Այսօր վաղ առավոտյան Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել հանցագործության մասին: Ըստ այդմ` երեկ գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։
«Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը։
Մեզ հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները։ Ի դեպ կրակողներից մեկը եղել է սպիտակ Տոյոտա Քեմրի ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։ Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։
Բազմիցս օգտվելով Արայիկ Հարությունյանի հովանավորչությունից` այս բանդայի կարկառուն պարագլուխներից Ռոլանդ Այդինյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից։ ՀՀ ԱԱԾ-ն այս առումով կարող է դիմել Արցախի Շահումյանի շրջանի ԱԱԾ կառույցին և նրանից պահանջել, թե ինչ քրեական պատասխանատվությունների է ենթարկվել տվյալ անձը, ինչու չի կրել այդ պատասխանատվությունը, և ում շնորհիվ են կառճվել բոլոր գործերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Քիչ առաջ ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել Ալեքսեյ Բալայանի հետ: Վերջինս հայտարարեց, որ այն, ինչ հրապարակվել է, սուտ է, նման բան չկա. «Ես եկել եմ Երեւան` երեխայիս հանդեսին մասնակցելու ու նման բան եմ իմանում. ոչ մի պարագլուխ չկա, ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի: Սամվել Բաբայանն իր ոճին համաձայն` սուտ բաներ է անում, քանի որ նա պատրաստվում է Արցախի մեջ ժողովրդի անդորրը խանգարելով` հեղափոխություն անել, ինչ որ բան անել: Իմ մեքենան Ղարաբաղում է, ես էլ իմ առօրյա գործերով եմ: Սամվել Բաբայանը ուրիշ բան չի կարողանում անել, կեղտոտ բաներ է անում` իր ապրելակերպը վերագրելով մեզ վրա: Թող քննություն իրականացվի, ես մտավախություն չունեմ: Ինչի՞ց մտավախությունում ունենամ. սա հերթական սուտն է: Ինձ իրավապահները չեն կանչել, բայց երբ զանգեն պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել»:
Քնար Մանուկյան