքի հետաքրքիր մի փուլ ու սկսվում է՛լ ավելի կարեւոր ու պատասխանատու էջ: Մաղթում ենք առաջիկա ուսանողական տարիներին զինվել գիտելիքների անհրաժեշտ պաշարով՝ հետագայում դրանք ի նպաստ հայրենիքի գործադրելու համար:

Մեծ կյանքի ճանապարհին մաղթում ենք ձեզ լավագույն նպատակների իրականացում եւ հաջողություններ, ցանկանում ենք ձեզ բարի ճանապարհ, որը մեր սիրելի հայրենիքի հզորացման եւ բարգավաճման ճանապարհն է:

Ձեր առջեւ իր դռներն է բացել կյանքը, եւ դուք ինքնադրսեւորման մեկնարկ եք վերցրել: Դուք առավել ազատ եք, եւ անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել այդ ազատության մեջ:

Սիրելի՛ շրջանավարտներ, եւս մեկ անգամ շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ եւ անմոռանալի օրվա առթիվ՝ մաղթում ենք հետագա հաջողություններ, երջանկություն ու ամենայն բարիք:
Վստահ ենք, որ դուք դառնալու եք ազատ հայրենիքի իրավատեր քաղաքացիներ եւ միասին կառուցելու ենք մեր երազած Հայաստանը»:




Լրահոս