Անցումային արդարադատության հաստատումը շատ ուշացրին. Եղիշե Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ներքաղաքական թոհուբոհից, ՀՅԴ-ի վերջին հանրահավաքից ստացած տպավորություններից, ամբողջ պետական համակարգը վեթթինգի ենթարկելու անհրաժեշտությունից եւ այլ թեմաներից:

-Պարո՛ն Պետրոսյան, մայիսի 23-ին ՀՅԴ-ն հանրահավաք արեց, որպեսզի, իր ձեւակերպմամբ, իշխանություններին ասի՝ լրջացե՛ք: Ի՞նչ եք կարծում, լրջանալու մասին հորդորները որքանո՞վ էին լուրջ:

-Եթե այսքան ժամանակ մենք մեծ կորուստներով հանդերձ կարողացել ենք պահպանել երկիրը, ուրեմն դատապարտված ենք հարատեւելու, եթե անգամ այսօրվա կառավարությունն էլ բազում սխալներ թույլ տա: ՀՅԴ-ն նախորդ իշխանությունների օրոք շատ վատ դերսեւորեց իրեն՝ հարմարվողական քաղաքականություն վարելով: Ինձ թվում էր, թե ուզում են իշխանությունների հետ կոմպրոմիսի գնալ, ռեսուրսներ հավաքել, որպեսզի կուսակցությունը հզորացնեն ապագայում պատասխանատվությունը ստանձնելու համար: Բայց ժամանակը ցույց տվեց, որ պարզապես համակերպվել էին իրավիճակի հետ եւ փող էին աշխատում: Այսօր նրանք մի շարք խնդիրներ են բարձրաձայնում` կապված, օրինակ,Սփյուռքի հետ, ու հարց է ծագում՝ ինչու այդ նույն խնդիրների մասին հիմնականում լռում էին:

-ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Եկել ենք ասելու, որ թույլ չենք տա 100 տարի հետո նորից ջրբաժան գծել։ Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք։ Մեկ կարծիքը դիկտատուրա է եւ մեր երկրում բացառվում է»: Դուք տեսնու՞մ եք նման վտանգ:

-Ներկայիս իշխանությունը սխալներ շատ ունի, բայց մենք բոլորս կօգնենք նրան: Մենք տեսնում ենք, որ կամքը կա դեպի լավը փոխելու, երկիրը ոտքի կանգնեցնելու, մեր կյանքից նեգատիվ երեւույթները վերացնելու համար: Իսկ կամքը գործի կեսն է: Ես էլ կարող եմ քննադատական խոսք հնչեցնել, բայց մի բան է, եթե քննադատում ես որպես յուրային՝ ձգտելով կատարյալին, մեկ այլ բան՝ զուտ քննադատելու կամ չարախնդալու համար:

-Վերջերս ակտիվորեն շրջանառության մեջ դրվեց վեթթինգի թեման: Ի՞նչ եք կարծում, միայն դատավորնե՞րը պետք է վեթթինգի ենթարկվեն, թե՞ ամբողջ պետական համակարգը, որպեսզի ժողովուրդը ծանոթ լինի պետական պաշտոնյայի կապերին, գործունեությանը, դրա օրինականությանը, եւ վստահության մթնոլորտ ձեւավորվի:

-Մենք տեսանք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց. վաղուց պետք է դա լիներ: Բայց մեր խնդիրը զուտ դատական համակարգը վեթթինգի ենթարկելը չպետք է լինի: Հիմա եկանք, հասանք մի թեմայի, որի շուրջ պետք է իմ դժգոհությունն արտահայտեմ ներկայիս իշխանություններին: Անցումային արդարադատության հաստատումը շատ ուշացրին: Ամբողջ ազգը գիտի՝ նախորդ իշխանությունները ինչպես են վարվել մեր պետության եւ ժողովրդի հետ: Նախ` պետք է քաղաքական գնահատական տրվեր դրան եւ անցումային արդարադատություն կիրառվեր անմիջապես: Եվ չմոռանանք նոր սահմանադրության մասին:Ցավոք, այդ գործընթացները դեռ չեն իրականացվել: Սպասենք եւ հուսանք, որ դրանք սարերի ետեւում չեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս