Տեւական ժամանակ է՝ երգչուհի Էմմա Ասատրյանը չի երեւում էկրաններին, հանդես չի գալիս նոր տեսահոլովակներով: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ ինչն է պատճառը, ինչու երգչուհին նախկինի պես ակտիվ չէ:
«Կարծում եմ՝ պարզապես իմաստ չկա տեսահոլովակ թողարկելու: Հիմա շոուբիզնեսում ուժեղ լճացում է: Հույսով սպասում եմ, որ մի պոռթկում կլինի, եւ իրավիճակը կփրկվի: Ուսանողներիս, աշակերտներիս շրջանում էլ շոուբիզնես մուտք գործելու, ակտիվ գործունեություն ծավալելու ոչ մի ձգտում, նպատակ չկա, բայց նախկինում այդպես չէր: Այն, ինչ հիմա թողարկում են ոլորտի ներկայացուցիչները, մեծ մասամբ սարսափելի է. խայտառակ երգեր են դրանք»,-մեզ հետ զրույցում նշեց Էմման:
Տեղեկացնենք, որ երգչուհին դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ջազ-էստրադային բաժնում եւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Ապրիլին նա իր ուսանողների ու սաների հետ Երգի պետական թատրոնում հանդես եկավ մեծ համերգով. «Ցավոք, այսօր ոչ կոմերցիոն բնույթի նորությունները չեն լուսաբանվում»,- ասաց մեր զրուցակիցը:
Բայց այսքանով նրանց համագործակցությունը չի սահմանափակվի: Աշնանը Էմման իր ուսանողների եւ սաների հետ կրկին կներկայանա համերգով. այս անգամ նրանք կկատարեն երգչուհու հեղինակային երգերը՝ նոր գործիքավորմամբ եւ կենդանի նվագակցությամբ:
Հարցին, թե սաների մեջ ինչ պոտենցիալ է տեսնում, Էմման պատասխանեց. «Այն ուսանողները, սաները, որոնք ապագա ունեն, անպայման ձգտում են արտերկիր գնալ, այսինքն՝ ուսանողների, կադրերի արտահոսք է տեղի ունենում: Լինում է նաեւ այնպես, որ նրանք այլ մասնագիտություն են ընտրում, ինչը նորմալ է: Եթե մեր երկրում, որակյալ երաժշտություն մատուցելով, չեն կարողանում գումար վաստակել, բնական է, որ պետք է այլ ուղիներ փնտրեն»:
Ի դեպ, Էմմայի հորեղբոր որդին՝ դաշնակահար Կարեն Ասատրյանը, որը բնակվում է արտերկրում, Հայաստանում է, եւ նրանք երկուսով հանդես են գալու ակումբային համերգով:
Աննա Բաբաջանյան