Յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ կոմիտե` պահանջելու յուրաքանչյուր այլ անձի դիսերտացիոն աշխատանքը. Հովհաննես Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, Սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ էր հրավիրել, թեման` «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները»: Բանն այն է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հայտարարել էր, թե դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսությունը գրագողություն է:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց. «Գրագողությունը համարելով մեծագույն չարիք եւ մեծագույն մարտահրավեր գիտության զարգացման համար` կքննարկենք օրենսդրական բարեփոխումների հարցը այդ արատը արմատախիլ անելու համար»:

Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Ըստ ԲՈԿ-ի` Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, Սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս բացահայտվեց դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության գրագողության հարցը, որտեղի՞ց եք նման տեղեկություն ստացել: Խնդրում եմ, մանրամասնեք տեղեկությունը:

-Դա տեղի է ունեցել դեռ անցյալ տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին. Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն ասաց, որ մի քաղաքացի գնացել է ԲՈԿ, ու յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ կոմիտե` պահանջելու յուրաքանչյուր այլ անձի դիսերտացիոն աշխատանքը: Ես ասեմ ավելին` այդ աշխատանքները դրված են նաեւ օնլայն տիրույթում ու կա նաեւ Ազգային գրադարանում, այսինքն` յուրաքանչյուր ոք կարող է գնալ, վերցնել ու կարդալ: Վերցրել, կարդացել է ու եկել ասել է, որ կա գրագողություն: Դրանից հետո սկսել է մամուլը հետաքրքրվել այդ ամենով, ըստ երեւույթին, այդ քաղաքացու հայտարարածի հետքով:

-Դուք հավատո՞ւմ եք, որ մի քաղաքացի կարդացել ու բացահայտել է, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը գրագողություն է արել, այսինքն` որեւէ հետապնդում այս հարցում չկա, ու սա քաղաքացու «քրտնաջան» աշխատանքի արդյունք է:

-Դե, կարող է քաղաքացի չի, այլ այդ դատավորի դեմ ինչ-որ մի խնդիր ունեցած մարդ է եղել ու, այնուամենայնիվ, քաղաքացի է եղել: Ուղղակի աղմուկը բարձրացավ իր վերջին այս հայտարարություններից հետո. մենք արդեն շեշտել ենք, որ այս գրագողության հարցը միայն Ազարյանի հարցը չի, դա բոլորի հարցն է` թե՛ բժիշկների, թե՛ դատավորների, թե՛ մնացած բոլոր ոլորտի մասնագետների, հատկապես` մանկավարժների, այսինքն` սա ընդհանուր մի մեծ խնդիր էր, որը առիթ հանդիսացավ այդ խնդիրը քննարկելու համար:

-Իսկ հիմա հանձնաժողովի թիրախում կա՞ն էլի նման մարդիկ, ում ատենախոսությունները կուսումնասիրեք` պարզելու համար` արդյոք եղել է գրագողություն, թե ոչ:

-Մենք ոչ մեկին թիրախում չունենք, մենք թիրախում ունենք երեւույթը` գրագողության երեւույթը, ու կապ չունի, թե այդ երեւույթի տակ ով կտեղավորվի, այսինքն` դա կլինի իշխանությունից որեւէ մեկը, դա կլինեմ ես, դա կլինի մեկ այլ մարդ` նախորդ, թե դրսի, այսինքն` գիտական մարդ, այստեղ որեւէ կապ չունի: Այսինքն` այստեղ երեւույթի վրա կենտրոնանալն է եւ ոչ մի բան ուրիշ:

-Տեղեկություններ կան, որ իրենց ատենախոսությունները եւս «կեղծել են» նախորդ իշխանության շատ ներկայացուցիչները. նշվել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը: Դուք պատրաստվո՞ւմ եք ուսումնասիրել նաեւ նրանց «գրածները», նախորդ իշխանություններին անդրադառնալո՞ւ եք:

-Գիտեք ինչ, գրագողությունն այն երեւույթն է, որ անգամ քաղաքակիրթ երկրներում, ասենք` Գերմանիայում եւ ԱՄՆ-ում, նման երեւույթներ անընդհատ հայտնաբերվում են, այսինքն` այդ երեւույթը մշտապես եղել է ու լինելու է: Կարեւորը ճիշտ հայտնաբերելն է, ճիշտ ժամանակին եւ ճիշտ մեթոդներով դրանց դեմն առնելն է ու տվյալ գրագող մարդկանց համապատասխան պատժի ենթարկելն է: Իսկ ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի ատենախոսությանը, ապա ես չեմ ուսումնասիրել, բայց հատուկ ԲՈԿ-ին հարցրել եմ, որ կա արդյոք այդ երեւույթը, նրանք պնդել են, որ գրագողության երեւույթ չկա, չնայած հանրույթին հայտնի է, թե ով է գրել այդ աշխատանքը եւ ինչի դիմաց է գրվել այդ աշխատանքը:

-Գիտեք, ուսումնասիրել եք, պարզել եք, բայց չեք պատժո՞ւմ. ի՞նչ է սպասվում նման գրագողներին:

-Դրա համար չկա ընթացակարգ ու չկա օրենսդրական լուծում, գործիք չկա պարզելու, դրա համար ես շեշտեցի, որ սա էթիկական ու բարոյական դաշտում է եւ, ի վերջո, պետք է հասկանալ, թե ինչի համար է պետք այդ կոչումը: Եթե դա որեւէ բան չի ավելացնում, այլ մի բան էլ պարտավորեցնում է, շատ մարդիկ կձգտեն չգնալ դրան, գումար էլ չծախսել եւ ստանալ այդ կոչումը, որն իրականում իրենց պետք չի էլ գալու ամբողջ կյանքի ընթացում:

-Ինչպե՞ս եք այդ դեպքում լուծելու հարցը, որպեսզի այն չկրկնվի. գուցե մեկին պատժեք մի մեխանիզմով, որ դաս լինի մյուսների համար:

-Պատիժը մտածում ենք, ԲՈԿ-ում կա աշխատանքային խումբը, որը հստակեցնելու է, թե ինչ է գրագողությունը: Հստակ կլինեն չափանիշներ, մենք կաշխատենք ԲՈԿ-ի հետ ու կտեսնենք, թե օրենսդրական ինչ բացեր են տեսել, կփորձենք այդ բացերը լրացնել:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս