«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրին, ավելի ճիշտ՝ այդ ծրագրի անվան տակ տեղի ունեցող խաբեությանը:
Հիշեցնենք, տեւական ժամանակ այդ ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը գովազդում էր, թե բնակարանը քաղաքացին կարող է ձեռք բերել ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի: Մհեր Դերձյանի հաշվարկով` դեռ 2018 թվականի դեկտեմբերին ծրագրում արդեն ընդգրկված էր 50 հազար մարդ:
Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկ ամիս առաջ գնաց սրա հետքերով՝ պարզելու` ինչ ծրագիր է սա, ովքեր են կանգնած դրա հետեւում, կա արդյոք գոնե մեկ տուն, որի կառուցման աշխատանքները սկսել են, եւ այսպես շարունակ: Բացահայտված փաստերը վեր էին բոլոր սպասելիքներից. լուրջ կասկածներ կան, որ տեղի է ունենում ամենասովորական խաբեություն: «Ժողովուրդ» օրաթերթը գնացել էր Էջմիածին քաղաքում գործող «Մի կտուրի տակ» ծրագրի գրասենյակ, զրուցել այս ծրագրի` Արմավիրի մարզի պատասխանատու Վան Հայրապետյանի հետ: Այն ժամանակ մեր հարցին, թե ծրագիրը կոնկրետ ում կողմից է ֆինանսավորվում, պարոն Հայրապետյանը պատասխանել էր` արտասահմանից, Ռուսաստանի Դաշնությունից բարերարների հաշվին: Վան Հայրապետյանը անուններ չէր նշել` պատճառաբանելով, որ մարդիկ կան, որոնք չեն ուզում` իրենց անունները հրապարակային լինեն, եւ ցանկանում են պարզապես օգնել մարդկանց: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրել էր ցույց տալ փաստաթղթեր, որ հասկանանք, թե կան արդյոք մարդիկ, որոնց տարածքները գնելու համար պայմանագրեր են ստորագրվել, սակայն մեր գնալու օրը Հայրապետյանը նշել էր, թե մտնելու են իրավական դաշտ, եւ խոստացել փաստաթղթեր ներկայացնել մի քանի օր հետո:
Մեկ ամիս առաջ` մեր այդ հրապարակումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր զանգահարել ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը, վիրավորական արտահայտություններ հնչեցրել մեր լրագրողի հասցեին, հետո ասել, որ առարկություններ ունի` մեր հրապարակման հետ կապված: Վերջինս խոստացել էր գալ մեր խմբագրություն եւ ներկայացնել իր առարկությունները, սակայն այդպես էլ տեր չկանգնեց իր խոստմանը:
Նշենք նաեւ, որ մեր հրապարակումից հետո Մհեր Դերձյանի էջում հրապարակվեցին մի շարք ուղիղ եթերներ, որոնց միջոցով վերջինս ցույց էր տալիս այն տարածքները, որտեղ պետք է տներ կառուցվեն: Սակայն ընդամենը մի քանի օր առաջ Մհեր Դերձյանի ֆեյսբուքյան էջը փակվեց: «Ժողովուրդ» օրաթերթին էլ տեղեկություններ հասան այն մասին, որ վերջինս լքել է Հայաստանի Հանրապետությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը նորից որոշեց զբաղվել այս հարցով: Գնացինք Էջմիածնում գտնվող «Մի կտուրի տակ» ծրագրի գրասենյակ, որտեղ մեզ ասացին, որ Մհեր Դերձյանի էջը ջնջվել է, որովհետեւ այդ ծրագրով զբաղվող լրագրողները դա վերցրել են իրենց հսկողության տակ, եւ նաեւ կա մի էջ, որը գողացել են իրենցից: Վան Հայրապետյանը կտրականապես հրաժարվեց մեզ որեւէ փաստաթուղթ ցույց տալ եւ նաեւ հրաժարվեց փոխանցել այն կոնտակտները, որոնցով կարող ենք կապ հաստատել Դերձյանի հետ: Հայրապետյանը մեզ հորդորեց դիմել «Երեւակ» լրատվական վերլուծական ակումբ եւ նշեց` ծրագրի լրատվական գործունեությունը համակարգում է այդ ակումբը, եւ այտեղից կարող են մեր հարցերին պատասխանել: «Երեւակ»-ից մեզ ասացին, որ լրատվականը ռազմավարություն է մշակել եւ որոշել այս փուլում չշփվել լրատվամիջոցների հետ եւ տեղեկություններ չտրամադրել փաստաթղթերի եւ շինարարական աշխատանքների մասին:
«Բնականաբար, ամեն ինչ գործում է օրենքով, պայմանագրերը կան, բայց մեր ընկերության ռազմավարության մեջ չի մտնում, որ մենք հրապարային ինչ-որ գործունեություն իրականացնենք: Մենք արդեն ինտեսիվ աշխատում ենք, ինտենսիվ շինարարական աշխատանքներ են տեղի ունենում. երբ դրա արդյունքերը հստակ կլինի, մենք ինքներս կհրավիրենք մամուլի ասուլիս եւ կտեղեկացնենք ամեն ինչ»,-ասացին մեզ «Երեւակ»-ից:
Հարցրինք՝ ֆինանսավորողների անունները էլի չե՞ն հրապարակի, նշեցին` ոչ: «Մենք գաղտնի չենք պահում ոչինչ: Պարզապես հիմա մամուլի հետ աշխատանքը շատ հստակ կորդինացվում է, եւ առաջիկայում մամուլի բաժինը կսկսի իր աշխատանքները՝ իր բոլոր գործիքներով եւ լրատվամիջոցների հետ աշխատանքով: Շինարարական աշխատանքները սկսել են, չենք կարող ասել, թե որտեղ: Երբ մենք հարկ համարենք տեղեկություններ հրապարակել այդ մասին, այդպես էլ կանենք»,-ասացին «Երեւակ»-ից:
Խնդրեցինք փոխանցել Մհեր Դերձյանի հեռախոսահամարը, «Երեւակ»-ից մեզ ասացին, որ այժմ Դերձյանը հանրապետությունում է, բայց նպատակահարմար չի գտնում հարցազրույցներ տալ: Մեզ հավաստիացրին, որ մոտավորապես 1-2 ամիս հետո ամեն բան հրապարակային կդառնա:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից մեզ տեղեկացրին, որ «Մի կտուր տակ» կազմակերպության ապօրինի գործունեության հետ կապված ոստիկանությունում որեւէ բողոք, գանգատ, հաղորդում չի ներկայացվել: Եւ սա ավելի քան սպասելի է, քանի որ ծրագրի ղեկավարը, վստահ լինելով, որ 2000 դրամի համար մարդիկ ոստիկանություն չեն դիմի, նման խաբեություն է մտածել:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ԳՈՒՄԱՐ ԿՏԱՆ
ՀՀ կառավարությունը 25 մլն 506 հազար դրամ կհատկացնի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Բանն այն է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն էականորեն ընդլայնել է Պաշտպանի լիազորությունների շրջանակը եւ վերապահել կոնվենցիոն կարգավիճակներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ զգալիորեն աճել են նաեւ բողոքները: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի` այցերի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացնում են նաեւ անհատական բնույթի խնդիրներ, ինչը թույլ է տալիս այդ անձանց աջակցություն ցուցաբերել անհատական դիմում-բողոքների քննության հարցում, ու կառավարությունից լրացուցիչ գումարներ տրամադրելու հիմքում հենց այդ հիմնավորումներն են դրված:
Նշենք, որ 2016թ. դիմում-բողոքների թիվը կազմել է 5 հազար 113: 2017թ. հասցեագրված դիմումների ու բողոքների թիվը կազմել է 6 հազար 417, իսկ արդեն 2018թ. այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է` դառնալով 10 հազար 673 դիմում-բողոք: Սա ինքնին ուշագրավ ցուցանիշ է. այլ հարց, թե ՄԻՊ-ն այդ դիմումերից քանիսն է բավարարել: Նկատենք, որ բողոքների թվի աճով ավելանում են նաեւ իրականացվող այցերը: 2014թ. ընդհանուր առմամբ իրականացվել է 458 այց, 2015թ.՝ 586, 2016թ.` 415, 2017թ.` 614, 2018թ.` 1134: Ի դեպ, 2013թ. դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 347, 2014թ.` 385, 2015թ.` 498, 2016թ.` 444, 2017թ. այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է` դառնալով 845, իսկ արդեն 2018թ.` 1576:
Կարելի է եզրակացնել՝ թավշյա հեղափոխությունն իրավիճակ է փոխել նաեւ ՄԻՊ գրասենյակում՝ ստիպելով այս կառույցին ավելի ակտիվ աշխատել՝ ավելի ակտիվ այցեր իրականացնելով:
ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՀՈԳԻ
Բուքմեյքերական ընկերությունների գրասենյակների մեծ մասը փակելու իշխանական նախաձեռնությունը սպառնում է առնվազն մի քանի հարյուր ընտանիքի արտագաղթելու պատճառ դառնալ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման գրասենյակների երկարամյա աշխատակիցներից մեկը նշեց, որ հիմա մի քանի օրով գնում է ընտանիքի հետ Շենգենյան գոտու երկիր։ Ապա հետ է գալու, որպեսզի դիմի ԱՄՆ-ի դեսպանատուն՝ հույս ունենալով, որ հեշտ կստացվի վիզա ստանալը, ինչից հետո ընտանիքով արտագաղթելու է։ Մեր զրուցակիցը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, թե ստացել է բավականին բարձր աշխատավարձ, ունի վարկեր, բայց չի կարողանալու փակել, քանի որ նման աշխատավարձով այլ աշխատանք այլեւս չի կարող գտնել։ «Այդ ընկերությունների սեփականատերերը հարուստ են. նրանք հետ գցած փողեր ունեն, որով կարող են ապահովել անգամ իրենց թոռներին։ Տուժում ենք մենք։ Մեր գրասենյակի մի քանի տասնյակի հասնող աշխատողներ արդեն պատրաստվում են լքել երկիրը»,- նկատեց մեր զրուցակիցը։ Մեր այն հարցին՝ արդյոք խաղամոլության դեմ պայքարը վատ է, հուսահատված քաղաքացին արձագանքեց՝ նշելով, որ այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում համացանցով են սկսելու իրականացնել բոլոր խաղադրույքները, ապա լրացրեց. «Բայց դա գոնե կտեւեր 4-5 տարի, ու ժամանակ կունենայինք այլ աշխատանք գտնել ու մնալ մեր երկրում։ Հիմա մեզ ուղղակի դուրս են շպրտում փողոց, միակ ելքը արտագաղթելն է»։ Մեր զրուցակիցը խնդրեց նաեւ փոխանցել իր թախանձագին խնդրանքը. գոնե երկու տարով հետաձգել օրենքի՝ ուժի մեջ մտնելը, ինչը կարող է ժամանակ ու հույս տալ հազարավոր մարդկանց այլ աշխատանք գտնել ու մնալ հայրենիքում. «Միակ խնդրանքս այս պահին դա է»։
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՄԱՆԵՐՈՒՄՈՎ ԱԶԱՏՎԵՑԻՆ
Մարտի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված էր Դիլիջանի քոլեջի 2 դասախոսների դատավարության առաջին նիստը: Լիլիթ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, հանդիսանալով «Դիլիջան պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոս, 2017-2018 ուսումնական տարում ուսանողներ Ա. Վարդիկյանի, Ա. Նազարյանի` ՀՀ-ից բացակայելու պարագայում, նույն քոլեջի դասախոս Սոնիկ Դավթյանի խնդրանքով, նրանց բացակաները սահմանված կարգով չի հաշվառել, այլ նրանց կողմից ուսման շարունակելն ապահովելու նպատակով վերջիններիս անվան դիմաց նշանակել է 7 դրական գնահատական: Սակայն նա, հետագայում իմանալով, որ վերոհիշյալ ուսանողները բացակայում են ՀՀ-ից, սպիտակեցնող նյութով ջնջել է նշված գնահատականները եւ դրանց վրա կատարել «բացակա» գրառում:
Մարիամ Թամամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով նշված պետական քոլեջի դասախոս, 2017-2018 ուսումնական տարում ուսանողներ Ա. Վարդիկյանի, Ա. Նազարյանի` 2017թ. սեպտեմբերի 18-ից մինչեւ 2017թ. հոկտեմբերի 29-ը ՀՀ-ից բացակայելու պարագայում նույն ժամանակահատվածներում նրանց բացականները սահմանված կարգով չի հաշվառել, այլ նրանց կողմից ուսման շարունակելն ապահովելու նպատակով վերջիններիս անվան դիմաց նշանակել է թվով 3 դրական գնահատական: Լ. Մկրտչյանին եւ Մ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատաքննությունը կայացել է արագացված վարույթով: Դատարանը Լ. Մկրտչյանին նրա կատարած 7 էպիզոդով հանցագործության համար դատապարտել է 500 հազար դրամի չափով տուգանքի, իսկ Մ. Թամամյանին 4 էպիզոդով կատարած հանցագործության համար՝ 350 հազար դրամի չափով տուգանքի:
Դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է կիրառել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը եւ Լիլիթ Մկրտչյանին ու Մարիամ Թամամյանին ազատել պատժից` նրանց նկատմամբ նշանակված դրամական տուգանքներից:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ