Ինչու է Դիլիջանի գրադարանի շենքի վրա ևս մեկ հարկ կառուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի գրադարանի քառահարկ շենքի վրա ամբարձիչ կռունկ է հայտնվել. շենքի վրա կառուցվում է 5-րդ հարկ։ Այդ շենքում է գործում Դիլիջանի Թումո կենտրոնը։ Հարկի ավելացումը համացանցում մեծ քննարկման պատճառ է դարձել: Սոցիալական ցանցերում դիլիջանցի օգտատերերը գրել են, որ Դիլիջանի կենտրոնում նոր ռեստորանա-հյուրանոցային համալիր կգործի, այն տեղակայված կլինի կրթական-տեխնոլոգիական-գրադարանային կենտրոնի գլխին, Երեւանի, Ծաղկաձորի ճարտարապետությունը աղճատելուց հետո Դիլիջանի տեսքն է խաթարվում:

Դիլիջանի բնակչուհիներից մեկը գրել է, թե այդ շենքն ամբողջությամբ սարքելու են սրճարաններ, խանութներ, Թումո կենտրոնում առկա համակարգիչներն էլ համայնքի երիտասարդներին ժամավճարով կտան, որ այդ մասին Թումո կենտրոնի տնօրեն Մարիլուն է հայտարարել:

Այդ քննարկումները, ի թիվս այլոց, հասցեագրված էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին: Նա էլ արձագանքելով համացանցում քննարկմանը` տեղեկացրել է, որ ինքն առաջիկայում տեղեկատվություն կհրապարակի այդ թեմայի վերաբերյալ, թույլ չի տա, որ անօրինականություն լինի: Այդ խնդրի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազրույց ունեցավ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի հետ:

Նա ասաց, որ կատարվող շինարարությունն օրինական է, այդ շինարարության նախագիծը հաստատել է Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության խորհուրդը: Սանթրոսյանը հայտնեց, որ կառուցվող հարկում եւս Թումո կենտրոն է գործելու, քանի որ այդ կենտրոն հաճախել ցանկացող երեխաների թիվը մեծ է, ներկայիս տարածքը չի բավականացնում, այդ նպատակով է շենքին հարկ ավելացվում:

Համայնքապետը ժխտեց, թե այդտեղ որեւէ ռեստորան կամ հյուրանոց է լինելու, նաեւ հերքեց, թե նոր հարկի կառուցման նպատակով ամբարձիչ կռունկի աշխատանքը վտանգ է ներկայացնում այդ շենք հաճախող երեխաների կյանքին: Ա. Սանթրոսյանն ասաց, որ շենքը անցյալ դարի 80-ական թվականներին է կառուցվել, գեղեցիկ շենք է, սակայն պատմամշակութային կոթող չէ:




Լրահոս