Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերն այս տարի ավարտել է դպրոցն ու պատրաստվում է ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժին: Նա միեւնույն ժամանակ մտադիր է զբաղվել իր նախասիրությամբ՝ դիզայնով: Սոֆին «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է ապագայի պլանների, մասնագիտության ընտրության հարցում տատիկի՝ պարուհի Սոֆի Դեւոյանի ազդեցության եւ այլ թեմաների մասին:
-Սոֆի՛, Ձեզ ո՞ր ժանրում եք պատկերացնում որպես պարուհի, եւ որքանո՞վ է պարտավորեցնող պարարվեստի ասպարեզում նման մեծ ավանդի տեր տատիկ ունենալը:
-Մեր պարի ստուդիայում ամեն ժանրի մեջ էլ մեզ փորձում ենք, ես իմ ապագան էլ այդպես եմ պատկերացնում՝ տարբեր ժանրերում: Քանի որ, ճիշտ նկատեցիք, ես իմ առջեւ ունեմ նման մեծ եւ հաջող օրինակ, ամեն ինչ անելու եմ նրա պատիվը բարձր պահելու եւ կատարելագործվելու համար:
-Տատիկը լավ գիտի, թե որքան շատ դժվարությունների են բախվում պարուհիները, Ձեզ չի՞ փորձել հետ պահել այդ ոլորտից:
-Ո՛չ: Նա ինձ էլ է պատմել, թե ինչ խոչընդոտների է հանդիպել իր երկարամյա կարիերայի ընթացքում, թե ինչպես են նախանձողները կանգնել նրա ճանապարհին, եւ հակառակը՝ բարի մարդիկ ուժ տվել նրան: Այդքանով հանդերձ նա շատ ուրախ է, որ ընտրել եմ հենց այս ասպարեզը, քանի որ իր գործն էլ շարունակող կլինի: Տատիկս միայն խրախուսում է ինձ, փորձում է ամեն ինչ անել, որ ես ավելիին ձգտեմ եւ հասնեմ:
-Ձեր ազգանունը Պողոսյան է, ինչո՞ւ եք ներկայանում որպես Սոֆի Դեւոյան, սա զուտ բեմական ազգանուն է, թե՞ փոխել եք:
-Սա ինձ ամենահաճախ տրվող հարցերից է (ծիծաղում է): Վաղ հասակից նկարահանվել եմ ֆիլմերում եւ սերիալներում, այնպես է ստացվել, որ տիտրերում ինձ ներկայացրել են որպես Սոֆի Դեւոյան կրտսեր, որպեսզի հեռուստադիտողն իմանա, թե ես ով եմ: Հետո, երբ տատիկի հետ հանդես եմ եկել մեկ բեմում, էլի ինձ այդպես են ներկայացրել: Իսկ, առհասարակ, ինձ Սոֆի Դեւոյան կնքելը եղել է մայրիկիս գաղափարը. դա նրա անակնկալն էր՝ տատիկիս: Այսինքն՝ Սոֆի Դեւոյան կրտսերը դարձավ իմ բեմական ամբողջական անունը, բայց ազգանունս չեմ փոխել:
-Ի դեպ, ֆիլմերից, սերիալներից նոր առաջարկներ ունե՞ք:
-Նոր եմ ավարտել նկարահանվել «Մոր խոստումը» սերիալում: Հիմա ժամանակս քիչ է, գրաֆիկս՝ սուղ: Բայց եթե առաջարկվի մարմնավորել մի կերպար, որը հոգեհարազատ կլինի ինձ, չեմ մերժի:
-Մի փոքր էլ դիզայներությունից խոսենք: Ինչպե՞ս առաջացավ սերը դեպի դիզայնը, եւ ինչ հեռահար նպատակներ ունեք այս ոլորտի հետ կապված:
-Երբ դեռ փոքր էի, պլաստմասե շշեր էի հավաքում, կտորով ծածկում էի՝ պատկերացնելով, թե դա կնոջ մարմին է, հետաքրքիր գործեր էի ստանում: Բայց երբեք չէի պատկերացնի, որ մեծանալով դա ինձ ավելի ու ավելի դուր կգա: Երեւի մայրիկիս ազդեցությունն էլ կա, նա ասաց. «Արի փորձենք, ինչու՞ ոչ»: Ես հաճախել եմ Լիլիթ Մարգարյանի ստուդիա, որտեղ մենք մոդելավորում ենք անցել: Նրա մոտ ինձ հաջողվել է մտքերս կյանքի կոչել: Կարծում եմ՝ եթե շարունակեմ այս բնագավառում գործել, ավելի հետաքրքիր գաղափարներ կիրականացնեմ:
-Գուցե պարային հագուստնե՞ր էլ մոդելավորեք…
-Հիմա էլ, երբ տատիկի հետ պարային նոր հագուստ ենք ուզում ընտրել, նստում, քննարկում ենք, որոշում ենք դրա ձեւը: Նա անպայման հաշվի է առնում իմ կարծիքը: Մի բան ինքն է ասում, մի բան՝ ես, այդպիսով՝ ընդհանուր հայտարարի ենք գալիս:
-Եվ վերջում՝ ինձ հետաքրքիր է՝ Ձեր տանը մեծերից ո՞վ է ավելի խիստ:
-Գիտե՞ք՝ «խիստ» բառն ընդհանրապես հոգեհարազատ չէ ինձ: Մեր տան բոլոր անդամները զայրանում են ինձ վրա միայն մեկ բանի համար՝ որ վատ եւ անկանոն եմ սնվում: Այլ առիթներ չեն լինում: Արվեստագետների ընտանիքում ծնվելով՝ միայն շահել եմ: Հայրս, թեպետ արվեստի ներկայացուցիչ չէ, բայց տնօրինում է մեր պարի դպրոցները, ուզի թե ոչ՝ առնչվում է արվեստի գործերին: Ես շատ ուրախ եմ, որ իմ ընտանիքի անդամները միշտ խրախուսում են իրար եւ այնպես են անում, որ բոլորս մեզ լավ զգանք:
Աննա Բաբաջանյան