Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությունը, թե Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին ArmLur.am–ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, հակադարձելով քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած այն հայտարարությանը, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպը կենցաղային մակարդակի վեճ չէ:
Հարությունյանը նշեց, որ այս պահին քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ:
ՔԿ լրատվության բաժնի պետի հավաստմամաբ, այս պահին քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ միջադեպի շարժառիթը կենցաղային բնույթ է կրում, հրապարակման ենթակա չեն՝ նախաքննության շահերից ելնելով:
«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ ԶԼՄ-ներով տարածված հայտարարությունները այն մասին, որ միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասաց ՔԿ լրատվության բաժնի պետը:
Քնար Մանուկյան