Հարկային օրենսգրքի մեծ փաթեթը՝ խորհրդարանում․ ինչ փոփոխություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում է լինելու նաեւ Հարկային օրենսգրքի փաթեթը։ Այս օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ աշխատանքները մեկնարկել էին վաղուց, սակայն ամբողջական փաթեթը խորհրդարան է ուղարկվել միայն ապրիլին, եւ որոշում կայացվեց արտահերթ նիստով քննարկել փաթեթը։

Հիմա նախագիծն ամբողջական պատրաստ է, եւ այդ նախագիծը հարկային ոլորտում լուրջ փոփոխություններ է ենթադրում։ Մասնավորապես, առաջարկվում է բանկերի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 7 հազարապատիկի չափով: Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 350-ապատիկի չափով: Նախատեսվում է առաջիկայում կես տոկոսով նվազեցնել տրամադրվող վարկերի տոկոսադրույքը:

Այս նախագծով փոփոխություններ կկատարվի նաեւ գրավատնային ոլորտում։ Շեշտվում է, որ շուրջ 15 տարի այս ոլորտում որեւէ փոփոխություն չի եղել։

Եվ, ըստ այդմ, առաջարկվում է գործող տարեկան բազային 60 հազար դրամ տուրքի փոխարեն սահմանել 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար տարեկան բազային տուրքը՝ 3 մլն դրամ: Ի դեպ, հիմնական անհամաձայնությունը եղել է հենց այս փոփոխությունների հետ կապված, քանի որ գրավատների եւ փոխանակման կետերի ներկայացուցիչները բազմաթիվ բողոքի ցույցեր են արել, լսումների, քննարկումների մասնակցել։ Եվ վերջնական նախագծում, ամեն դեպքում, բարձր տուրքերը մնացին։

Բացի այդ, նախագծերի փաթեթով առաջարկվում է որոշակիորեն բարձրացնել մի շարք ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը եւ գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների գծով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը:

Մյուս փոփոխությունը կապված է հարկման տարբեր համակարգերի կիրառության հետ, որը, ըստ նախագծի հեղինակների, սխալ է, եւ նրանք առաջարկում են հարկման միասնական համակարգ կիրառել։ Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան` 23, 28 եւ 36 տոկոս դրույքաչափեր:

Հարկային օրենսգրքում մանրամասն ներկայացված են փոփոխությունները եւ դրանք անելու պատճառները։ Օրինակ` փոփոխություններից մեկը վերաբերում է հանրային սննդի ոլորտի հարկման համակարգին։ 2019 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային հարկի համակարգից տեղափոխվել է շրջանառության հարկի համակարգ եւ զուգահեռաբար նախատեսվել է, որ, ինչպես 2019 թվականի հունվարի 1-ին, այնպես էլ 2020 թվականի հունվարի 1-ին գործունեության այս տեսակի մասով սահմանված հարկային բեռը պետք է բարձրանա:

Ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հետ հանդիպումների եւ քննարկումների արդյունքները նախագծի հեղինակներին ցույց են տվել, որ հարկային բեռի բարձրացումը կարող է խոչընդոտել ոլորտի զարգացմանը եւ նոր ձեռնարկատիրական նախագծերի իրականացմանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի` 2020 թվականի հունվարի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս, 2020 թվականի հունվարի 1-ից վերացնել ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերը եւ հաստատել նոր դրույքաչափեր` հիմնված արդյունավետ դրույքաչափերի հաշվարկային մեծությունների վրա, 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի եւ IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը։

Բացի այդ, 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն բարձրացվելու է խաղային ոլորտում եւ ֆինանսական ոլորտում գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը, 20 տոկոսով ավելանալու է խաղային ոլորտում գործունեության բոլոր տեսակների համար (վիճակախաղ, շահումով խաղ, ինտերնետ շահումով խաղ) անհրաժեշտ լիցենզիայի տրամադրման համար սահմանված պետական տուրքը եւ այլն։

Ինչպես հայտնի է, նախագծերի փաթեթը մշակել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, եւ հիմա, ըստ հեղինակների, ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավել տնտեսական աճի:

Հաշվի առնելով այս փաթեթի վերաբերյալ վերջին շրջանում թեժ քննարկումները, կարելի է ակնկալել, որ հունիսի 7-ից մեկնարկող արտահերթ նիստերը կրկին թեժ են անցնելու։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս