Օրեր առաջ հրաժարական ներկայացրած ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանի անտառապատման մասին:
2015 թվականի դեկտեմբերին աշխարհի առաջնորդներն ընդունեցին կլիմայի փոփոխության նոր`Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվեց զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում` ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը: Հայաստանը եւս ստորագրել է կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը` պարտավորվելով մասնավորապես 35 տարվա ընթացքում ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակել 633 մլն տոննայի սահմաններում եւ անտառապատվածությունը մինչեւ 2050 թվականը հասցնել 20.1 տոկոսի, իրականացնել կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության գործողություններ:
Այսինքն` Հայաստանը կլիմայի փոփոխության շրջանակներում պարտավորվել է անտառապատ տարածքները ավելացնել մինչեւ 265 հազար հեկտարով: Նշենք, որ զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում աջակցելու նպատակով ստեղծված է Կանաչ կլիմայի հիմնադրամ: Այս հիմնադրամից տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ստացել դրամաշնորհ` 20 մլն դոլլարի չափով:
Սակայն, ըստ փոխնախարար Այսեր Ղազարյանի, մինչեւ 2030 թվականը պետք է երկրները ներկայացնեն, թե իրենք վերցրած պարտավորություններից որքանն են իրականացրել:
«Ուրեմն, անցյալ տարի, երբ ես եկա, (իմիջիայլոց, ես մինչ այդ զգուշացնում էի, որ պետք չէ նման ամբիցիոզ պարտավորություն վերցնել), միամտաբար կարծում էի, որ սխալմունք է եղել: Բայց ինչո՞ւմն է խնդիրը. սրա մասին եւս կառավարությունը պետք է իմանա. անտառապատ տարածքները կրկնապատկելու հայտարարությունը, որը արվել է ՀՀ-ից, իմաստը հետեւյալում է. այն երկիրը, որը որ մեծ պարտավարություն է վերցնում իր վրա, ինքը ավելի շատ միջոցներ կարող է ակնկալել համապատասխան հիմնադրամներից կլիմայի փոփոխության շրջանակներում, մասնավորապես` «Կանաչ կլիմա» եւ այլ հիմնադրամ: Իսկ Գերմանիայի կառավարությունն ամենամեծ հանգանակողներից է, մոտավորապես, եթե չեմ սխալվում, 800-900 մլն եվրո այդ ֆոնդերին գումար է տրամադրել:
Եւ այն երկիրը, որը շատ պարտավորություններ է ստանձնել, նա բավականին լավ իրավիճակում է հայտնվում, քանի որ այդ հիմնադրամներից կարող են ստանալ արտոնյալ վարկեր, ինչպես նաեւ բավականին մեծ դրամաշնորհներ: Հիմա ինչքանով մենք կարող ենք այդ պարտավարությունը անել. նույնիսկ 4 անգամ պակաս թվի դեպքում հնարավոր չէ: Նախ`չունենք այդքան տարածք, հաշվառված է արդեն»,- նկատեց մասնագետը:
Նրա խոսքերով` անգամ բավականին թեժ խոսակցություն է տեղի ունեցել` այդ թվերը վերահայտարարելու վերաբերյալ: «Ուղղակի չհամաձայնեցին: Ընդհուպ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Լեհաստանում վերահաստատեցին, որ մենք ավելի քան պատրաստ ենք Հայաստանի անտառածածկը կրկնապատկելու, մոտավորապես` 265 հազար հա-ով: Կրկնում եմ` դա անհնարին թիվ է»,- հայտարարեց Ղազարյանը: Նախկին փոխնախարարը նաեւ նշեց, որ այդ պարտավորությունները չկատարելը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար:
Ավելին` պարզվում է, որ այդ հիմնադրամները մոնիտորինգի գործիքակազմ ունեն, որոնք մոտ 5-6 տարի անց սկսելու են Հայաստանին մոնիտորինգ անել`պարզելու համար` արդյոք Հայաստանն իրականացրել է ստանձնած պարտավորությունը: «Բացի ճնշումներից, դա մեր երկրի վարկանիշի խնդիրն է:
Պատահական չէր, որ որոշ երկրների ներկայացուցիչներ Կանադայում մեզ մոտեցան եւ ասացին` ինչու եք այդպիսի մեծ պարտավորություն վերցնում. չէ՞ որ դուք հնարավորություն չունեք հողի մակերեսի, ֆինանսական կարողությունների եւ ոչ էլ տնկարանի: Իսկ, օրինակի համար, բերեցին հարեւան Ադրբեջանը, որը մինչեւ 2030 թվականի միջնաժամկետով գրել է` դեռ որոշում եմ: Վրաստանը մի քանի հազար հեկտարի պարտավորություն է ստանձնել մինչեւ 2030 թվականը եւ 8500 հեկտար էլ` անտառի բնական վերաճի, այսինքն` կտրած անտառը վերականգնելու մասով: Այսինքն` մեր հարեւանները, ունենալով ավելի մեծ տարածքներ, գտնվելով լավ վիճակում, ֆինանսական կարողություններով, ավելի զգույշ են եւ ավելի փոքր թվեր են վերցնում: Իսկ մենք սահմանափակ հողային ռեսուրսներով, միջոցներով ընկնում ենք պարտավորությունների տակ: Կա սուբյեկտիվ հետաքրքրություն. որոշ խմբեր փորձում են այդ թվի տակ որոշակի գումարներ գեներացնել Հայաստանում:
Ճիշտ է, կարող է կառավարությունում մտածում են, որ դա լավ բան է, փող են բերում երկիր, բայց այն հետո բավականին մեծ գլխացավանք է դառնալու Հայաստանի համար»,- զգուշացրեց մեր զրուցակիցը:
Ինչպես հայտնի է, Հայաստանը սակավանտառ երկիր է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անտառածածկը պաշտոնական տվյալներով կազմում է 11.2 տոկոս, իսկ անկախ փորձագետների հաշվարկներով` 7-ից 10 տոկոս: Պաշտոնական տվյալներով` 2018-ին օրինական հատումների ծավալը կազմել է մոտ 90 596 խմ: Սա շուրջ 3 անգամ ավելին է վերջին 10 տարում եղած օրինական հատումների ծավալից:
Պարզվում է, պետբյուջեից վերջին 10 տարիներին գումարներ չեն տրամադրվել անտառատնկման համար: Նույնիսկ ապօրինի անտառահատումների դիմաց պետբյուջե մուտքագրված գումարները չեն ուղղվել անտառվերականգնման նպատակին:
Ավելին, Հայաստանում այս ժամանակահատվածում անտառատնկումներ իրականացվել են հիմնականում միջազգային կազմակերպությունների դրամական միջոցներով:
Սյունէ Համբարձումյան