«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Ջուսը: Նա անդրադարձել է իր նախասիրություններին, նշել, թե դժվարին իրավիճակներում ինչպես է կողմնորոշվում: Ջուսը խոսել է նաեւ իր թաքնված տաղանդի մասին. պարզվում է՝ նա նաեւ լավ նկարում է եւ զբաղվում է աքսեսուարների դիզայնով: Ինչ վերաբերում է մարդկային հարաբերություններին, երգչուհին խոստովանել է, որ եղել են ընկերներ, որոնք դավաճանել են իրեն, եւ դա բավական ցավոտ է եղել:
Ամեն դեպքում, հիասթափությունը չի չարացրել մեր զրուցակցին. նա խուսափում է սկանդալներից եւ ծայրահեղ դեպքերում նախընտրում է լուռ հեռանալ: Ջուսի հետ զրուցել ենք նաեւ տղամարդկանց հետ հարաբերությունների մասին, իր վերաբերյալ հակառակ սեռի կարծիքի մասին, նաեւ պարզել ենք, թե հանուն ինչի է պատրաստ երգչուհին հրաժարվել շատ արժեքավոր բաներից:
-Ջո՛ւս, կա՞ մի սկզբունք, որով առաջնորդվել եք ամբողջ կյանքում եւ որն արդարացրել է իրեն:
-Այո, «միշտ առաջ, երբեք չհանձնվել»: Կարծում եմ՝ ստացվում է հետեւել այս լոզունգին:
-Շարունակե՛ք միտքը. «Կյանքը կարճ է, բայց…»
-Հիանալի:
-Ձեր կողքին մշտապես եղել են մարդիկ, որոնք…
-Սատարել են ինձ:
-Ո՞րն է Ձեր սիրելի ծաղիկը եւ ինչու՞:
-Արխիդեան. այն էկզոտիկ ծաղիկ է, եւ երջանկություն, ներդաշնակություն է բերում: Ի դեպ, մարմնիս դաջել եմ արխիդեա: Կարծում եմ՝ ծաղիկների հետ կապված նախասիրությունները շատ բան են ասում կնոջ մասին:
-Ո՞վ է Ձեր լավագույն խորհրդատուն, ո՞ւմ ծնկներին կարող եք գլուխը դնել:
-Մայրս: Թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում նրա խորհուրդներն անփոխարինելի են: Կարեւորն այն է, որ այն, ինչ նա ասում է, սրտանց է ասում: Փորձը ցույց է տալիս, որ մայրս մեծ մասամբ ճիշտ է: Իհարկե, ես լսում եմ նաեւ իմ ինտուիցիային: Դա շատ կարեւոր է:
-Լրացրե՛ք նախադասությունը. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհն ասի որ.., Դուք չեք համաձայնի»:
-«Եթե նույնիսկ ամբողջ աշխարհն ասի, որ մերկ նկարահանվեմ, չեմ համաձայնի»:
-Պատրաստ եք հրաժարվել շատ արժեքավոր բաներից՝ հանուն…
-Իմ սկզբունքների:
-Մեր երկրի առաջընթացն ինչի՞ հետ է կապված ըստ Ձեզ:
-Ուժեղ տնտեսություն ունենալու. ես այդտեղ եմ տեսնում բանալին:
-Ձեր սրտի փոքրիկ անկյունում տեղ ունի նա, ով…
-Կարող է երջանկացնել ինձ:
-Սիրելի հատապտուղը:
-Ազնվամորի:
-Թաքնված տաղանդ ունե՞ք: Կա՞ մի բան, որ լավ եք անում, բայց քչերը գիտեն:
-Այո, քչերը գիտեն, բայց ես լավ նկարում եմ, կարողանում եմ աքսեսուարների դիզայն անել:
-Միշտ ձգտում եք շփվել մարդկանց հետ, որոնք…
-Դրական աուրա ունեն, պարգեւում են լավ էմոցիաներ:
-Տղամարդիկ Ձեզ ինչպիսի՞ կին են համարում, սովորաբար ի՞նչ հաճոյախոսություններ են անում:
-Գեղեցիկ են համարում, ասում են գեղեցկուհի:
-Երեւանն ինչի՞ հետ եք ասոցացնում:
-Ծնողի, շատ հարազատ մարդու:
-Նկարագրե՛ք ամենահարազատ բույրը:
-Ցիտրուսային բույրերը, հատկապես՝ նարնջի: Այդ սկզբունքով եմ նաեւ օծանելիք ընտրում:
-Եղե՞լ է, որ ընկերներից հիասթափվեք, Ձեզ դավաճանեն: Իսկ շա՞տ ընկերներ ունեք:
-Այո, դեպքերը քիչ են եղել, քանի որ ընկերներ էլ քիչ ունեմ, բայց դրանք եղել են ցավոտ:
-Հիասթափվելու պարագայում մարդուց լուռ հեռանո՞ւմ եք, թե՞ սկանդալ եք բարձրացնում:
-Լուռ հեռանում եմ. դա է իմ տեսակը: Առհասարակ, ոչ կոնֆլիկտային մարդ եմ, ատում եմ վեճերը: Իրավիճակը փրկելու համար հաճախ գործի եմ դնում նաեւ հումորը:
-Խոհանոցում նույնքան կրեատիվ եք, որքան բեմո՞ւմ: Ո՞վ է Ձեզ համար պատրաստում:
-Ոչ, խոհանոցում ես բառիս ուղիղ իմաստով եփող եւ թափող եմ: Եփածս թափում եմ (ծիծաղում է): Սիրում եմ համով ուտել, բայց կարող եմ սարքել միայն բուտերբրոդ՝ հացով, պանրով ու կանաչիով: Մայրս է խոհանոցում լինում:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Հենց խոհանոցի մասին հարցը:
Անի Անտոնյան