Կրոնական կազմակերպությունների պաշտպանված ազատությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր նշաձող է․ Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրում սկզբունքորեն պետք է պաշտպանված լինի կրոնական կազմակերպությունների և կրոնական փոքրամասնությունների գործունեության ազատությունը: Սա շատ կարևոր է և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանում է բարձր նշաձող:

Այս մասին այսօր Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային համաժողովին բացման խոսքում նշել էՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Համաժողովը կազմակերպվել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:

«Մտքի, խղճի և կրոնի ազատությունը ժողովրդավարության և քաղաքակիրթ հասարակության հիմնական ցուցիչներից է: Այստեղից է բխում արգելքը, որ նպատակ ունի բացառել մարդուն իր կրոնական համոզմունքները փոխելուն ուղղված ցանկացած հարկադրանք: Կրոնի, մտքի և դավանանքի իրավունքը սերտորեն կապված է մարդու մյուս իրավունքների և ազատությունների հետ, մասնավորապես՝ այս ազատության բարձր պաշտպանությունը ազդում է խոսքի ազատության, հավաքներ և միավորումներ կազմելու ազատության և մի շարք այլ արժեքների վրա»,-նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մեր ժողովրդի ողջ պատմության մեջ։

«Պետք է բացառել կրոնի հիմքով ցանկացած խտրականություն. մեզանից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսների կրոնի մտքի ու խղճի ազատությանը։ Անցյալ դարասկզբին հայ ժողովուրդն ինքն է իր մաշկի վրա զգացել կրոնական խտրականության ու այդ հիմքով խոշտանգման ու խարանի ենթարկվելու, կյանքից ու սեփականությունից զրկվելու դաժան հետևանքները»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը կարևորել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի գործունեությունը կրոնի ու դավանանքի ազատության պաշտպանության գործում և տեղեկացրել, որԵվրասիա համագործակցության հիմնադրամի առաջարկով է դիմել և ստացել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիրքորոշումը «Մտքի, խղճի, կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ մարդկանց մտքի, խղճի ու կրոնի ազատության երաշխավորման նպատակով պատրաստ է իր գործուն աջակցությունն ունենալ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի լրամշակման աշխատանքներին՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ։




Լրահոս