Նախարար նշանակվելուց կարճ ժամանակ անց Արտակ Զեյնալյանի անունը ֆեյսբուքում սկսվեց ակտիվորեն շրջանառվել շատ ցավոտ մի թեմայի՝ նույնասեռականներին աջակցելու համատեքստում: Նախարարը ստիպված եղավ արձագանքել «Հանրային հարթակ Թումասյանի հետ» էջում արված հետեւյալ գրառմանը. «Տարածեք եւ միացեք մեր նախաձեռնությանը. կոչ համայն հայությանը. Միացեք եւ ազգովի կանգնեցնենք Հայաստանում գոմիկների օրինականացմանը»:
Զեյնալյանը, անդրադառնալով վերը նշվածին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելինե՛րս, ես ո՛չ այս շաբաթ, ո՛չ նախորդ ամսին եւ ո՛չ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո «Քրեական օրենսգրքում» փոփոխություն անելու որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել։
Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»։ Մեկ օր անց, միայն, գրառման մեջ ավելացրեց. «Մեկնաբանություններում հայտնված բոլոր ոչ կոռեկտ, անպարկեշտ, խտրականություն եւ ատելություն պարունակող գրառումները կջնջվեն: Անչափ շնորհակալ եմ»։ Արտակ Զեյնալյանը, նախկինում զբաղվելով իրավապաշտպան գործունեությամբ, նկատենք` ջանքեր է գործադրել երկրում ամեն տեսակի խտրականության բացառման ուղղությամբ: Ավելին` խտրականությունն արգելող օրենքի ընդունումը եղել է Զեյնալյանի 2016թ. ամանորյա ցանկությունն ու մաղթանքը։
Հաջորդ անախորժությունը՝ կապված Զեյնալյանի, ավելի ստույգ՝ նրա գլխավորած կառույցի հետ, առնչվում էր կոռուպցիայի կանխարգելման խնդրին: Երբ անցյալ տարեվերջին կոռուպցիային անհաշտ պայքար հայտարարած կառավարության՝ արդարադատություն իրականացնող գերատեսչությունը հանրային քննարկման դրեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը, հայաստանյան իրավապաշտպան ՀԿ-ներից մի քանիսը կոշտ քննադատության ենթարկեցին այն, բանը հասավ ընդհուպ այդ ժամանակ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանին անվստահություն հայտնելուն:
Նախագծում, որը ՀԿ-ները մեծ հաշվով անպիտան էին որակել, մասնավորապես ամրագրված էր, թե «վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետեւողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ՝ հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»: ՀԿ-ները նշել էին, թե «ինչպես նախագծի մշակման գործընթացը, այնպես էլ դրա կառուցվածքը եւ բովանդակությունը խնդրահարույց են»։
«Ժամանակն է վերջ տալ նախորդ կառավարությունից ժառանգած ձեւական ու կեղծ մոտեցումներին, եւ երկրի հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար փաստաթուղթը համահունչ դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում քաղաքական կամքի առկայությանն ու հանրային ակնկալիքներին»- նշել էին ՀԿ-ներն իրենց հայտարարության մեջ։ Նախագծի վերաբերյալ, նկատենք, ստացվել է շուրջ 400 դիտոդություն, եւ այն ներկայումս լրամշակման փուլում է: Այս օրերին էլ հաճախակին են դարձել վեթթինգի ինստիտուտի, ինչպես նաեւ անցումային արդարադատության ինստիտուտի ներդրման մասին խոսակցությունները, եւ այդ գործում, որպես կարեւոր դերակատար, նախանշվում է նաեւ Արդարադատության նախարարությունը:
Նախարարն օրերս նշեց, որ վեթթինգն իրականացվելու է առանց խնտրականության, եւ որեւէ դատավոր չի թիրախավորվելու: Ի դեպ, վերջերս՝ դեռ մինչ «դատարանների դռները փակելու օպերացիան», Զեյնալյանը հայտարարել էր դատական համակարգում կոռուպցիայի առկայության մասին: «Համենայնդեպս, նման ընկալում եւ տպավորություն կա, ինչի մասին են խոսում այն բացահայտումները, կոռուպցիայի մասով ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում, ինչպես նաեւ այն գործերը, որոնք այս պահին քննվում են… Իհարկե, պետք է նաեւ վերացվեն կոռուպցիոն ռիսկերը:
Կոռուպցիոն ռիսկերից է սոցիալական երաշխիքի ցածր մակարդակը, դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, վաստակ եւ համարժեք կենսաթոշակ»,- նշել էր նախարարը:
Համաներում
Զեյնալյանի պաշտոնավարման ընթացքում նշանակալի իրադարձություններից է մասնավորապես երկար սպասված համաներումը: ԱՆ-ում համապատասխան նախագիծը պատրաստ էր նրա նշանակումից երեք շաբաթ անց, սակայն ընդունվեց անցյալ տարի աշնանը: Այս թեմայով հանրային քննարկումների ընթացքում հաճախ շեշտվում էր այն հանգամանքը, թե արդյո՞ք պետք էր համաներում շնորհել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանվողներին նույնպես:
«Դրա վերաբերյալ բազմիցս հանդես եմ եկել հրապարակային բացատրություններով, եւ՛ ես, եւ՛ քաղաքային իշխանությունը: Պիտի ասեմ, որ համաներումն ընդունվել է ԱԺ բոլոր ներկա պատգամավորների կողմից միաձայն քվեարկությամբ: Սա քաղաքական փաստաթուղթ է եւ կառավարության ու օրենսդիր մարմնի կամքն է արտահայտում, լեգիտիմ իշխանության կամքն է արտահայտում: Սա բետոնյա գնահատական է այդ համաներման ակտին»,-իր հարցազրույցներից մեկում շեշտել էր Զեյնալյանը:
Ընտանիք՝ բազմազավակ հայրիկն ու պապիկը
Ա. Զեյնալյանը բազմազավակ հայր է, չորս զավակ ունի՝ երկու որդի եւ երկու դուստր՝ Հայկը, Նանեն, Մանանան եւ Վահագնը, որը դպրոցական է: Զեյլանյանը նաեւ պապիկ է՝ մեկ թոռ ունի. ավագ որդին է պարգեւել: Նա 28 տարեկան է, ծնվել է, երբ հայրը ռազմաճակատում էր: Ավագ դուստրը՝ Նանեն, 27 տարեկան է, «Insight Consulting» ընկերության հիմնադիրն է։ Զեյնալյանի կինը՝ Լիլիթ Մուսեյանը, մասնագիտությամբ բժիշկ անեսթեզիոլոգ է, ԵՊԲՀ դասախոս: Զեյնալյանը, ինչպես ասում են, ձեռքի շնորհքով մարդ է, մեկ-մեկ հաճույքի համար կարող է խոհանոցում ինչ-որ բան պատրաստել, ասենք՝ գառան թիակ՝ կիտրոնի եւ կիվիի սոուսով:
Հոգում է նաեւ տան տարբեր էլեկտրական սարքերի, վերանորոգումների, ջրի, խողովակաշարերի, պատուհանների, տարբեր սարքավորումների հետ կապված վերանորոգումների հարցը: Զեյնալյանը, նշենք, «Զրպարտություն եւ վիրավորանք» լրագրողների եւ փաստաբանների համար ձեռնարկի համահեղինակն է:
Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով (1996թ., ԼՂՀ), արժանացել ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչման (2009թ.), «Համընդհանուր իրավունքների մրցանակ»-ին (2014թ., ԵԱՀԿ), «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին (2016թ., ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն):
Հեղինե Մանուկյան