Նախկին իշխանությունները հետաքրքիր քաղաքականություն էին վարում եւ ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացված նախագծերը մերժելով` ամիսներ անց արդեն դրանք ներկայացնում էին կառավարության նախաձեռնությամբ: Այդպիսի քաղաքականություն առկա է նաեւ նորընտիր իշխանությունների կողմից:
Ինչպես հայտնի է` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել` կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի նրանցից երեքը լինեն ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված անձինք:
Եվ ահա, դրանից որոշ ժամանակ հետո արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է նույն օրենքի վերաբերյալ փոփոխություն ներկայացրել: Կառավարության նիստում մերժվեց ԲՀԿ-ի պատգամավորի ներկայացրած նախագիծը, եւ գործադիրն առաջարկել էր Սերգեյ Բագրատյանի եւ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ: