Մայիսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը: Խաղն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով` 2:1: Տանտերերից գոլի հեղինակ դարձան Կառլեն Մկրտչյանն ու Արթուր Միրանյանը,իսկ «Արարատից» պատասխան եւ միակ գոլի հեղինակը դարձավ Զավեն Բադոյանը:
Այս խաղով «Փյունիկը» ավարտեց առաջնությունը:Վաստակած 60 միավորով նրանք այժմ առաջատարն են եւ կսպասեն «Բանանց»-«Արարատ-Արմենիա» խաղի արդյունքին, որն էլ կորոշի առաջնության չեմպիոնին:
«Փյունիկ»-«Արարատ» խաղի մրցավարական անձնակազմը Իսպանիայից էր Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ:Խաղից անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հանրաճանաչ մրցավարի հետ:
-Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում եք գտնվում:Ի՞նչ տպավորություններ ունեք հայկական ֆուտբոլից:
-Միայն կարող եմ ասել շատ շնորհակալություն,քանի որ այստեղ ես ինձ զգում եմ այնպես, ինչպես տանը: Հենց դա է ամենակարեւորը: Տպավորությունները շատ լավն են, եւ անչափ հաճելի է այսօր այստեղ լինելը:
-Այստեղ՝ Հայաստանում, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում մրցավարական աշխատանքը, ըստ Ձեզ:
-Շատ, շատ լավ եմ գնահատում մրցավարների մակարդակը: Եւ անհնար էր չնկատել,որ մենք մեր հայ գործընկերների հետ մեկ թիմ ենք դարձել:
-Դուք կցանկանա՞ք եւս մեկ անգամ գալ Հայաստան,բայց արդեն ոչ աշխատանքի բերումով, այլ ուղղակի ճանապարհորդելու:
-Այո, իհարկե: Անպայման կփորձեմ գալ Հայաստան, որովհետեւ ինձ այստեղ հաճելի է:
-Ո՞րն է Ձեր կարիերայի ամենահիշարժան հանդիպումը:
-Հենց այս հանդիպումը, քանի որ ֆուտբոլում ամենակարեւորը ներկան է:
Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը