«Իմ քայլ»-ի թեկնածուի ռեյտինգն Աբովյանում այնքան էլ բարձր չէ. պատգամավորներն ակտիվ հանդիպումների մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները: Ընդ որում, այդ ընտրությունները խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, մեր տեղեկությունների համաձայն, այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ` ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանին: Մեր տեղեկություններով` լարված են գործող քաղաքապետի ու մարզպետի հարաբերությունները. մարզպետը մի քանի անգամ մամուլով մեղադրանքներ է հնչեցրել գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հասցեին:

Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ իրենք բնավ նպատակ չեն հետապնդում նախկին իշխանությունների նման բոլոր համայնքներում կուսակցականացնելու համայնքապետերին կամ իրենց թեկնածուներին առաջադրելու` տոտալ կուսակցական հսկողություն իրականացնելու համար: Բայց անդրադառնալով գործող քաղաքապետի գործունեությանը` մարզպետն ասել էր, թե նույնիսկ հաղորդում է տրվել դատախազություն, մի շարք առեւրեւույթ խախտումներ հայտնաբերվեցին, որոնց փաթեթը եւս ներկայացվել է մարզի դատախազին: Եւ դրանք պետք է իրավական գնահատականի արժանանան, որից հետո էլ քաղաքական վստահության հարց կա:

Այնուամենայնիվ, աբովյանցիներից շատերի պնդմամբ` իշխանության թեկնածուն հանրության շրջանում անհայտ է, այդ իսկ պատճառով այս հարցի վերաբերյալ քննարկումները թեժ ու լարված են նույնիսկ իշխանության ներսում. մասնավորապես` մի քանի պաշտոնյաներ ամենեւին էլ կողմ չեն Գուլյանի թեկնածությանը:

Նշենք, որ Գուլյանը տարիներ շարունակ աշխատել է Աբովյանի եւ Երեւանի քաղաքապետարաններում: Նա աշխատել է Աբովյանի քաղաքապետարանում որպես ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ, այնուհետեւ որպես ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ: Այնուհետեւ նա թվերին աշխատել է Երեւանի քաղաքապետարանի` «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ում` որպես ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ, ապա, որպես բաժնի հաշվապահ, 2014-ից մինչեւ 2018 թվականի օգոստոսն էլ աշխատել է Երեւանի քաղաքապետարանի` «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ում որպես տնօրենի տեղակալ: Գուլյանը այժմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ գնալու են Աբովյան, նախընտրական շտաբում ունենալու են հանդիպումներ, քննարկումներ` հասկանալու իրենց գործողությունների հետագա ընթացքը: Ըստ մեր տեղեկությունների` «Իմ քայլի» թեկնածուի ռեյտինգն Աբովյանում այդքան էլ բարձր չէ, եւ այնտեղ մտավախություն կա, որ իրենց թեկնածուն հնարավոր է պարտություն կրի քաղաքապետի ընտրություններում: «Իմ քայլի» պատգամավորներն այս օրերին էլ ակտիվ քննարկումներ են ունենում` որոշելու, թե ինչ քայլերի միջոցով կարող են արդյունքի հասնել: Ըստ Աբովյանում շրջառանվող տեղեկությունների` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Աբովյանում հաղթանակ չի կարող տանել, որովետեւ հակառակորդ թեկնածուի` գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի վարկանիշն ավելի բարձր է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:

«Շրջանառվող լուրերն ակնհայտ իրենց պարտությունը գիտակցող, իրենց պարտությունը կանխատեսող քաղաքական շրջանակաների մտքի զառանցանքն է: Չկա նման բան: Ես Ձեզ ավելին ասեմ. մեր բակային հանդիպումները, մեր քարոզարշավի ընթացքը այս պահին այլ բանի մասին են խոսում եւ վկայում: Ինչ է նշանակում` գործող քաղաքապետի ստատուսը բարձր է: Ես այս պահին հանրակացարանների թաղամասում եմ: Քաղաքապետի վարկանիշն ինչպես է բարձր, որ վթարային շենքերում մարդիկ են բնակվում, եւ 4 տարի ինքը այստեղ չի եղել: Գործող քաղաքապետի նախընտրական բուկլետի առաջին կետում նշված է, որ վթարային շենքերի հարցը պիտի լուծվեր, ես մի տարի է` իրեն ասում եմ` ներկայացնենք կառավարությանը, որ կարողանանք այս հարցը լուծել, ինքն ինձ ասում է` չէ, ես զբոսայգի եմ ուզում հիմնանորոգեմ, ասում է` ես չեմ կարող կեղծ խոստում տալ: Ես Ձեզ երաշխավորում եմ, որ նման բան չկա, հեղափոխական թիմը հեղափոխությունը հունիսի 9-ին հասցնելու է Աբովյան քաղաք»,-ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Իմ քայլի» պատգամավորները գնալու են Աբովյանի իրենց նախընտրական շտաբ, Պետրոսյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի:

«Ցանկացած քաղաքացի կարող է գալ Աբովյան, կարող է գալ այս գեղեցիկ քաղաք, տեսնի` ինչ է կատարվում` անկախ կուսակցական պատկանելիությունից: Բայց պատգամավորների մասով նման ինֆորմացիա չունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետը:

«Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց նաեւ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանին, սակայն նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ




Լրահոս