Իշխանությունն ընդդեմ ընդդիմության. նոր հակասություն Վահե Գրիգորյանի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ՀՀ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: «Առնվազն մեկ տարի է` Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում»,- նշված էր հայտարարությունում:

Այնուհետեւ, ըստ հաղորդագրության, «կարեւորելով իրավական համակարգի, այդ թվում` Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա` հենվելով իր եւ իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը»:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ` պարզելու համար, թե այս անգամ ինչ դիրքորոշում ունեն ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները` նախագահի առաջադրած թեկնածուի հետ կապված, որովհետեւ արդեն ՍԴ երկու թեկնածուներին դեմ են քվեարկել:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ

-Տիկի՛ն Սամսոնյան, ինչ դիրքորոշում ունեք նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի մասին, քանի որ, ըստ տեղեկությունների, ընդդիմությունը դեմ է, քանի որ հակասահմանադրական է համարում նրա թեկնածության առաջադրումը:

-Մենք «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ ենք հայտարարել մեր դիրքորոշումը: Այդ ժամանակ փորձ արվեց հանելու «նոր» բառը, սակայն մեր խմբակցությունը կանխել է դա, ու, հետեւաբար, եթե ներկայացնում են թեկնածու, ապա պետք է լինի նոր թեկնածու, քանի որ Վահե Գրիգորյանն արդեն մեկ անգամ առաջադրվել է, ու խորհրդարանն արդեն մեկ անգամ մերժել է:

-Այսինքն` հստակ է, որ Ձեր խմբակցությունը դե՞մ է քվեարկելու Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելիս:

-Առաջիկայում դեռ կերեւա, մենք խմբակցությունում դեռեւս չենք քննարկել նախագահի հայտարարությունը: Մի բան պարզ է, որ մենք այն դիրքորոշումը, որը հայտնել ենք, եթե ներկայացվում է, ապա պետք է լինի նոր թեկնածու, այդ դիրքորոշումից հետքայլ չի կարող լինել:

-Բայց, կարելի է ասել, Վահե Գրիգորյանն իշխանությունների համար ընդունելի թեկնածու է: Ըստ Ձեզ` կհաջողվի այդ հետքայլը չանել. գաղտնիք չէ, որ «Իմ քայլը» մեծամասնություն է խորհրդարանում:

-Ես չեմ կարող միաժամանակ պնդել, որ նա իշխանությունների նախընտրելի թեկնածուն է. դա միայն մենք կարող են ենթադրել այն հայտարարություններից տարբեր հարթակներում, որ արել են տարբեր մարդիկ, ովքեր այդ կարծիքը հայտնել են: Առաջիկայում կհասկանանք:

-Ըստ Ձեզ` ՀՀ նախագահը տեղյակ չէ՞, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելով` հակասահմանադրական քայլ է անում. ինչո՞ւ է նախագահը նման որոշում կայացրել:

-Ես նախագահի հայտարարությունից հասկացա, որ դա ուղղված էր իշխող ուժին, թե Վահե Գրիգորյանն է ձեր թեկնածուն, եւ ես ստիպված առաջադրում եմ, որովհետեւ իմ առաջադրած նախորդ երկու թեկնածուներին դուք արդեն մերժել եք: Նախագահի հայտարարությունից նախնական տպավորությունը դա եմ ստացել, ենթատեքստը այդպես հասկացա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

-Պարո՛ն Փամբուխչյան, ըստ ընդդիմության` ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանն իշխող ուժի նախընտրելի թեկնածուն է. որքանո՞վ է իրատեսական այդ տեղեկությունը:

-«Իմ քայլը» խմբակցությունում Վահե Գրիգորյանի առաջադրման հարցը դեռեւս չի քննարկվել: Սովորաբար թեկնածուները հանդիպումներ են ունենում խմբակցությունների հետ, որից հետո նոր լինում են քննարկումներ, որոշումները կայացվում են այդ ժամանակ: Վահե Գրիգորյանի հետ մենք դեռեւս չենք հանդիպել, ուստի չենք կարող որեւէ դիրքորոշում հայտնել:

-«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ Վահե Գրիգորյանի առաջադրումն արդեն հակասահմանադրական է, քանի որ մեկ անգամ արդեն խորհրդարանը մերժել է նրա թեկնածությունը:

-Եթե ասում են, դա դեռ չի նշանակում, որ դա այդպես է, մենք դեռ կհասկանանք. եթե հակասամանադրական լինի, բնական է, որ մենք հակասահմանադրական գործողություններ չենք անելու: Վահե Գրիգորյանին առաջադրել է նախագահը, ու Դուք մի ներկայացրեք այնպես, որ նա արդեն ընտրված է, դա այդպես չի: Մենք դեռեւս քննարկելու ենք, հանդիպելու ենք ու արդեն մեր հարցերը ներկայացնելու ենք, միանշանակ ասել մի բան, որը դեռեւս չկա, սխալ է: Ես անձամբ Վահե Գրիգորյանին չեմ ճանաչում, դիրքորոշում կհայտնեմ այն ժամանակ, երբ կհանդիպենք նրա հետ:

Հ.Գ. Երեկ Վահե Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով. «Եւ, հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական եւ խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության եւ հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եւ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի եւ նկրտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն»:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս