Երեւանի աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերությունում անհանգստացած են: Ընկերության աշխատակիցների պատմելով` «Սանիտեք»-ը հնարավոր է` առաջիկայում սնանկացման գործընթաց սկսի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մարտի 25-ին արած հայտարարությունը խուճապ է առաջացրել «Սանիտեք» ընկերությունում: Նա իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից: «Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք»-ը մի քիչ ուշքի գա»,- բավական խիստ նախազգուշացրել է քաղաքապետը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետի այս հայտարարությունից հետո ընկերության ղեկավար կազմը ժողով է հրավիրել: Աշխատողների պատմելով` ընկերության ղեկավարը իրենց հորդորել է «դուխները չգցել», քանի որ շուտով աղբի մեքենաներ եւ աղբամաններ են գալու Հայաստան, եւ ամեն բան լավ է լինելու: Բայց ընկերության աշխատակիցները վստահ են, որ ղեկավարության այս ժողովն ու հայտարարությունները ձեւական են, քանի որ նրանք մեկ տարուց ավելի է, ինչ հայտարարում են, որ աղբի մեքենաներն է՛լ, աղբամաններն է՛լ ճանապարհին են ու շուտով կհասնեն:
Բայց մեզ հայտնի դարձավ, որ «Սանիտեք»-ը հրաժարվում է ներդրումներ անել. ո՛չ աղբամաններն է պատրաստվում բերել Հայաստան, ո՛չ աղբի մեքենաները եւ ո՛չ էլ աշխատողների աշխատավարձերն է բարձրացնում: Իսկ երկար սպասված աղբի մեքենաներն էլ այդպես էլ մուտք չեն գործելու Հայաստան: Նշենք, որ ընկերության աղբի մեքենաներն, իրենց պնդմամբ, փչացել են անորակ դիզվառելիքի պատճառով, իսկ այդ մեքենաներից յուրաքանչյուրը գնվել է 150-200 հազար դոլարով. դրանք «Եվրո-5» ստանդարտ ծրագրով են: Իսկ Հայաստանում կա եվրոդիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը որ պետք է ընկերության մեքենաներին: Ընկերության մաքրուհիները համոզված են, որ առաջիկայում ընկերությունն արագ կսնանկանա: Նրանք մտավախություն ունեն, որ այս դեպքում ընկերությունը իրենց չի վճարի հասանելիք վերջնահաշվարկը, իսկ այն բավականին մեծ գումար է կազմում:
«Ինչ որ մի բան կատարվում է ընկերության ներսում. թե ինչ, չգիտենք: Բայց այն, որ առաջիկա օրերին մի բան լինելու է, դա հաստատ է: Ընկերությունը աշխատողների հետ տարիուկես է՝ աշխատանքային պայմանագիր չի կնքում: Ինչ է թե աշխատավարձի փոփոխություն պետք է կատարվի, խուսափում են պայմանագիր կնքել»,- հուսահատված նկատեց ընկերության մաքրուհի Ալինան:
Մաքրուհու պատմելով` ընկերության համակարգիչները նախօրեին չեն աշխատել. «Այսօր (նկատի ունի երեկ-Ս.Հ.) մեր բրիգադիրը ինչ-որ սպիտակ, դատարկ թուղթ էր բերել, որ աշխատակցի անուն-ազգանունը վրան գրի, ինչի դիմաց էլ պետք է տվյալ աշխատողը ստորագրի ե՛ւ աշխատանքի գալուց, ե՛ւ գնալուց: Բայց նախկինում բրիգադիրը բերում էր թղթի վրա արդեն տպագրված աշխատողների անուն-ազգանունները, ժամը, տարածքի չափը: Մեզ մնում էր միայն ստորագրել մեր անվան առաջ: Հարցինք` ինչու նախկին թղթերը չկան, ասաց` ընկերության համակարգիչները չեն աշխատում, պլոմբած են»:
Ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ քաղաքապետարանը հնարավոր է առաջիկայում լուծարի «Սանիտեք»-ի հետ կնքած պայմանագիրը, եւ քաղաքապետ Հայկ Մարությանի` «Սանիտեք»-ին ուղղված վերջին զգուշացումը դրա մասին է խոսում: Մյուս կողմից` սա առաջին անգամ չէ, որ քաղաքային իշխանությունները փորձում են ուշքի բերել «Սանիտեք»-ին, բայց ընկերությունն այդպես էլ ուշքի չի գալիս:
«Սանիտեք»-ի աշխատողների պատմելով` այժմ խոսվում է այն մասին, որ քաղաքապետարանը մտադիր է աղբահանության ոլորտում ներգրավել միայն տեղական օպերատորի կամ էլ մայրաքաղաքի աղբահանությունը կազմակերպել ինչպես նախկինում. յուրաքանչյուր վարչական շրջան ինքը կազմակերպի աղբահանության գործընթացը: Ըստ այդ լուրերի` Փոքր կենտրոնում հնարավոր է` անկախ ընկերություն աղբահանությունն իրականացնի:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչիկյանի հետ: Ընկերության հնարավոր սնանկանալու հետ կապված` Խաչիկյանն անմիջապես հայտարարեց` նման բան չկա: «Այն, որ լավ չի իրականացվում աղբահանությունը, մենք տեղյակ ենք: Մենք ընկերությանն առաջարկել ենք, որ իրենք քաղաքի մի հատվածում աղբահանությունը կազմակերպեն, իսկ մենք՝ մեկ այլ հատվածում, բայց իրենք չընդունեցին այդ առաջարկը»,- հայտարարեց պաշտոնյան: Ասել է թե` քաղաքապետարանը «Սանիտեք»-ին երկրորդ հնարավորությունն է տվել, բայց ընկերությունը, կարծես թե, ականջալուր չէ:
«Մենք իրենց իրազեկում ենք, որ իրենք սխալ են աշխատում. ամեն օր իրենց ուղարկում ենք իրենց թույլ տված թերությունները` փաստերով, ապացույցներով: Եթե առաջիկայում բանը հասնի միջազգային դատարան, մենք հիմքեր ունենք: Փաստերը կա՛մ լուսանկարներ են, կա՛մ տեսագրություն»,- փոխանցեց Խաչիկյանը: Մասնագետի խոսքերով` մայրաքաղաքում պետք է երկու կամ երեք աղբահանություն կազմակերպող անկախ օպերատոր լինի: Թե ինչպես այն կգործի, մասնագետը չմանրամասնեց:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ «Սանիտեք» ընկերության հետ քաղաքապետարանը շարունակում է բանակցել ու մեծ խնդիրների մեջ է, իսկ ընկերությունը չի ցանկանում աշխատել:
Ի դեպ, զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Արարատ Խաչիկյանն այսօր հանդիպում է ունենալու «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ: Հանդիպման նպատակը աղբահանության կազմակերպումն է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաեւ ընկերության մամուլի խոսնակի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ