«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում իրեն սատարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, էթիկապես ճիշտ չեմ համարում այդ մասին հիմա խոսել: Կարող եմ մի բան հստակ ասել` Արցախի ներկա եւ ապագա բոլոր իշխանությունները պետք է շատ ջերմ եւ փոխհամաձայնեցված հարաբերություններ ունենան ՀՀ իշխանությունների հետ:
Մենք երկու պետություն ենք, մեկ՝ հայրենիք: Այս սկզբունքով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր պետական բարձրաստիճան հայ պաշտոնյա: Դա իմ խորին համոզմունքն է»,- պնդել է Հարությունյանը: Ինչ վերաբերում է իր հաղթանակին, Հարությունյանն ասել է. «Բազմիցս հայտարարել եմ, որ ընտրապայքարը պետք է ծավալվի ծրագրերի միջեւ: Ինչքանով կապահովվի իմ հաղթանակը, միանշանակ կախված կլինի, թե որքանով ընդունելի կլինեն այն ծրագրերը, որը կներկայացնեմ Արցախի ժողովրդին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում