ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական ներկայացրեց: «Ես թույլ չեմ տա, որ 100-ամյակը ստվերվի: Ոչ մի շնորհավորանք չեղավ 100-ամյակի կապակցությամբ, եւ այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս»,-ասել է Սիմոնյանը:
Որքան էլ Սիմոնյանը մերժելի լինի ուսանողության, առհասարակ հասարակության կողմից, այնուամենյանիվ, պետք է խոստովանել` համալսարանի 100-ամյակը չշնորհավորելը իշխանությունների կողմից խորը արտահայտված արհամարհանք էր համալսարանի պատմության հանդեպ։
Սա այն դեպքն էր, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեղափոխական խռովականությունն ու ֆեյսբուքյան փոքրոգությունը մի կողմ դներ եւ վերածվեր պետական այրի եւ մի բան էլ ինքը պիտի «հուշեր» վարչապետին շնորհավորել ԵՊՀ-ի 100-ամյակը։ Ի վերջո, դա ոչ թե Արամ Սիմոնյանի, այլ ԵՊՀ-ի 100-ամյակն էր:
ԵՊՀ ռեկտորի հրաժարականը բոլորովին անսպասելի էր. նրան տեւական ժամանակ է՝ մոռացել էին, ու հասարակության ուշադրությունը կենտրոնացած է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մինչ թավշյա հեղափոխությունն էլ ռեկտորի անձի շուրջ խոսակցությունները եռում էին, ուսանողները մի շարք բողոքի ակցիաներ կազմակերպեցին` ընդդեմ ռեկտորի: Հեղափոխությունից հետո համալսարանի եւ ռեկտորի շուրջ ծավալվող իրադարձությունները ավելի սրվեցին. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անելու օրակարգով անգամ նիստ հրավիրվեց,որը, սակայն, տապալվեց:
Համալասարանում չարաշահման հիմքերով քրեական գործ հարուցվեց: Սկանդալ եղավ Արամ Սիմոնյանի ու ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի մեջ:
Բանը հասավ նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց` ուսանողների առաջ դռներ փակած ռեկտորների հեռանալը արդեն քաղաքական հարց է դարձել` այդպես ուղիղ ակնարկելով Արամ Սիմոնյանին:
«Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ` էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն», – հայտարարել էր վարչապետը:
Վարչապետի ելույթից հետո կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հստակ հայտարարեց, որ չի պատկերացնում համալսարանի 100-ամյակը Արամ Սիմոնյանի պաշտոնավարմամբ:
Հիշեցնենք նաեւ, որ Սիմոնյանը իր շուրջ ստեղծված իրավիճակը որակեց քաղաքական հետապնդում: Հետաքրքիր է, բայց փաստ` ռեկտորը նմանատիպ ճնշումներից հետո հայտարարեց, որ իր կամքով երբեք հրաժարական չի ներկայացնի եւ իր կամքով չի լքի ռեկտորի պաշտոնը:
Բայց երեկ նա, այնուամենայնիվ, հանկարծակի հրաժարական ներկայացրեց: Պատահական չէին վերջինիս հրաժեշտի խոսքերը.«Ես խեղճացող մարդ չեմ: Ես զանգեզուրցի եմ եւ սյունեցու կող ունեմ, ես իմ հոր զավակն եմ:
Ես երբեք չեմ խեղճացել եւ չեմ խեղճանալու: Ես միշտ պայքարելու եմ՝ հանուն համալսարանի, ԵՊՀ-ի վաղվա օրվա համար, պայքարելու եմ, որ համալսարանում ամեն ինչ լավ լինի, որ հայրենիքում՝ հասարակության մեջ, գերակշռող լինի այն կարծիքը, որ համալսարանն իսկապես ազգային արժեք է: Բայց հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները եւ հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին»:
Սիմոնյանը հրաժարական տալիս դիմեց խորամանկության` հայտարելով, որ եթե ինքը իր կամքով չհեռանար, դա, միեւնույնն է, լինելու էր օրենքի խախտմամբ:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ռեկտորի հրաժարականը անակնկալ է եղել նաեւ ԵՊՀ բոլոր դեկանների եւ ամբողջ ռեկտորատի համար: Մինչեւ վերջին օրը դեկանները աշխատանքային հարցերով դիմել են Սիմոնյանին եւ եթե իմանային հրաժարականի մասին, իրենց թույլ չէին տա, օրինակ, զեկուցագրեր տանել ռեկտորի սենյակ:
Մեր աղբյուրների պնդմամբ` իշխանության կողմից ուղիղ ճնշումներ չեն եղել ռեկտորի վրա, եւ եթե նման բան լիներ, Սիմոնյանը, իր բնավորության համաձայն, բաց ակնարկներ կաներ գոնե ընկերական միջավայրում:
Լուսինե Մինասյան