ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղեկացրել է. «2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին: Թափ ենք հավաքում»: Ավելին` ուշ հրապարակվեց նաեւ այս տարվա առաջին չորս ամսվա սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները: Պատկերը բավական խոսուն է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չորս ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7 տոկոսով:
Բավականին աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 4.5 տոկոս: Ու սա այն դեպքում, երբ հանքարդյունաբերող ընկերություններն արդեն մեկ տարի է` հայտնի պատճառներով չեն գործում, եւ նախկինում իշխանություններին հենց դրա շնորհիվ է հաջողվել դրական ցուցանիշ արձանագրել: Հիմա, ընդհակառակը, կարծես փոխվել է արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելացել են շինարարության ծավալները՝ 8 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 9.8 տոկոսով, ծառայությունների ծավալները՝ 17 տոկոսով: Միաժամանակ, սակայն, կան բացասական ցուցանիշներ. էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են բավական կտրուկ՝ 9.2 տոկոս: Շարունակվում է բացասական ընթացքն արտաքին առեւտրաշրջանառության մեջ. այն պակասել է 4.2 տոկոսով, որից արտահանումը նվազել է 8.6 տոկոսով, ներկրումը՝ 1.9 տոկոսով: