Վերջին շրջանում բավականին ակտիվացել են փողոցային դրամահավաքները, որոնցով խնդրում են գումար փոխանցել այս կամ այն մանկատանը, ծանր հիվանդությամբ տառապող երեխայի կամ վիրավորված զինվորի բուժման համար: Կամ ինչ-որ երիտասարդ աղջիկներ հենց փողոցում մոտենում են անցորդներին եւ առաջարկում գումար հանգանակել նման նպատակներով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մի քանի օր Երեւանի Հյուսիսային պողոտայում մի քանի հոգի իբր բարեգործական համերգ են կազմակերպել` Գավառի մանկատանը օգնելու նպատակով: Եւ դրա անվան տակ անցորդներից գումարներ են հավաքել:
Բայց ուշագրավն այն է, որ «մանկատան սաներին որոշ ժամանակով ժպիտ պարգեւելու համար» իրականացվող այս բարեգործական ակցիայից տեղյակ չի եղել մանկատան տնօրենը`Նիկոլայ Նալբանդյանը: Նրա խոսքով` ինչ-որ խումբ ինքնագործունեությամբ է զբաղվել եւ այդպես մանկատան հեղինակության հետ խաղացել: Թե ովքեր են, պետք է պարզել:
Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ «բարեգործական» ակցիայի համար իրեն զանգահարել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնական բաժնից եւ տեղեկացրել ստեղծված իրավիճակի մասին: Մանկատան տնօրենից ArmLur.am-ը տեղեկացավ, որ բարեգործական համերգ կազմակերպողներից մեկը ներկայացել է որպես մանկատան նախկին սան: Սակայն Նիկոլայ Նալբանդյանը պնդում է, որ մանկատունը նման սան չի ունեցել:
Ավելին, պարզվում է, որ վերջին շրջանում համացանցում եւս նման բարեգործական ակցիաներ են իրականացվել` Գավառի մանկատանն օգնելու անվան տակ: Ի դեպ, նշենք, որ մանկատան տնօրենն այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:
ArmLur.am-ը դիմեց նաեւ ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ մայիսի 27-ին` ժամը 22.00-ին, ոստիկանության աշխատակիցները Հյուսիսային պողոտայից ապօրինի համերգ կազմակերպելու համար բաժին են ներկայացրել մի քաղաքացու, որը նշված վայրում կազմակերպված համերգի հասույթը մանկատան երեխաներին հատկացնելու պատրվակով հավաքելուց հետո, խարդախությամբ տիրացել է գումարին: Այժմ հետաքննություն է ընթանում:
Պարզվում է, մայրաքաղաքի ցանկացած հատվածում կարելի է նման գործունեությամբ զբաղվել. երաժշտական գործիքները դնել եւ նվագել, երգել, միաժամանակ գումար հավաքել: Իսկ քաղաքային իշխանություններն ուխտի ականջում քնած են: Այսինքն, քաղաքապետարանը ոչ միայն պատասխանատվություն չի կրում, այլեւ`չի վերահսկում քաղաքում տիրող վիճակը: Արդյունքում, ով որտեղ ինչ ցանկանում անում է:
ArmLur.am-ի հարցին`քաղաքապետարանը պատասխանատվություն կրո՞ւմ է արդյոք քաղաքի ինչ-որ հատվածում բարեգործական համերգ կազմակերպելու հարցում, մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ եթե մարդիկ խաբեության են դիմել եւ քրեական օրենսգրքով պատժելի արարք են գործել, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Ապա հորդորեց գրավոր հարցում անել պարզելու` քաղաքապետարանը նման համերգ անելու համար թույլտվություն տվե՞լ է կամ իրազեկում ստացե՞լ է, թե՞ ոչ:
Այս խնդիրը վերջին շրջանում համատարած բնույթ է կրում, բայց չնայած սրան` որեւէ մեկը չի փորձում պարզել, թե ովքեր են նմանատիպ հանգանակություն կազմակերպողները: Չէ՞ որ նման «բարեգործական» դրամահավաքները կարող են ինչ-որ անձանց համար «բիզնեսի աղբյուր» լինել:
Ասել է թե` նրանք խաբեությամբ մարդկանցից գումար են շորթում` բարեգործության անվան տակ: Իսկ օրենքը չի կարգավորում այդ դաշտը. այսինքն ով ինչ կուզի, այն էլ կանի` մարդկանցից գումարներ կհավաքի` կարիքավորներին օգնելու պատճառաբանությամբ, բայց իրականում ինքը կտնօրինի դրանց: Եւ ամենակարեւորը`չի պատժվի:
Ի դեպ, ըստ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի այդ գործունեությամբ կարող է զբաղվել իրավաբանական կարգավիճակ ունեցող անձը կամ կազմակերպությունը: Իսկ թե ինչպես են վերահսկվելու նրա գործունեությունը, ֆինանսական հոսքերը, օրենքը լռում է:
Սյունէ Համբարձումյան