Ի՞նչ ձեռք բերեց մեր պետությունը և որտե՞ղ է հապաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին, Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայաստանի՝ որպես պետության անցած ճանապարհի, ներկայիս մարտահրավերների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը դարերի ընթացքում սովորել է դիմանալ դժվարություններին եւ հաղթահարել դրանք, բայց որպես պետություն կայացման համար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու. «Մենք անընդհատ այդ կայացման փուլում ենք: Մեր պետական ինստիտուտները անընդմեջ ոչ թե բարեփոխումների, այլ հենց կայացման կարիք ունեն, դատական համակարգը` Ձեզ օրինակ:

Չգիտեմ՝ երբ կարող ենք այս շրջանից դուրս գալ, բայց, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»-տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ուժեղ պետություն ունենալուն խոչընդոտում է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, որը դեռեւս չի լուծվում. «Այդ հարցն ով ինչպես ուզում է, օգտագործում է` սկսած քաղաքական կուսակցություններից, վերջացրած գերտերություններով: Արանքում մենք ենք տուժում, եւ, բնական է, որ շատ դանդաղ ենք առաջ շարժվում»,- ասաց երգահանը:

Հարցին, թե թավշյա հեղափոխությունից հետո ինչ հեռանկար է տեսնում մեր երկրի համար, պարոն Բայաթյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր հեղափոխությունից հետո գալիս է բավական բարդ շրջան, հաստատման փուլ: Մինչեւ այդ իշխանությունը հաստատվում է, գալիս է մեկ ուրիշը, ասում է՝ սպասե՛ք, ավելի լավ բան եմ առաջարկում: Համենայնդեպս, եթե ներկայիս իշխանությունն արագ տեմպով աշխատի եւ կարողանա երեք-չորս տարում օրենքի դաշտը կարգավորել, առաջընթացի հնարավորությունները կմեծանան»:

Հ.Գ. Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո:

Մայիսի 29-ին ՀՅԴ Արեւմտյան եւ Արեւելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երեւանը. վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կառուցվեց 1968 թվականին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս