«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության` քչերին հայտնի գծերը, խոսել ենք այն խոչընդոտների մասին, որոնք հաղթահարել է դերասանը, անդրադարձել ենք նաեւ հայաստանյան ներքին քաղաքական կյանքին: Պարոն Մարությանի համոզմամբ` մեր երկրի ներկայիս վիճակը տխուր է, հեղափոխությունից հետո մենք մի քանի տարով հետ ենք ընկել, բայց նա հավատում է երկրի ղեկավարին եւ այն բանին, որ իր թոռներն ապրելու են կարգին երկրում: Նա նաեւ նշել է, որ չի հասկանում մարդկանց, որոնք լքում են հայրենիքը. ամեն դեպքում, դրա համար արդարացում չկա…
-Պարո՛ն Մարության, սովորաբար արթնանում եք…
-Երբ արեգակը ծագում է: Ես այն տարիքում չեմ, որ շատ քնեմ. ուշ քնում եմ, շուտ արթնանում:
-Տասը տարի առաջ երբեք չէիք պատկերացնի, որ…
-Այսքան շուտ կարթնանամ (ծիծաղում է):
-Կյանքը սովորեցրել է Ձեզ…
-Միշտ համեստ լինել:
-Նշեք արտիստի անուն, որը Ձեզ համար անփոխարինելի է:
-Այդպիսի արտիստ չկա, բոլորն էլ փոխարինելի են: Չկա նաեւ այդպիսի նախագահ, այդպիսի գրող, այդպիսի մարդ… Դա իմ կարծիքն է:
-Երբեք չեք հասկանա այն մարդկանց, որոնք…
-Լքում են իրենց հայրենիքը: Դրա համար արդարացում չկա, թեպետ միշտ էլ ինչ-որ բացատրություններ գտնում են…
-Ըստ Ձեզ` ո՞րն է գիտության ամենամեծ նվաճումը:
-Այն, որ մարդը ոտք է դրել, օրինակ, լուսնի վրա…
-Շարունակե՛ք միտքը. «Եղել են մարդիկ, որոնք չեն հավատացել, որ ես…»
-Կարգին դերասան կդառնամ: Հիմա նրանք չկան. մեռել-գնացել են…
-Ձեր ո՞ր հատկանիշն է հիմնականում գրավում հակառակ սեռին:
-Աղեղնավորին բնորոշ բոլոր հատկանիշները: Չգիտեմ ինչու, կանայք աղեղնավորներին սիրում են:
-Ինչպե՞ս եք տաբերակում ազնիվ մարդկանց կեղծավորներից:
-Մարդու արտաքինից երեւում է: Տարիների ընթացքում մենք` դերասաններս, հոգեբան ենք դառնում, ֆալշը միանգամից ենք զգում:
-Ձեզ չեք ների, եթե…
-Կորցնենք մեր պետականությունը…
-Դժվարությամբ եք հարմարվում…
-Կեղծիքին:
-Այս երեքից ո՞րն է Ձեր մասին` սնահավա՞տ, թերահավա՞տ, թե՞ դյուրահավատ:
-Ոչ մեկն էլ իմ մասին չէ:
-Մուսաները գալիս են այն ժամանակ, երբ…
-Թարսի պես այն ժամանակ, երբ քնած ես լինում (ծիծաղում է):
-Ամենաանսպասելի բանը, որ երբեւէ Ձեզ հետ պատահել է:
-Գնացի բժշկի, ինձ ասացին, որ սրտիս գլխավոր երակը բարակել է, կարող է ամեն պահի կտրվել… Բժշկական միջամտություն կատարեցին:
-Ամենաշատը ալարում եք…
-Ես ոչ մի բանի համար չեմ ալարում. շատ աշխույժ մարդ եմ:
-Երկիր, որտեղ եղել եք ու էլի կցանկանաք լինել:
-Միակ երկիրը, որտեղ Հայաստանից հետո կցանկանայի լինել, Նորվեգիան է, մասնավորապես` Օսլո քաղաքը:
-Ձեզ շա՞տ են թիկունքից հարվածել:
-Առավոտից իրիկուն: Շնորհքով մարդկանց չեն սիրում, չգիտեի՞ք: Ամբողջ կյանքում ամեն ինչի հասել եմ դժվարությամբ, տառապանքով եւ չարչարանքով:
-Ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս հայաստանյան քաղաքական կյանքը:
-Մեր երկրի ներկան շատ տխուր եմ տեսնում, լավ չէ իրավիճակը. ես այդպես եմ զգում: Հեղափոխությունից հետո ոչ մի բան էլ չի փոխվել, դեռ մի բան էլ վատացել է, վիճակը դժավարացել է: Ընդհանրապես, հեղափոխություններից հետո երկրների վիճակը միանգամից չի լավանում, ժամանակ է պետք՝ 10, 20, 30 տարի… Բայց ես հավատում եմ մեր երկրի ղեկավարին, հավատում եմ, որ մեր թոռները կարգին երկրում են ապրելու:
-Երջանիկ լինելու համար ուղղակի պետք է…
-Ապրել բարեկեցիկ երկրում, ունենալ լավ ընտանիք, երեխաներ, սիրած աշխատանք եւ աշխատավարձ, որը կբավարարի քեզ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՏԵՂԱՓՈԽՎԻ
Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր թիրախներից մեկը: Իկարդիի ներկայացուցիչները արդեն նախնական բանակցություններն են վարել «Ռեալի» հետ: Կողմերը քննարկել են 26-ամյա ֆուտբոլիստի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալի» շարքերը համալրելու տարբերակները: Նշվում է, որ «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել Իկարդիի տրանսֆերը նվազագույնը 50 միլիոն եվրոյի դիմաց:
ԿՐԿԻՆ ՀԱՅՐ Է ԴԱՌՆԱԼՈՒ
CorreiodaManh-ն հայտնում է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը, երեխայի է սպասում: 34-ամյա ֆուտբոլիստի սիրելին ներկա էր «Եվրո-2020»-ի ընտրական փուլի` Սերբիայի հետ խաղին (1:1): Լրագրողների աչքից չի վրիպել Ջորջինայի զգեստը, որը չի քողարկել աղջկա մեծացող փորիկը:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ