ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
«ՉԷի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ:
Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը»:
Հիշեցնենք, «Ժողովուրդ» թերթը գրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում:
Մասնավորապես իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը եւ բենզինի բաքի մեջ ջուր լցրել: Ավելին` իրավապահները պարզել են, որ այդ ամենի արդյունքում 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, եւ որոշում է կայացվել այն չշահագործել:
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից հաստատեցին կատարվածի մասին մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով` գողություն: Քննությունը շարունակվում է: