ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունները դատական համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատաիրավական ոլորտում վիրահատական միջամտություններ անելու եւ այդ ճանապարհին դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին: «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,- ասել էր Փաշինյանը:

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն է կատարել դատավորների շարքում: Պարզվում է՝ դատական համակարգում քիչ չեն հիմնականում նախկին պաշտոնյաների հետ կապված դատավորները:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը ՍԴ պաշտոնաթող դատավոր, նախկին ՀՅԴ-ական Կիմ Բալայանի որդին է:

Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանի որդին՝ Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է:
ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիշա Հարությունյանի դուստրը` Անի Հարությունյանը, վարչական դատարանի դատավոր է։
Աժ նախկին խոսնակ, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի փեսան՝ Արման Օհանյանը, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է,այն գեներալի, որի դեմ հիմա քրեական գործ է հարուցված՝ յուրացումների ու ապօրինի զենք պահելու մեղադրանքով:
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի կինը՝ Աննա Ալեքսանդրի Փիլսոյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Եւ, վերջապես, Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կինը՝ Արմենուհի Բադիրյանը, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Այսօր ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ անդրադարձել է ԲԴԽ նախագահի` աթոռին հրաժեշտ տալու թեմային:




Լրահոս