ԻՆՉՊԵ՞Ս Է ԴԱՏԱՎՈՐԸ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ իրավապահները ժամը 22:00-ի սահմաններում ձերբակալել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել:

Դատավոր Գագիկ Հեբոյանը 1985 թվականից մինչեւ 1990 թվականն աշխատել է ՀՀ պետական արբիտրաժում: 1990 թվականից մինչեւ 1991 թվականն աշխատել է «Հայքիմմեքենա ԳԱՄ»-ում` որպես իրավախորհրդատու: 1991 թվականից մինչեւ 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի արձանագրային հրատարակչական բաժնում` որպես ավագ խորհրդատու: 1993 թվականից մինչեւ 1998 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի, այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում` որպես ավագ խորհրդատու: 1998 թվականից մինչեւ 1999 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում`որպես ավագ խորհրդատու: 1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Եւ, ահա, ձերբակալվել է 20 տարվա դատավորի աշխատանքային փորձ ունեցող Գագիկ Հեբոյանը:
Դեպքից հետո` առավոտյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է: Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով` հանցանքը կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորը վերցվել է արգելանքի, որի մասին, նշված հոդվածով սահմանված կարգով, տեղեկացվել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եւ ՀՀ գլխավոր դատախազը:
Իսկ որքա՞ն գումարի կաշառքի մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին գումարի չափի, ինչպես նաեւ դեպքի օպերացիայի մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ականատեսներից մեկը նկատել է, թե ինչպես են Բջնիի ճանապարհին իրավապահները մեքենայի միջից մի տղամարդու դուրս հանում: Ականատեսներից մեկը ճանաչել է նրան` ասելով, թե նա Կոտայքի մարզի դատարանի դատավորներից է: Մեքենայից դատավորին իջեցնելուց հետո իրավապահները սկսել են ստուգել նրա գրպանները: Դատավոր Հեբոյանի գրպանից հանել են գումարը: Ականատեսներից մեկը լսել է, որ տեղում աշխատանք իրականացրած իրավապահները ասել են, որ դատավորի գրպանից հանված գումարի չափը կազմել է մոտ 2500 դոլար: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ դատավորն իրավապահների կողմից ձերբակալման պահին մեքենայում եղել է մենակ:
Ըստ ականատեսների` այդ պահին խոսակցություններ են եղել այն մասին, որ իրավապահներն արդեն օպերատիվ տեղեկություներ են ունեցել, որ նա այդ օրը գումար պետք է վերցներ, եւ նրան կաշառքը վերցնելուց հետո են ձերբակալել: Ի դեպ, իրավիճակի վերաբերյալ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը նիստ կհրավիրի եւ, ամենայն հավանականությամբ, թույլ կտա, որ իրավապահները կալանավորեն դատավորին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ՉԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Այսօր ՀՔԾ-ն «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին մարտի 29-ին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության: Հիշեցնենք, որ օրերս ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ: Խնդրո առարկան Մարտի 1-ի գործով որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների` Ֆելիքս Թոխյանի, Սերժ Սարգսյանի, Գուրգեն Մելքոնյանի ցուցմունքների հրապարակումն է, ինչը ՀՔԾ-ն դիտարկել է որպես նախաքննական գաղտնիքի հրապարակում:
«Ժողովուրդ» օրաթերթը այս կապակցությամբ դիմեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հասկանալու համար, թե արդյոք լրագրողին` որպես վկա քրեական գործով, կարող են հրավիրել, եւ արդյոք լրագրողը` որպես վկա, պարտավոր է բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը, օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով: Ի պատասխան` ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնեց. «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է այն անձանց շրջանակը, որոնց վարույթ իրականացնող մարմինը չի կարող կանչել որպես վկա: Այդ ցանկում լրագրողները ներառված չեն, սակայն լրագրողներն իրավունք ունեն չբացահայտել տեղեկատվության աղբյուրը` բացառությամբ, երբ դատարանը պարտադրել է լրագրողին բացահայտել աղբյուրը, եւ այն էլ` երբ միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները.
1. վկայի ցուցմունքն անհրաժեշտ է քրեական գործով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով,
2. հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտություն,
3. ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը,
4. սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:
ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի առիթով չի կարող լրագրողին պարտադրվել բացահայտել տեղեկատվության աղբյուրը, քանի որ նշված հանցագործությունը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն»:

 

 

 

ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ
ՀՀ-ում գործող 55 սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային բաժիններից շատերում, այդ թվում` Երեւանի բաժիններում, ընտանեկան նպաստների համար ֆինանսական հատկացումն արդեն արվել է, վճարումները կմեկնարկեն այսօր: Մյուս բոլոր շահառուները ընտանեկան նպաստը կստանան հաջորդ շաբաթվա ընթացքում: Նպաստների հատկացման ժամանակացույցում տեղ գտած ուշացումները պայմանավորված են, հիմնականում, տեխնիկական խնդիրներով: Մյուս շաբաթվա ընթացքում խնդիրը կարգավորված կլինի ՀՀ ողջ տարածքում:

 

 

ԱՆՀԱՏԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին: Իր ելույթում նա խոսել է Հայաստանի զարգացման քաղաքականության ուղղությունների վերաբերյալ, որոնց հիմքում ընկած է քաղաքացու եւ անհատի բարեկեցության տեսլականը։ Ավինյանն ասել է, որ հասարակական հարաբերությունների կարգավորման եւ հանրային կյանքի տարբեր բնագավառներում պետության վարած քաղաքականության հիմքը հանրային օգուտի մաքսիմալացումն է, ինչը նշանակում է, որ պետությունը մեկընդմիշտ հեռացել է խմբային շահերի իրացմանն աջակցող որոշումների պրակտիկայից։ Ավելին, կառավարությունը իր որոշումներում առաջնորդվելու է երկարաժամկետ կտրվածքով երկրի զարգացման ու կայունության համար ամուր սյուներ ապահովելու մտադրությամբ՝ կոտրելով այն հիպոթեզը կամ «քաղաքական» ճշմարտությունը, թե կառավարությունների մտածողության հորիզոնը պարփակված է մեկ ընտրական շրջափուլի մեջ։ Փոխվարչապետն ընդգծել է, որ զարգացման չափորոշիչը ոչ թե համախառն ներքին արդյունքի աճն է, այլ անհատի ու հասարակության բարեկեցությունը։

 

 

ՉԻ ՓՈԽՎԵԼ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի խոսքով` հեղափոխությունից մեկ տարի անց պետք է պատասխան տալ, թե որքանով է հաջողվել իրականացնել նախատեսվածը: Ըստ նրա` Հայաստանում հեղափոխությունից անցել է մեկ տարի, իսկ հանրապետությունում, ինչպես նախկինում, տարածաշրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակն է, որը տատանվում է 18 տոկոսի շրջանում: Պատգամավորը նշել է, որ միայն լավ ցանկությունները բավարար չեն երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար, քանի որ անհրաժեշտ են միջոցներ, որոնց վրա պետք է հենվեն տնտեսական բարեփոխումները: «Բոլորը շարունակում են վատնել եւ յուրացնել գումարները, ինչպես հեղափոխությունից առաջ»,-եզրափակել է պատգամավորը:

 

 

 

100 ՕՐԻՑ ԶՈՐԱՑՐՎԵԼՈՒ ԷՐ
Օրեր առաջ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված 21-ամյա ժամկետային զինծառայող Արա Առաքելյանը Արցախից էր` Ասկերանի շրջանի Խնապատ համայնքից: Սպանության կասկածանքով ձերբակալված նրա ծառայակիցն էլ Հադրութից է: Խնապատի համայնքապետ Սամվել Շահրամանյանի խոսքով` Արան երկու եղբայրներից կրտսերն էր եւ 100 օրից զորացրվելու էր: Նրա հայրն արտագնա աշխատանքով էր զբաղվում եւ Ռուսաստանում է իմացել որդու մահվան մասին: Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում, N զորամասի նախկին զինավանի տարածքում պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի մահացու վնասվածք ստանալու եւ կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՎԵԼ ԵՆ
Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը. այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս պահի դրությամբ Հարկային օրենսգրքի բարեփոխումների ցանկից գազավորված ըմպելիքների վերաբերյալ դրույթները հանվել են: «Հետագա քննարկումների պարագայում կճշգրտենք: Կար նաեւ սկզբունքի խնդիրը: Եթե մենք դա դիտում ենք որպես առողջապահական խնդիր եւ փորձում ենք հարկել բարձր շաքարավազ պարունակող ըմպելիքները, հարց է առաջանում նաեւ այլ ապրանքների մասով, որոնք եւս բարձր շաքարավազ են պարունակում: Այս պահի դրությամբ դա հանված է օրինագծից»,-հայտնել է Ավինյանը: Հարցին, թե հնարավոր է արդյոք վերադառնան նախնական առաջարկված տարբերակին` ըմպելիքներն ըստ շաքարայնության հարկելուն, Ավինյանն ասել է, որ, ընդհանուր առմամբ, քննարկումները կշարունակվեն, եւ բոլոր շահառու խմբերի հետ մանրամասն կուսումնասիրեն ու կհասկանան, թե ինչ լուծումներ կարող են գտնել: Այս փուլում այդ հարցի վերաբերյալ օրակարգ չունեն:




Լրահոս