Երեկ Բաշ-Ապարանին նվիրված տոնին Ապարանում էին հավաքվել նախկին եւ ներկա իշխանությունները: Ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը եւ այլք: Հետաքրքիրն այն է, որ ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են բացահայտելու Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, բայց միեւնույն ժամանակ մի մարդու հետ են մասնակցում միջոցառման, նրա հետ նկարվում, ով անմիջական կապ ունի Մարտի 1-ի քննության հետ:
Երեկ համացանցում տարածվեց Տիգրան Ավինյանի, Աղվան Հովսեփյանի հետ լուսանկարն ու խնջույքի սեղանը, որտեղ Ավինյանը բաժակ է «խփում» Հովսեփյանի հետ ու քեֆ անում: Այս ամենից հետո որեւէ բան չի մնում, քան մի քանի հարցադրումներ անել: Արդյոք նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը չպետք էր այժմ գտնվեր Մարտի 1-ի հետ կապված քննվող գործի ասենք առնվազն մեղադրյալի կարգավիճակում:
Գաղտնիք չէ, որ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի իրադարձություններին ՀՀ գլխավոր դատախազն էր, ու նա այդ ամենի վերաբերյալ ունի բոլոր «մութ» հարցերի պատասխանը: Նա այն անձանցից է, որ այս գործի վերաբերյալ տեղյակ է բոլոր մանրամասներին։ Ու իսկապես, բոլորի համար հարց է առաջանում, թե ինչու են ներկայիս իշխանություները շատ բարեհաճ գտնվել նախկին դատախազի նկատմամբ ու արտոնություններ տվել նրան: Նա նույն ձեւով մասնակցում է այդ տոնին, նույն կերպ իրեն զգում արտոնյալի կարգավիճակում, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ էր դա անում:
Սրանք հարցեր են, որոնք իսկապես հետաքրիր են թե՛ հանրությանը, թե՛ բոլոր այն մարդկանց, ովքեր շատ լավ գիտեն, որ Աղվան Հովսեփյանը կապ ունի Մարտի 1-ի քննության հետ: Սրանք հարցեր են, որոնց, հուսով ենք, հայրենի իշխանությունները կտան պատասխաններ, որովհետեւ տարակուսելի է ՀՀ փոխվարչապետի վերաբերմունքը Աղվան Հովսեփյանի նկատմամբ, ու ընդհանրապես իշխանությունների դիրքորոշումը նրա հետ կապված:
Հուսանք, այս հարցերը առաջիկայում կստանան իրենց պատասխանները:
Սոնա Գրիգորյան