Վերջին շրջանում համացանցում հաճախ հանդիպում ենք օնլայն մրցույթ-քվեարկությունների, որոնց մասնակցում են տարբեր մարզերի բազմաթիվ դպրոցներ: Մրցույթը հաղթահարած երեք դպրոցները ֆինանսավորվում են եւ այդ գումարով ձեռք բերում սմարթ գրատախտակներ, վերանորոգում դպրոցի դահլիճները: Մրցույթները կազմակերպվում են Varks.am կազամկերպության Բարի գործեր ծրագրի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրցույթի հետ կապված անխորժություններ են առաջացել Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում: Դպրոցի տնօրեն Լիլիա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մասնակցել են տվյալ մրցույթին, զբաղեցրել երկրորդ տեղը, հետո Varks.am-ից իրենց ասել են, որ մրցույթի արդյունքները չեղյալ է համարվում, սակայն չեն նշել` ինչ պատճառով, եւ չեն մանրամասնել` կոնկրետ ինչ խնդիր է եղել` դպրոցի հետ կապված:
«Մենք որոշեցինք մասնակցել մրցույթին, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր էր էլեկտրոնային գրատախտակ ունենալը: Մեր նախագիծը սմարթ դասարան ստեծելն էր: Եւ ամեն օր` ժամը առավոտյան 9-ից սկսած մինչեւ երեկոյան ժամը 10-ը, իմ դպրոցի երեխաները, ուսուցիչները, ծնողները, բարեկամները եւ հեռախոսահամարներ էին ուղարկում, որպեսզի մենք քվեարկենք: Գնացել ենք Տաշիր, Վանաձոր, Գյումրի ենք գնացել, փողոցում մոտենում էինք մարդկանց, խնդրում էինք քվեարկել: Ճանապարհածախս ենք տվել, հետո էնտեղ երեխաներին բնականաբար կերակրել ենք, այդքան ինտերնետ ենք ակտիվացրել:
Դպրոցի հեռախոսից այդ մի ամսվա մեջ միայն 90.000 դրամի խոսել են երեխաները, զանգել տարբեր մարդկանց, խնդրել, որ քվեարկեն: Էնպես չի, որ մենք տանը նստած հակերություն ենք արել, եւ դա հնարավոր էլ չէր: Ապրիլի 30-ին վերջին օրն էր, մենք էլի խմբեր էինք ուղարկել տարբեր քաղաքներ, որ խնդրեն մարդկանց քվեարկել: Ժամը 12-ին ավարտվեց քվեարկությունը, մենք տեսանք, որ երկրորդն ենք, տոնեցինք մեր հաղթանակը եւ սպասում էինք, որ մեզ հաղորդագրություն գա մանրամասների մասին: Մի քանի օր հետո իրենց ֆեյսբուքյան էջում հայտնվեց գրառում, որ քվեարկությունը խախտումներով է եղել, եւ հաղթող են ճանաչվում ամենաքիչ հավաքած երեք նախագծերը: Մենք զանգեցինք, գրեցինք` հարցնելով, թե որն է խախտումը, գոնե մեզ բացատրեք` ինչ ենք արել, եւ մեզ չարձագանքեցին: Ո՛չ ներողություն խնդրեցին, ո՛չ պատճառները ներկայացրին»,- պատմեց դպրոցի տնօրենը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ Varks.am կազամակերպությունից: «Բարի գործեր» ֆեյսբուքյան էջը մեզ ուղարկեց քվեարկության կանոնները եւ իրենց պաշտոնական հրապարակումը, որում նշված էր.
«Ցավալի է հերթական անգամ արձանագրել, որ անգամ բարեգործական նախագծին մասնակցելը որոշ անձանց հետ չի պահում զարտուղի ճանապարհներով գնալուց։
Ապրիլ ամսվա քվեարկության ողջ ընթացքում բազմաթիվ փորձեր են կատարվել օգտագործել «Բարի գործեր» նախագծի անունն ու համբավը, չարաշահել մարկանց վստահությունը՝ ապահովելով որոշ նախագծերի համար հաղթանակ։ Արդյունքում, բազմաթիվ անհատների կողմից ստացվել են բողոքներ, եւ տեղի է ունեցել քվեարկած ձայների մանրակրկիտ ուսումնասիրություն։ Բացահայտվել է, որ հերթական անգամ փորձ է կատարվել անձնական շահերը վեր դասել հասարակության շահերից՝ խաթարելով անաչառ քվեարկությունը, եւ խախտվել է մյուս մասնակիցների բարեխիղճ եւ արդար քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց,թե կոնկրետ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի մասով ինչ կեղծիքներ են տեղի ունեցել, պատասախնեցին. «Եւս մեկ անգամ նշում ենք, որ մենք արդեն հայտնել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը»։
Լուսինե Մինասյան