Երգչուհի Աննա Խաչատրյանը արդեն մի քանի ամիս է՝ ստեղծագործական դադարի մեջ է: Ասում է՝ նախ՝ ուզում է ուժերը վերականգնել, հետո՝ մոտիվացիան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աննան նկատեց, որ ինչպես ամբողջ աշխարհում եւ գրեթե բոլոր ոլորտներում, հայաստանյան շոուբիզնեսյան կյանքում եւս խրոնիկ էմոցիոնալ ճգնաժամ է:
«Այդ ճգնաժամն առաջինն իրենց մաշկի վրա զգում են երգիչներն ու երաժիշտները, երբ մարդիկ այլեւս տրամադրություն չեն ունենում, չեն ուզում կամ, ֆինանսական դրությունից ելնելով, չեն կարողանում ուրախանալ, եւ առհասարակ, ապրումներ ունենալ, այցելել համերգների, կոորպորատիվների եւ այլն: Այսօր, առհասարակ, դժվար է գումար աշխատելը, իսկ որակյալ աշխատանք ներկայացնողի համար կրկնակի բարդ է: Ամեն դեպքում, դիմակայում ենք, ինքներս մեզ համոզում ենք, որ ամեն բան այդքան էլ վատ չէ»,-շեշտեց երգչուհին:
Դիտարկմանը, թե նոր սերնդի ներկայացուցիչների շրջանում կան հրաշալի կատարողներ, սակայն լավ երգեր հազվադեպ են ծնվում, Աննան հավելեց. «Իսկապես, վերջին լավ երգը, որ լսել եմ, եղել է Էրիկի «Իմ աշխարհ եկ»-ը: Համենայնդեպս, այն իմ ճաշակով է: Այստեղ էլի բախվում ենք իմ ասած խնդրին, ամենուր էմոցիոնալ անկում է նկատվում, ստեղծագործող մարդկանց շրջանում՝ հատկապես»:
Աննան նաեւ նշեց, որ վերջին քսան տարում, բնականաբար, շոուբիզնեսյան շուկան չի մեծացել. նույն երկիրն է, նույն հանդիսատեսը, նույն Սփյուռքը, փոխարենը տասնապատիկ շատացել են երգիչ-երգչուհիները. «Բանն այն է, որ տասը-քսան տարի առաջ շատ դժվար էր եթերում երգ հնչեցնելը, հարցազրույցների մասնակցելը, ճանաչում ստանալը: Գոյություն ուներ ցենզուրա, եւ ամեն մեկը չէր կարող էկրանին հայտնվել, իսկ այսօր եթե ունես փող, քեզ կանաչ ճանապարհ, չունես փող` չունես ոչինչ»,- եզրափակեց Աննան:
Աննա Բաբաջանյան