ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հարցեր են քննարկել Արմեն Սարգսյանն ու ՀՅԴ-ականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՅԴ պատվիրակությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը հյուրերի խնդրանքով անդրադարձ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ առաջիկայում մեր երկրում կայանալիք հայաստանյան «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds), որը համախմբելու է աշխարհի հայտնի վերլուծական կենտրոնների, նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ողջունել է նման հեղինակավոր միջոցառումը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել գագաթնաժողովի աշխատանքների և կազմակերպիչների հետ համագործակցության հեռանկարների մասին:

Նա նաև անդրադարձել է նախագահական մյուս նախաձեռնություններին, որոնք կոչված են նպաստել մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության և այլ ոլորտներում աշխարհի առաջատար ընկերությունների հետ համագործակցության հաստատմանը:

Զրուցակիցները խոսել են նաև համահայկական օրակարգի տարբեր խնդիրների մասին: Նշվել է, որ բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն ուժեղ, զարգացած, պաշտպանված և օրենքներով առաջնորդվող երկիր կառուցելուն: Այդ համատեքստում կարևորվել է խորը հարգանքը պետական ինստիտուտների հանդեպ:

Նշելով, որ երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ և անելիքներ կան՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում փոփոխությունների և բարեփոխումների անհրաժեշտությունը: Միաժամանակ, նրանք համակարծիք են եղել, որ դրանք պետք է իրականացվեն հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համագործակցել համահայկական տարբեր ծրագրերի շուրջ:




Լրահոս