Արման Թաթոյանը՝ վարչապետին քննադատելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին կառավարության նիստի ավարտին հետաքրքիր դեպք գրանցվեց։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ավարտում էր նիստի դռնբաց հատվածը՝ ասելով, որ քննարկումը կշարունակեն դռնփակ, այդ ժամանակ խոսքի իրավունք խնդրեց ՄԻՊ Արման Թաթոյանը եւ երբ սկսեց խոսել, արդեն իսկ ձայնն անջատել էին եւ այդպես էլ չմիացրեցին, հետեւաբար լրագրողները հնարավորություն չունեցան լսել, թե ինչի մասին էր խոսում նա։

Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչի մասին էր իր խոսքը կառավարության նիստում։ Վերջինս նշեց, թե պարզապես անդրադարձել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից ներկայացված երկու նախագծերին եւ դրանք դրական գնահատել՝ ասելով, որ իսկապես մեծ խնդիր է լուծվում։ Ինչպես հայտնի է, Թաթոյանը կոշտ քննադատության էր ենթարկել Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու որոշումը։ Երեկ նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ փոխել է իր կարծիքը թե ոչ, վերջինս նշեց․«Ես իմ հայտարարությունը տարածել եմ եւ, բնականաբար, մնում եմ իմ դիրքորոշման մեջ։ Այն, որ դատական համակարգում կան խնդիրներ, եւ պետք է բարձրացվի արդյունավետությունը, չկա երկրորդ կարծիք։ Ես հիմա էլ եմ ասում, որ դատական համակարգում ունենք խնդիրներ ներքին եւ արտաքին անկախության հետ, ժողովրդի վստահության հետ»։

Հարցին՝ կոշտ արձագանքից հետո վարչապետից որեւէ վատ արձագանք չի ստացել արդյոք, նա եզրափակեց․«Դուք տեսաք, որ ես դրա հաջորդ օրը մասնակցել եմ հանդիպմանը։ Ոչ մի բան չի կարող լինել։ Աշխատանքային քննարկումներ են»:




Լրահոս