«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է իշխանությունների կողմից հայտարարված վեթթինգին, որը պետք է ուսումնասիրի դատավորների անձի, քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, նրա զբաղեցրած պաշտոնի պրոֆեսիոնալությունը: Մասնավորապես նրանք այլ մեխանիզմի կողմնակից են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից ճշտել` որն է նման դիրքորոշման պատճառը: Վերջինս ըստ էության չհերքեց, որ առանձին պատգամավորների, այդ թվում եւ իր կողմից այլ մոտեցում է առկա:
«Ես մի բան եմ առաջարկում, որ պետք է վեթթինգը սկսել ԱԺ-ից, տեսնենք, թե որ պատգամավորը որքանով է համապատասխանում իր կարգավիճակին, վեթթինգը պետք է գնա կառավարություն, դրան ենթակա ենթակառուցվածքներ, ու նոր գնա դատական համակարգ», – մեզ հետ զրույցում ընդգծեց պատգամավորը: Միայն թե, նկատենք, որ ԱԺ-ում վեթթինգ անելու դեպքում ԲՀԿ-ն կարող է շատ ավելի անհարմար դրության մեջ հայտնվել. ապացույցը այդ խմբակցության որոշ պատգամավորների պահվածքն ու հայտարարություններն են»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում