Armenian text to speach

Պատասխատավությունը կարող է լինել տարբեր` մինչեւ քրեական պատասխանատվություն. Արմեն Խաչատրյանը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությունը շաբաթներ առաջ հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Կառավարության նիստում հաստատված վարորդական բալային համակարգը մի քանի խնդիր է լուծելու՝ երթեւեկության անվտանգության բարձրացում, սոցիալական բեռի թեթեւացում»,- այս մասին ասել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Բալային համակարգը, իհարկե, մի շարք կարեւորագույն խնդիրներ կլուծի, բայց, ըստ էության, կան մի քանի հարցեր, որոնք վերահսկելի չեն: «Ժողովուրդ» օրաթերթը սրա հետ կապված մի քանի հարց է ուղղել Արմեն Խաչատրյանին:

-Պարո՛ն Խաչատրյան, եթե մեքենան պատկանում է իքս մարդու, նա չունի վարորդական իրավունք, եւ խախտման պահին մեքենայում եղել է այլ մարդ, ապա ումի՞ց է բալ պակասելու:

-Եթե անձը չունի վարորդական իրավունք, հետեւաբար նա չունի նաեւ միավորներ, եւ ինչ-որ մի բան նվազեցնելը հնարավոր չէ: Սակայն, իհարկե, այս փոփոխություններով նախատեսվել է նաեւ այս խնդրին վերաբերող կարգավորումներ, եւ հետեւյալ կերպ է արվում: Եթե տրանսպորտային միջոցը վարում է այլ անձ, որը սեփականատերը չէ, իհարկե, սկզբնական վարչական ակտերը գնում են սեփականատիրոջ հասցեով, բայց նա հնարավորություն է ունենալու նույնիսկ համացանցով իր տանը հեռախոսից տեղեկությունը ներկայացնել ՃՈ մեքենա վարող անձի վերաբերյալ, եւ վարչական ակտը արդեն փոխվում է վարողի անունով:

-Իսկ եթե սեփականատերը չասի ճիշտը, վերահսկողությունը այս մասով ինչպե՞ս է իրականացվելու:

-Սեփականատիրոջ միավորներն են պակասելու այդ դեպքում: Եթե մարդը համաձայն է` ինքը տուժի վարողի փոխարեն, ուրեմն ոչինչ չկա ասելու: Չեմ կարծում, որ դա խելամիտ է: Իսկ եթե սեփականատերը չունի վարորդական իրավունք, երեք վարչական ակտ եթե լինում է, տրանսպորտային միջոցի հետախուզում է հայտարարվում, եւ դրանից հետո պարզաբանվում է` վարորդն ով է, եւ այդտեղ վարորդը ստիպված է լինում դիմում ներկայացնել, որ ինքն է վարում: Իհարկե, կատարյալ, որ բոլոր հնարավորությունները սահմանափակվի, բացառվում է. ինչ օրենսդրական նախաձեռնություն էլ ուզում է լինի: Այսօր էլ դա կա, դա գործում է, կան հարուցված քրեական գործեր, որ քաղաքացիները այլ տեղեկություններ են հայտնել: Այս նախաձեռնությունից հետո դրա հավանականությունը հասցվում է մինիմումի: Կապված հետեւանքներից` պատասխատավությունը կարող է լինել տարբեր` մինչեւ քրեական պատասխանատվություն, եթե դա արվել է ինչ-որ չափի քրեական օրենսգրքով նախատեսված, պետությունը դրանով վնաս է կրել, կամ ինչ-որ հիմնարկներ վնաս են կրել, այստեղ արդեն քրեական պատասխանատվության մասին է խոսք գնալու: Եթե քրեական ոչինչ չկա, վարչական պատասխանատվություն է լինելու` պետական մարմնին կեղծ տեղեկություն հայտնելու համար:

Լուսինե Մինասյան




Լրահոս