Բա ու՞ր մնաց ձեր այն դուխը, որով եկաք դաշտը մաքրելու. մշակութային ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը բացահայտումներ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forrights.am-ը օրերս գրեց այն մասին, որ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Էսթեր Աբրահամյանը տեւական ժամանակ է՝ հալածում եւ ճնշումների է ենթարկում նույն ՊՈԱԿ-ի փորձագետ Տաթեւիկ Համբարձումյանին։ Բանը հասել է նրան, որ Էսթեր Աբրահամյանը մուտք է գործել Տաթեւիկ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջ, կարդացել նրա նամակները եւ կարդալուց հետո` հաջորդ օրը, հրապարակային մի խումբ աշխատակիցների ներկայությամբ նրան վիրավորել է, աշխատակիցներին ցույց է տվել նամակագրության սքրինշոթերը եւ շանտաժի միջոցով ասել է, որ դիմում գրի եւ ազատվի աշխատանքից, հակառակ դեպքում սպառնացել է, որ նամակները կհանձնի իրավապահներին։

Տաթեւիկ Համբարձումյանն իր նամակագրությունը հրապարակելու վերաբերյալ դիմել է ոստիկանություն եւ սպասում է արձագանքի։ Էսթեր Աբրահամյանն իր հերթին պնդել է, որ ինքը որեւէ ճնշում չի գործադրել, այլ աշխատանքային օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում գործառույթներ է իրականացրել: Նշենք, որ կենտրոնի նախկին տնօրենը արվեստաբան Լիլիթ Սարգսյանն էր: Ուշագրավ է, որ արդեն մի քանի ամիս է՝ նա չի պաշտոնավարում, իսկ պատճառների մասին մինչ օրս լռել է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա խախտեց այդ լռությունը:

-Տիկի՛ն Սարգսյան, մեր տեղեկություններով՝ Դուք հեռացվել եք աշխատանքից, ճի՞շտ է: Կասե՞ք՝ ինչու:

-Այո, իրոք, ես արդեն երեք ամիս է, ինչ հեռացվել եմ աշխատանքից, եւ մշակութային հանրության կողմից այդ առթիվ բարձրացվելիք աղմուկը միտումնավոր զսպել եմ: Այժմ, երբ Տաթեւիկ Համբարձումյանի եւ Էսթեր Աբրահամյանի կոնֆլիկտը հանրայնացվեց, շատերի համար բացահայտվեց նաեւ իմ հեռացման փաստը, եւ ես նորից բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում այդ առթիվ:

Հայաստանյան մշակութային դաշտի շատ պատկառելի դերակատարներ են տարակուսում ու հիասթափվում իմ հեռացման կապակցությամբ՝ վկայակոչելով իմ նշանակումը Փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում՝ որպես մշակութային հեղափոխության խորհրդանիշ: Անհամեստության համար կներեք, բայց սրանք իմ խոսքերը չեն:

-Այսինքն` ամեն դեպքում, Դուք Ձեր դիմումի համաձայն չեք ազատվել աշխատանքից: Ի վերջո, կբացահայտե՞ք՝ ինչ է կատարվել ներսում:

-Ոչ, ես իմ դիմումի համաձայն չեմ հեռացել, ամեն ինչ արվեց օրենքով, սակայն իրականում իմ հանդեպ հալածանքներ են կազմակերպվել, որոնց մասին ես հանգամանալից կխոսեմ փոքր-ինչ ուշ: Իմ նպատակը ոչ թե սեփական կարիերան է, այլ իմ կատարած այն հսկայական չգնահատված ներդրման ու մշակութային ժառանգության պաշտպանության գաղափարը, հանուն որի հրավիրվել էի ղեկավարելու Փորձագիտական կենտրոնը:

Խոստանում եմ Ձեզ եւ հանրությանը մոտ ապագայում պատասխանել բոլոր հարցերին: Ամեն դեպքում, Ձեր հարցին կպատասխանեմ ֆեյսբուքում գրածս վերջին հրապարակմամբ. «Պաշտոնը կոմֆորտի գոտուց դուրս գալն է: Յուրաքանչյուր պաշտոնյայի աթոռին պետք է փուշ լինի»: Իմ փշերը շատ էին, սակայն ուժերիցս վեր եղավ հաղթանակի հասցնելու կոմֆորտի գոտում տասնամյակներով ճահճացած վիճակի դեմ իմ պայքարը:

-Ի՞նչ եք կարծում՝ Տաթեւիկ Համբարձումյանի հետ կապված իրավիճակը ե՞ւս այդ վիճակի արդյունքն է:

– Այո: Տաթեւիկ Համբարձումյանը նախկինում աշխատել է Փորձագիտական կենտրոնում եւ հեռացվել իր կամքին հակառակ, ես նրան վերադարձրեցի իր մասնագիտական ու մարդկային որակների համար եւ հանուն արդարության, սակայն չեմ ցանկանում որեւէ կերպ մեկնաբանել այդ երկու արվեստաբան կանանց միջեւ տեղի ունեցածը, թեպետ դա ինձ համար բնավ նորություն չէ:

Ընդամենը կասեմ, որ Փորձագիտական կենտրոնում տեղի ունեցած այս հերթական միջադեպն այն ամենն է, ինչ պետք է իմանալ այդ «մշակութային» հիմնարկում տիրող բարքերի մասին: Այնտեղ սկզբունքային, առաջադեմ, պարզ ու թափանցիկ, ինքնուրույն մտածողություն ունեցող մարդիկ երկար չեն դիմանում: Նրանց հոշոտում են այնպես, ինչպես վարվեցին սկզբից տեղակալիս, հետո էլ իմ, հետո իմ կողմից հրավիրված հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նարինե Գիժլարյանի հետ:

Իմ բերած կադրերի տեսուչը իմ ազատվելուց հետո իր կամքով հեռացավ: Այն աշխատակիցները, ում բարոյականությունը դեռ չի խամրել ու հավատարիմ են մնացել ինձ, բոյկոտի են ենթարկվում մյուսների կողմից: Հիմա էլ հերթը հասել է Տաթեւին: Իսկ այդ ամենի պատճառը մարդկային արատներից ամենացածրը՝ վախն է:

Հնազանդ խամաճիկների հետ գործ ունենալը ձեռնտու է վերադասներին: Եվ ամենացավալին ու վտանգավորն այն է, որ այս կոլեկտիվը կանգնած է երկրի համար կարեւորագույն ոլորտի՝ մշակութային ժառանգության պաշտպանության եւ պահպանության առանցքում: Կուզեի միայն հարց տալ լիազորված պետական մարմնի նոր, հեղափոխական ղեկավարությանը. բա ու՞ր մնաց ձեր այն դուխը, որով եկաք` դաշտը մաքրելու…

Աննա Բաբաջանյան




Լրահոս