Ինչպե՞ս Համլետ Գևորգյանը Ֆրանսիայում հանդիպեց Ազնավուրի հետ և ինչի՞ համար է նա մինչ օրս ափսոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ:

Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Համլետ Գեւորգյանն է: Նա հիշեց իր հետ պատահած միդեպք1997-ին, երբ տեղի էունեցել երգչի առաջին մենահամերգը. «Ֆրանսիայում էի, հյուրընկալվել էի հայազգի մի մարդու՝ Հարություն Առաքելյանի առանձնատանը:Նստած էինք, հանկարծ աչքովս ընկավ մի ամսագիր, որտեղ կար լուսանկար՝ ինքը,մեր մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրն ու էլի մի քանի հոգի ֆրանսիական մի խաղ էին խաղում:Հարցրի. «Փաստորեն, ճանաչու՞մ եք Ազնավուրին»: Ասաց, որ այո, բայց ես շարունակում էի թերահավատորեն վերաբերվել նրա խոսքերին: Հետո այդ մարդն ասաց. «Եթե շատ ես ուզում, կարող եմ կազմակերպել, հանդիպեք»: Ես էլի չէի հավատում, բայց համաձայնեցի»,-պատմեց երգիչը:

Այդպիսով` Հարություն Առաքելյանը զանգահարում է Ազնավուրին, եւ նրանք հանդիպում են բոհեմական փոքրիկ մի ռեստորանում. «Այնտեղ սովորաբար հավաքվում էին արվեստագետներ, հայտնի մեծություններ: Ազնավուրն էլ այդ օրը լինելու էր ռեստորանում, ուստի մեզ ժամադրել էր այնտեղ, որ տեսնի: Հանկարծ դուռը բացվեց, եւ մտավ մեծն շանսոնիեն, նստեց մեր կողքին, ծանոթացավ ինձ հետ: Հարցրեց. «Ի՞նչ երգեր ես սիրում, կատարում», Ասացի, որ աշուղական, ժողովրդական, օրինակ՝ Սայաթ-Նովա եմ շատ սիրում: Ազնավուրն էլ պատասխանեց, որ Սայաթ-Նովան իր հոր սիրելի աշուղն է եղել: Այդպես շատ ջերմ զրուցեցինք, հետո ես խնդրեցի ընկերոջս, որ մեզ լուսանկարի»,-մանրամասնեց Համլետը:

Շանսոնիեի հետ հանդիպումից տպավորված՝ նա վերադառնում է տուն եւ սրտում պահում այդ ջերմ հուշը՝ անհամբեր սպասելով լուսանկարին:

«Եվ, չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ Հարությունը զանգահարեց ինձ ու ասաց, որ լուսանկարելու պահին ֆոտոխցիկի մեջ ժապավեն չի եղել: Չեք հավատա, բայց ես այս պատմությունը ոչ ոքի չեմ պատմել, որովհետեւ կմտածեին, թե ստում եմ, թե Ազնավուրի հետ իրականում չեմ հանդիպել: Ամեն դեպքում, այն ջերմ հուշը, որ ես ունեմ, ոչ ոք չի կարող ինձնից խլել»,-եզրափակեց Համլետը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս