ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է եւ շուտով կհաստատվի։ Այդ մասին մայիսի 22-ին ՀՀ փոխվարչապետ, համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը նշել էր Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերի 24-ին, որը 2018 թվականի հունիսի 1-ից մասնակի ուժի մեջ էր մտել, եւ այս պահին գործում է համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը։ Մնացած դրույթներն արդեն ուժի մեջ կմտնեն Եվրոպական միության երկրների խորհրդարաններում համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելուց հետո։
Սակայն ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխութունից հետո համաձայնագրի կիրարկման գործընթացը մի փոքր դանդաղեց. նոր իշխանություններին ժամանակ էր անհրաժեշտ իրավիճակին ծանոթանալու համար։ Սակայն իրավիճակը հանգեցրեց նրան, որ մեկ տարի անց նոր միայն ճանապարհային քարտեզը պատրաստ է լինելու, եւ կան բավականին նախագծեր, որոնք նոր իշխանությունները պետք է հասցնեն ընդունել արագ մինչեւ այս տարվա ավարտը։ Եվ, ահա, կիրարկման գործընթացն արագացնելու եւ ճանապարհային քարտեզը մշակելու համար անցյալ տարի ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով։
Ճանապարհային քարտեզն արդեն իսկ տրամադրվել է Եվրոպական կողմին։ Այդ մասին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել դեսպանների հետ հանդիպմանը՝ նշելով, թե ճանապարհային քարտեզը հիմնականում պատրաստ է, եւ այժմ փաստաթուղթն ուսումնասիրվում է ԵՄ-ի կողմից։ Եվ մինչեւ հունիսի 13-ը այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում ու ընդունվի վարչապետի կողմից: Հետաքրքիր է, որ ի սկզբանե պետք է կառավարությունը հավանության արժանացներ այդ փաստաթուղթը, սակայն քննարկումներից հետո որոշում է կայացվել դա թողնել ՀՀ վարչապետի հաստատմանը, որպեսզի հետագայում եւս ինչ-որ կետեր փոխելը հեշտ ստացվի, այլ ոչ թե ամիսների գործ դառնա՝ թղթաբանության պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ճանապարհային քարտեզը բաղկացած է երկու մասից․առաջինը՝ առեւտուր եւ առեւտրին առնչվող հարցերն են, իսկ երկրորդը՝ ոլորտային համագործակցությունը, որն էլ իր հերթին ներառում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտ, էներգետիկա, շրջակա միջավայր, արդարադատություն, միգրացիա, գյուղատնտեսություն, սպառողների պաշտպանության ոլորտներ։
Ճանապարհային քարտեզի ընդունումից հետո արդեն պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրության մոտարկումը եվրոպական չափանիշներին: Եվ մենք տեղեկացանք, որ այստեղ էլ է փոփոխություն եղել, քանի որ ի սկզբանե խոսք էր գնում ներդաշնակեցման, ոչ թե մոտարկման: Իսկ փոփոխությունն էլ պայմանավորված է այլ ինտեգրացիոն միության մեջ լինելով: Նշենք, որ ճանապարհային քարտեզը բավական ծավալուն է եւ մոտ 200-ից ավելի գործողություններ են նախատեսված, որոնք պետք է Հայաստանը իրականացնի, եւ որոնց իրականացման ժամկետները բավականին մոտ են:
«Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ` մինչեւ 2019 թվականի վերջ նախատեսված է ոստիկանության համակարգում փոփոխություններ կատարել՝ նոր մոդելի ոստիկանության ստեղծում, փոփոխություններ պարեկային ծառայությունում: Հաջորդ փոփոխությունը, որը պետք է արվի կրկին մինչեւ այս տարվա վերջ, կապված է մարդու իրավունքների եւ դատաիրավական բարեփոխումների հետ: Շատ այլ պարտավարությունների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ, չնայած քայլերը կարող են ավարտին հասցնել ավելի շուտ եւս: Օրինակ` դատավորների թվի ավելացում է նախատեսված 2022 թվականի համար, 2020 թվականին նախատեսվում է փոփոխություն քրեակատարողական հիմնարկների բնագավառում:
Ըստ այդմ, նախատեսվում է դադարեցնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գործունեությունը եւ դրա փոխարեն այլ ՔԿՀ ստեղծել: Ճանապահային քարտեզում ամրագրված է կետ նաեւ ԶԼՄ-ների գործունեության մասով: Ըստ այդմ, մինչեւ 2020 թվականը պետք է փոփոխություններ կատարվեն, եւ ապահովվի ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը:
Եվ ինչպես կարելի է եզրակացնել, կառավարությանն առաջիկայում լուրջ աշխատանք է սպասվում՝ ժամկետների մեջ տեղավորվելու մասով: Ընդ որում, նախորդ տարվանից մինչեւ այժմ շատ նախագծեր չեն արվել, սակայն եվրոպական կողմն, ամեն դեպքում, ընդունել է, որ Հայաստանի ներսում տեղի ունեցած փոփոխություններն են պատճառը: Եվ, կարծես թե, հունվարից հետո նոր փուլ է սկսվել, եւ հիմա իշխանությունները պետք է անեն առավելագույնը:
Նաիրա Հովհաննիսյան