Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր արհեստական է այն լարվածությունը, որն առկա է ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների եւ հանրության շրջանում: Ըստ նախկին վարչապետի` պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել` այդ ամենը կանխելու համար, քանի որ նման լարվածություններ ստեղծելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ, այն իսկապես վտանգավոր է:
-Պարո՛ն Հարությունյան, օրերս Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը հայտարարել էր, որ եթե իմանան, որ Ռոբերտ Քոչարյանին ընդունել են Արցախում, Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը կցխենք»: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը, արդյո՞ք պետք է ակտիվիստը նման կերպ իրեն դրսեւորի, որքան էլ որ անընդունելի լինի այն քաղաքականությունը, որը վարում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
-Բնականաբար շատ բացասական, քանի որ ցանկացած բռնություն եւ անօրինականության խրախուսում պարունակող հայտարարություն չի կարող լավ հետեւանք ունենալ:
-Վերջին ժամանակահատվածում նկատվում է լարվածություն Արցախի եւ Հայաստանի միջեւ, ըստ Ձեզ` ինչո՞ւ է լարվել Հայաստանի եւ Արցախի թե՛ իշխանությունների, թե՛ հանրության փոխհարաբերությունները, ինչի՞ց է սկսվել այս ամենը: Ի՞նչ եք կարծում` ի՞նչը հիմք հանդիսացավ, որ նման իրավիճակ ստեղծվի այսօրվա մեր իրականությունում:
-Կարծում եմ՝ ամեն ինչ ավելի քան արհեստական է, քան իրականում կա: Բայց մեր մտահոգությունները դրանով չպետք է ավելի քիչ լինեն, եւ առիթից օգտվելով` կհորդորեի մեր լրատվամիջոցներին այս հարցում ավելի ակտիվ աշխատանք ծավալել: Տարանջատման, պառակտման բոլոր տեսակի փորձերին պետք է լուրջ հակազդեցություն լինի, քանի որ նույն ազգի եւ ժողովրդի մեջ չեն կարող հակասություններ լինել: Դա շատ վտանգավոր եւ անդառնալի հետեւանքների կարող է բերել:
-Պարո՛ն Հարությունյան, արդեն հայտնի է, որ Դուք մասնակցելու եք Արցախի նախագահի ընտրություններին, որը պետք է կայանա 2020 թվականին, ի՞նչ եք կարծում` արդյո՞ք Ձեր հաղթանակը ապահովված է, ի՞նչ հույսեր ունեք Ձեր հաղթանակի հետ կապված, արդյո՞ք կարծում եք, որ արցախցին ցանկություն ունի Ձեզ տեսնել նախագահի պաշտոնում:
-Մինչեւ նախագահական ընտրությունները մոտ մեկ տարի դեռ կա, եւ այս պահին վաղ է որեւէ գնահատական հնչեցնելը: Բազմիցս հայտարարել եմ, որ ընտրապայքարը պետք է ծավալվի ծրագրերի միջեւ: Ինչքանով կապահովվի իմ հաղթանակը, միանշանակ կախված կլինի, թե որքանով ընդունելի կլինեն այն ծրագրերը, որը կներկայացնեմ Արցախի ժողովրդին:
-Հայտնի է նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սատարում է Ձեր թեկնածությունը, կարծում եք` այն ազդելու է ընտրությունների արդյունքների վրա: Ըստ տեղեկությունների` վարչապետի «բարեհաճությունն» արդեն նշանակում է, որ Դուք ունեք արցախցիների ձայնը: Դուք կիսում եք այդ տեսակետը:
-Գիտեք, էթիկապես ճիշտ չեմ համարում այդ մասին հիմա խոսել: Կարող եմ մի բան հստակ ասել, Արցախի ներկա եւ ապագա բոլոր իշխանությունները պետք է շատ ջերմ եւ փոխհամաձայնեցված հարաբերություններ ունենան ՀՀ իշխանությունների հետ: Մենք երկու պետություն ենք, մեկ՝ հայրենիք: Այս սկզբունքով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր պետական բարձրաստիճան հայ պաշտոնյա: Դա իմ խորին համոզմունքն է:
-Տեղեկություններ կան նաեւ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս իր թեկնածությունն է առաջադրել, ի՞նչ եք կարծում` որքանով են իրատեսական այդ տեղեկությունները:
-Անկեղծ ասած` ես իրատեսական չեմ համարում:
-Պարո՛ն Հարությունյան, Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ իրենց վրա բանդա է հարձակվել, որի հետ անմիջական կապ ունեք Դուք: Իսկապե՞ս Դուք առնչություն ունեք այդ ամենում: Դա կապվա՞ծ է առաջիկա ընտրությունների հետ:
-Արդեն քսան տարի է` ինչ Արցախում բանդաներ կամ հանցագործ խմբավորումներ չկան: Ուստի ինձ համար անընդունելի է Սամվել Բաբայանի նմանօրինակ սադրիչ հայտարարությունները: Ինչ վերաբերվում է կոնկրետ այն անձանց, որոնց մասին նշվել է հայտարարության մեջ, այո, ես նրանց հետ ունեմ լավ հարաբերություններ, ինչպես Արցախում ապրող բազմաթիվ շատ այլ քաղաքացիների, բայց դա չի նշանակում, որ եթե նրանք որեւէ հանցագործություն կատարեն, չպետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի առաջ: Եթե ցանկանում ենք իրավական պետություն կառուցել, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար, այլապես որեւէ հաջողության հասնելու հնարավորություն չենք ունենա:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ