Կհաջողվի՞ ունենալ գազի միասնական սակագին ԵԱՏՄ անդամ երկրների համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շուրջ արհեստականորեն ստեղծված աղմուկը ստվերեց այնտեղ քննարկված, բարձրացված կարեւոր հարցերը: Իսկ այնտեղ խոսք է գնացել ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորման մասին. մի հանգամանք, որը կարող է տեւական ժամանակով երաշխավորել գազի անփոփոխ սակագին ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի համար: Սա, ինքներդ եք հասկանում, իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ ներդրումային դաշտի վրա, եւ ընդհանրապես, արդյունաբերողների համար: Ի վերջո, բիզնեսը սիրում է կանխատեսելիություն, բիզնեսը սիրում է կայունություն: Արդյունաբերողներին է՛լ ավելի հարմար է աշխատել մի երկրում, որտեղ էներգակիրների սակագները պարբերաբար վայրիվերումների չեն ենթարկվում:

Նկատենք, որ ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորման մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է: Տարեսկզբին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ-ին մատակարարվող գազի սակագինը սահմանին կարող է թանկանալ, Փաշինյանը հունվարին ԵԱՏՄ նիստում խոսել էր նավթի, նավթամթերքի եւ գազի միասնական շուկաների ձեւավորման ուղղությամբ: «Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը եւ էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաեւ դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»,- ասել էր նա:

ԵԱՏՄ վերջին նիստում արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը ողջունում է ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների ստորագրումը, «որոնք կատարվել են անդամ պետությունների միջեւ էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցումն իրականացնելու մեթոդաբանության լրացման նպատակով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու առանձնահատկությունները»:

Նա նաեւ հավելել էր. «Մեթոդաբանության մեջ արվող փոփոխությունները թույլ կտան ձեւավորել անդամ պետությունների միջեւ էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների պլանավորման, սահմանման եւ համաձայնեցման սկզբունքները: Դրանք նաեւ թույլ կտան սահմանել անդամ պետությունների եւ երրորդ երկրների համակարգային օպերատորների միջեւ համագործակցության սկզբունքները»: Այս թեմայով իր ելույթում խոսել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` կարեւորելով համապատասխան փաստաթղթերի ստորագրումը:

Հիմա, փաստորեն, տարեսկզբին առաջ քաշված հարցերը կամաց-կամաց իրագործվում են, եւ ստորագրվում համապատասխան փաստաթղթերը:




Լրահոս